«Պետք է Ադրբեջանին ցույց տանք, որ չի կարող երբևիցե Արցախի հարցը փորձել լուծել նման ձևով՝ անգամ Թուրքիայի, վարձկանների, ահաբեկիչների աջակցությամբ». պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, դուք հետևում եք հենց Ադրբեջանում կատարվող իրադարձություններին, ի՞նչ նորություններ կարող եք հայտնել, ի՞նչ վիճակ է այդ երկրում:

– Ադրբեջանում տեղեկատվական բլոկադա է, և իրականում շատ դժվար է հասկանալ, թե ինչպիսին են այդ երկրում տրամադրությունները: Բայց դրանց վերաբերյալ կարող ենք կարծիք կազմել՝ ելնելով որոշ ակտիվիստների գրառումներից, Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի ելույթներից: 

Մասնավորապես, կարող եմ նշել, որ Ադրբեջանի սոցցանցային տիրույթում երեկվանից իրական հիստերիա էր Սիրիայի և Լիբանանի ահաբեկիչների վերաբերյալ տեղեկությունների ու դրան հաջորդած Ռուսաստանի ԱԳՆ-ի արձագանքի, ինչպես նաև՝ ընդհանուր առմամբ միջազգային մամուլի հրապարակումների հետ կապված: 

Ավելին ասեմ՝ գրառման հանդիպեցի, որի հեղինակը, դիմելով Ադրբեջանի արտգործնախարարությանը, գրել էր. 

«էդ լրագրողները, որ հավատարմագրվելու համար ձեզ դիմում են, ժամանակին հավատարմագրեք ու ասեք՝ եկեք էդ սիրիացի ախմախներին գտեք: Եթե չգտնեն, խայտառակ արեք նրանց»: Նման ձևակերպումները ցույց են տալիս, թե ինչ քաոսային իրավիճակ է Ադրբեջանում: Ե՛վ ռազմի դաշտում, և՛ դիվանագիտական դաշտում այդ երկիրը խայտառակ է լինում՝ որպես ահաբեկչական երկիր ներկայանալով աշխարհին: 

Ինչ վերաբերում է այդ երկրում ստեղծված վիճակին, եթե բոլորը՝ և՛ ընդդիմադիրները, և՛ իշխանական թևը սկզբնական շրջանում ամբողջությամբ աջակցում էին պատերազմին, բայց հիմա կարծես այդպես չէ, քանի որ Ալիևի հայտարարությունները դառնում են ավելի անկազմակերպ, ինչն էլ հարցեր է առաջացնում: Մասնավորապես, նա իր ելույթներում հստակ արձանագրում էր, որ իրենք են ագրեսիան սկսել, քանի որ բանակցություններով չստացան այն, ինչ ուզում էին, միևնույն ժամանակ նշում է, որ իրենք ունեն բազմաթիվ զոհեր, բայց պարտադրված են գնալ զոհողությունների: Սակայն զոհերի պաշտոնական թիվ մինչ օրս չի հայտարարվել: Այս ամենը խոսում է այդ երկրում տիրող անկազմակերպվածության մասին: 

Երեկ էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարի խոսնակը երկար ժամանակ լրագրողների ճեպազրույցում չէր կարողանում ուշքի գալ ու պատասխանել հարցերին, շոկային վիճակում էր: Նման անելանելի վիճակում էր հայտնվել նաև Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու մասին հայտարարություն արած խոսնակը: Հատկանշական է, որ տավուշյան դեպքերի ժամանակ ատոմակայանի ռմբակոծման մասին հայտարարությունը և այժմ սիրիացի ահաբեկիչների ու վարձկանների ներգրավվածությունը ամբողջությամբ դիրքավորում են Ադրբեջանին որպես ահաբեկչական երկրի:

– Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի պաշտոնանկության մասին լուրեր տարածվեցին, և նաև գրվեց, որ ԳՇ պետ Ն. Սադիկովը արդեն պաշտոնանկ է արվել թուրք զինվորականների խորհրդականների պահանջով: Ի՞նչ տեղեկություններ կան այդ մասին:

– Անկեղծ ասած, այո՛, պտտվում են նման լուրեր, բայց ես լրացուցիչ տեղեկություն այդ մասին չեմ տեսել: Պետք է ասել, որ նրանք շատ արագորեն փորձում են տեղեկատվական բլոկադա ստեղծել, եթե ինչ-որ տեղից նման լուրեր են ի հայտ գալիս: Օրինակ՝ օրեր առաջ մի ակտիվիստ, որը դեմ էր արտահայտվել պատերազմին, կանչվել էր ԱԱԾ: Այսինքն՝ շատ արագ փորձում են նման տեղեկություն տարածող մարդկանց արագ լիկվիդացնել: 

– Հուլիսյան դեպքերի ժամանակ մենք տեսանք, որ այդ երկրում շատ արագ ժողովրդի մի հատված ոտքի կանգնեց, ցույց արեց, պատերազմ էր պահանջում և այլն: Հիմա նման ակցիաներ, տրամադրություններ չկա՞ն:

– Ընդհանուր առմամբ փորձում են քարոզչադաշտում հենց այդպես էլ ներկայացնել: Նույնիսկ, եթե չեմ սխալվում, երեկ պաշտպանության նախարարությունը դիմել էր ռեզերվում գտնվողներին: 

Այսինքն՝ փորձում են այդ ընդհանուր մոբիլիզացիայի էֆեկտը ստանալ, բայց մի բան կարող եմ ասել՝ նրանք չեն ներկայացնում հանրությանը, թե ինչ վիճակ է իրականում: 

Ադրբեջանի ժողովուրդը կարող է սկզբնական շրջանում աջակցել պատերազմի գաղափարը, բայց երբ արդեն այդ երկիրը սկսում է համարվել ահաբեկչությանն աջակցող երկիր, և նաև սկսում են հասկանալ ռազմաճակատում անհաջողությունների մասին, արդեն աշխուժություն չեն դրսևորում: 

– Ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս կարող է այս ամենն ավարտվել:

– Մի բան ենք ստանալու՝ մեր հաղթանակը՝ բոլոր առումներով ու բոլոր ճակատներում: Պետք է վերջնականապես կամ գոնե այս փուլում Ադրբեջանին ցույց տանք, որ ինքը չի կարող երբևիցե փորձել լուծել Արցախի հարցը նման ձևով՝ անգամ Թուրքիայի, վարձկանների կամ ահաբեկիչների աջակցությամբ: Այս գործելաոճը անդունդն է գլորելու Ադրբեջանին:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am