Երեւանի Հարավ-Արեւմտյան թաղամասի բնակչուհի Անուշ Նազարյանը շատ լավ է հիշում տարիներ առաջ հարեւան բակում կատարված ողբերգական դեպքը, երբ երիտասարդ կինը իրեն նետեց բարձրահարկի 10-րդ հարկից, քանի որ խաղամոլ ամուսինը տանուլ տալով ամեն ինչ` խաղասեղանին էր դրել կնոջ մարմինը:
«Ամբողջ թաղամասը ցնցված էր, սակայն, ոչ մեկս չէր մտածում, որ մոլախաղ ասածը օրերից մի օր մեզ էլ կհասնի, կմտնի մեր տները-«Մեդիալաբին» ասում է Նազարյանը,-ամենամոտ ընկերուհուս ընտանիքը մեկ տարի առաջ ստիպված հեռացավ Հայաստանից, քանի որ եղբայրը խաղացել ու կրվել էր ամեն ինչ`տուն-տեղ, եւ մեծ պարտքերի պատճառով ինքնասպանության փորձ արել: Ոչ մեկը չէր կարողանում մղձավանջի վերջը դնել»:
Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը, ով մոլախաղերով տարված անձանց հետ աշխատելու երկարամյա փորձ ունի, նշում է, որ վերջին տարիներին խաղամոլների թիվն առնվազն տասնապատկվել է:
«Խաղում են բոլոր խավերի, տարիքի, զբաղմունքի տեր մարդիկ,-«Մեդիալաբին» ասում է Խուդոյանը,-վերջին հինգ տարիներին մոլախաղերով տարվողների թիվը տասնապատկվել է: Պատճառները տարբեր են. ստրեսային իրավիճակներ, սպասումներ, հիասթափություններ»:
«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է սահմանափակել խաղատներ կատարվող այցելություններն, ըստ նախաձեռնության անդամ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ստեղծված իրավիճակում կարող է եղանակ փոխել: (Նախագիծը ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Ալեքսանդր Արզումանյանը):
Մարուքյանը նշում է, որ օրենքում լրացումներ կատարելու միտքն առաջացել է իրական խնդրի հիման վրա, երբ բազմաթիվ ընտանիքներ դիմել են իրենց` օգնություն խնդրելով:
«Մեզ դիմել են բազմաթիվ ընտանիքներ, ովքեր մոլախաղերի հետեւանքով դժբախտության մեջ են հայտնվել եւ մենք էլ համադրելով միջազգային փորձը` աշխատել ենք եւ ներկայացրել լրացումներ, որոնք իրապես կարող են շատ ընտանիքների համար փրկություն դառնալ»,-«Մեդիալաբին» ասում է Մարուքյանը:
Եթե Խորհրդային Հայաստանում խաղատներ ու խաղասրահներ չկային եւ խաղամոլներն իրենց կրքին հագուրդ էին տալիս ընդհատակյա վայրերում`ղումար խաղալով, ապա Հայաստանի անկախացումից հետո, վառվռուն լույսերով եւ ցուցանակներով խաղատներն ու խաղասրահները ավելի լայն հնարավորություններ բացեցին:
Թեեւ օրենքի համաձայն մայրաքաղաքի կենտրոնում տեղակայված խաղասրահներն ու խաղատները 2003 թվականին քաղաքից դուրս տեղափոխվեցին, իսկ այս տարվա հունվարի 1-ից ավելի մեծ սահմանափակումների շնորհիվ, այդ կառույցների մեծ մասը 40 միլիարդ դրամից (մոտ 100 միլիոն դոլար) ավելի ներդրումային ծրագիր չունենալու դեպքում էլ ավելի հեռու` Սեւան, Ծաղկաձոր եւ Ջերմուկ կտեղափոխվեն, այնուամենայնիվ, ըստ մասնագետների, տարբեր պատճառներով պայմանավորված, մոլախաղերով տարվողների թիվը շարունակում է աճել:
«Եթե շատ երկրներում խաղատուն գնալը զվարճանք է, ապա Հայաստանում եւ երեւի թե Կովկասում ազարտի, խաղամոլության հետ է կապվում եւ հասարակության կողմից միանշանակ չի ընդունվում: Շատերը կուզենային կարողանալ վերահսկել իրենց, դրա վառ վկայությունը մեր մուտքի մոտ ամեն օր սպառվող հոգեբանի մեծ թվով այցեքարտերն են,-«Մեդիալաբին» ասում է Երեւանին մոտ գտնվող մեծ խաղատներից մեկի աշխատակիցը, ով ցանկացավ անանուն մնալ,-Օրենքի առկայության դեպքում մարդիկ ավելի պաշտպանված կլինեն»:
Էդմոն Մարուքյանը եւս հույս ունի, որ առաջիկայում սպասվելիք ԱԺ լսումներով հնարավոր կլինի լրացումները կյանքի կոչել: Նա նշում է, որ դա հնարավորություն կտա գործող մեխանիզմներ ունենալ:
«Նախ պետք է ունենալ մեխանիզմ: Այսօրվա գոծող օրենքով մինչև 21 տարեկան անձինք իրավունք չունեն մուտք գործել խաղասրահ, բայց չունենք մեխանիզմ, որ անձնագիր ստուգեն, ճշտեն,-նշում է Մարուքյանը,- Իսկ լրացումներով մենք առաջարկում ենք այդ մեխանիզմները: Այլ կերպ օրենքն ինչպե՞ս կարող գործել: Պետք է այդ բացերը փակել»:
Օրենքի լրացումներով առաջարկվում է նաև վերահսկողության մի շարք այլ մեխանիզմներ: Օրինակ, քաղաքացին, ով չի կարողանում իրեն զսպել, կարող է իր`խաղատներ այցելությունները սահմանափակելու մասին դիմում ներկայացնել` նշելով որոշակի ժամկետ (6 ամսից մինչև 3 տարի): Դիմումը եռօրյա ժամկետում պիտի տարածվի բոլոր խաղատներում` արգելելով դիմումատուի մուտքը տվյալ հաստատություններ: Այս մեխանիզմը կարող է աշխատել նաեւ այն դեպքում, երբ հարզատները կարողանան համոզել մոլախաղերով տարված մարդուն նմանատիպ դիմում ստորագրել:
«Նշված կարգը կիրառվել է բազմաթիվ առաջադեմ երկրներում` ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Սինգապուր, Էստոնիա և այլն և տվել իր բացառապես դրական արդյունքները»,-նշում է Մարուքյանը:
Նա նշում է, որ օրենքի մյուս լրացմամբ ընտանիքին նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու` խաղատներ կատարվող այցելությունները սահմանափալեկու կարգ կսահմանվի, որի համաձայն ըստ օրենքի` դատարանի վճռով կսահմանափակվի նրա մուտքը խաղատներ:
«Նման պրակտիկա կա, եւ Հայաստանում եւս կաշխատի, մարդիկ գնում են խաղատներ, խաղասրահներ, քանի որ պատկերացումներն այն է, որ գոյություն ունի բախտ, որ կարող է բերել եւ կարող է խաղալով հարստանալ»,-ասում է Սամվել Խուդոյանը` հույս հայտնելով, որ սահմնափակումների գործելու դեպքում իրավիճակ կփոխվի:
Սակայն այս կարծիքը չի կիսում հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա նշում է, որ արգելափակումն ու սահմանափակումները կբերեն նրան, որ մարդիկ փողոցում նարդի խախալու փոխարեն կսկսեն ղումար խաղալ եւ ամեն ինչ կտեղափոխվի ստվերային դաշտ:
«Լոտոներով էլ մարդիկ ուզում են մի տոմս գնել եւ միանգամից հարստանալ, պատահական չի, որ մեծ թվով լոտոները ի հայտ եկան սոցիալական վատ տարիներին: Մարդիկ ուզում են միանգամից հարստանալ, սակայն այդ ամենը օրենքով հսկել չի հաջողվի-«Մեդիալաբին» ասում է Ադիբեկյանը,-մոլախաղի դեպքում ընտանիքը մեծ գործ ունի անելու: Ասում են չէ, ճակատագրի հետ ղուշ ու գիր մի խաղա, մեկա պատրվելու ես»:
Սակայն նրան հակադարձում է Էդմոն Մարուքյանը:
«Օրենքն ընդունվելու դեպքում` կգործի,-ասում է նա,- Եթե 10 ընտանիք էլ պաշտպանվի դրա շնորհիվ, էլի արդյունք է»:
Մարի Ներսեսյան
© Medialab.am