Թեև Հայաստանում սելեկտիվ աբորտների շուրջ ստեղծված մտահոգիչ իրավիճակը մեղմելու համար կառավարությունը փորձում է իրավիճակը վերահսկողության տակ առնել` օրենսդրական փոփոխությունների միջոցով արգելելով տեղեկություններ տրամադրել պտղի սեռի վերաբերյալ առնվազն մինչև 22 շաբաթական հղիությունը, այնուամենայնիվ շատերը թերահավատ են, թե դա մեծ հաշվով ինչ-որ բան կփոխի:
Չնայած ոչ մեկի համար էլ գաղտնիք չէր երկրում ընտրովի աբորտների առկայությունը, այնուամենայնիվ, 2011-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնած հետազոտությունն ավելի ակնառու ցույց տվեց, որ հայաստանյան ընտանիքների մի մասն աբորտի միջոցով թույլ չի տալիս աղջիկ երեխաներին լույս աշխարհ գալու՝ նախընտրելով տղա երեխա ունենալ:
Այս ամենի հետևանքով 1990-ականներից ի վեր Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը՝ 100 աղջկա դիմաց կազմելով 114 տղա (2012) այն դեպքում, երբ նորմայի դեպքում պետք է 102-106 լիներ:
«Իրականացված հետազոտությունը հաստատեց, որ նորածինների սեռերի շեղված հարաբերակցությունը նախածննդյան փուլում երեխայի սեռի ընտրության հետևանք է,-նշված է «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում» ուսումնասիրության մեջ, և այն ցույց տվեց, որ Հայաստանը տարեկան կորցնում է շուրջ 1400 աղջիկ, ինչը մեծ հարված է Հայաստանի` առանց այն էլ ծանր վիճակում գտնվող ժողովրդագրական իրադրությանը»:
«Մեդիալաբի» ծաղրանկարիչ Վահե Ներսեսյանի անիմացիոն հոլովակը մի ակնթարթ է, որը ներկայացնում է ստեղծված իրավիճակի պատկերը: Անիմատոր` Նաիրա Մուրադյան:
© Medialab.am