Մեր երկիրը դարձրել էին օտար պետությունների հատուկ ծառայությունների մի ֆայլաբազար. Ռուբեն Մեհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ Ռուբեն Մեհրաբյանը

– Ռուսական «Դոսիե» կենտրոնը զեկույց է հրապարակել, որից երևում է, որ Կրեմլը գործակալներ ունի Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում: Այնտեղ նշվում են նաև անուններ: Ընդհանրապես, այդտեղ բացահայտում կա՞ր, թե՞ հրապարակվածն այնքան էլ գաղտնիք չէր:

– Ես կարծում եմ, որ սա մի քիչ հնացած ցուցակ է, երկրորդ՝ գլխավոր դերակատարները նշված չեն: Այդ իմաստով ասել, որ հայ հասարակությունը ցնցվեց այդ նորությունից կամ դա ընկալեց որպես սենսացիա, այդպես չէ: 

– Երբ արդեն նման փաստեր են հրապարակվում, դրան չպե՞տք է հետևեն իրավական ինչ-որ գործողություններ:

– Իհարկե պետք է լինեն իրավական քայլեր: Այդ առումով ես բավարարված եմ ԱԱԾ տնօրենի այսօրվա հայտարարությունից, որ այս հրապարակումը դիտարկում է որպես հայտարարություն քրեական հանցագործության մասին, և դրան տրվելու է իրավաքրեական գնահատական: Այնպես որ, ես ակնկալում եմ, որ դրա հետ կապված գործընթացը իր հրապարակային վերջաբանը, այնուամենայնիվ, կունենա: 

– Այդ զեկույցում անուններ կային՝ Հայկ Բաբուխանյան, Գագիկ Ծառուկյան: Մասնավորապես, մանրամասն նշված է, թե Ծառուկյանը երբ է եղել Մոսկվայում, «Եդինայա Ռոսիայի» հետ ինչ ծրագիր է իրականացրել: Այս մասով և՞ս անակնկալներ չկան:

– Այս մասով հայտնի էր «Բարգավաճ Հայաստանի» կապերի մասին: Այդտեղ զարմանալի ոչինչ չկար:

– Պարո՛ն Մեհրաբյան, ձեր կարծիքով՝ ովքե՞ր են մեղավոր, որ անկախությունից 29 տարի անց Հայաստանում այդպիսի գործակալական ցանցեր են գործել ու գործում:

– Մեղավորը, մեծ հաշվով, այն մարդիկ են, որոնք իրենց իշխանություն էին համարում և մեր երկիրը դարձրել էին, այսպես ասած, օտար պետությունների հատուկ ծառայությունների մի ֆայլաբազար: Այդ ժառանգությունը մինչ օրս մնում է: 

– Իսկ ինչպե՞ս ազատագրվել դրանից:

– Պետություն դառնալով և պետական ինստիտուտների կողմից իրենց ֆունկցիոնալ պարտականությունների կատարմամբ, որովհետև առկա և՛ օրենսդրությունը, և՛ հնարավորությունը թույլ են տալիս, որ ՀՀ քաղաքական դաշտում այլ պետությունների քաղաքական շահերը սպասարկողները տեղ չունենան: 

– Իսկ այդ տարրերը ի՞նչ կարող են փոխել մեր իրականության մեջ, նրանք իրենցից վտանգ ներկայացնո՞ւմ են:

– Ի դժբախտություն իրենց՝ նրանք ոչինչ էլ չեն կարող անել, սակայն կարող են օդը կեղտոտել, միջավայրն ապականել, բայց պատմության ընթացքը փոխել չեն կարող: Իրողությունը դա է:

– Վանեցյան, Ծառուկյան՝ նրանք բոլորն այդ նույն գծի մե՞ջ են:

– Անգամ հետաքրքիր չէ՝ գիծը նո՞ւյնն է, թե՞ ոչ, բայց փաստն այն է, որ այդ մարդիկ Հայաստանի իրական քաղաքական օրակարգի հետ կապ չունեն, ՀՀ շահերի հետ որևէ առնչություն չունեն և, որ ամենակարևորն է, որևէ քաղաքական բովանդակություն չունեն:

– Ինչո՞ւ հիմա հրապարակվեց այդ դոսիեն, ինչո՞վ էր կարևոր դրա հրապարակումն այսօր:

– Չեմ կարող ասել, թե ինչո՛ւ հենց հիմա, ավելի հակված եմ նրան, որ ուղղակի հիմա է հրապարակողների ձեռքն ընկել այս փաստաթուղթը:

Մանե Հարությունյան

MediaLab.am