«Մարտի 1»-ի գործը 5-6 տարուց կարճ չի տևի, և այդ գործով մեղադրական դատավճիռ չի կայացվի. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ սահմանադրական կարգի տապալման (Ռոբերտ Քոչարյանի և մյուսներ) գործով պաշտպանական կողմը միտումնավոր ձգձգում է դատավորությունը, որպեսզի այն չմտնի դատաքննության փուլ, և շատ հանգամանքներ հանրության համար պարզ չդառնան:

«Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ, ու պիտի արձանագրեմ, որ «Մարտի 1»-ի գործը, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է: 

Շատերը հարց են տալիս, թե ինչպե՛ս կարելի է բացահայտված համարել «Մարտի 1»-ի գործը, երբ սպանությունները բացահայտված չեն: Իմ կարծիքն ու անձնական գնահատականն այն է, որ, ճիշտ է՝ կրակողները բացահայտված չեն, բայց սպանություններն ու այն ֆոնը, որում դրանք տեղի են ունեցել, բացահայտված են: 

Դա, կարծում եմ՝ հանրությանն ակնհայտ կերևա գործի դատաքննության ընթացքում: Այս հանգամանքները պատշաճ իրավական գործընթացի շրջանակներում պետք է քննվեն դատարանի կողմից: 

Այս համոզմունքն է պատճառը, որ բոլոր հնարավոր և անհնար միջոցները «Մարտի 1»-ի գործով մեղադրվող անձանց պաշտպանական թիմի կողմից գործադրվում են, որ դատավարությունն անընդհատ ձգձգվի»,- հայտարարել էր Փաշինյանը: 

Այսօր էլ այս գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց՝ այս անգամ մեղադրյալներից Արմեն Գևորգյանի բացակայության հիմքով:

Բացի վարչապետից, այս գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբանները ևս բազմիցս մեղադրել են պաշտպանական կողմին՝ դատական նիստերը ձգձգելու և թույլ չտալու, որ դատաքննության փուլը մոտենա:

Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը անընդունելի է համարում նման մեղադրանքները: Դատական նիստերը սովորաբար հետաձգվում են այս կամ այն մեղադրյալի բացակայության կամ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունների քննության պատճառով:

«Դե, բնականաբար, միջնորդություններ են, որոնք պետք է ներկայացնել, դա մեր գործն է, և որևէ մեկի կարծիքով պայմանավորված չենք պատրաստվում մեր աշխատանքից հրաժարվել: Մեր պաշտպանյալի շահերի պաշտպանությունը դա է ենթադրում»,-«Մեդիալաբին» ասաց փաստաբան Խուդոյանը:

Հարցին, թե արդյոք պաշտպանական կողմն ունի՞ դատական նիստերը արհեստականորեն ձգձգելու մարտավարություն, ինչպես մեղադրում են տուժող կողմի ներկայացուցիչները, Խուդոյանը պատասխանում է կարճ. «Իհարկե մենք նման մարտավարություն չունենք»: 

Վարչապետի հայտարարությունը, թե «Մարտի 1»-ի գործը բացահայտված է, Խուդոյանը ճնշում է համարում դատարանի վրա, որն «առաջին անգամը չէ»:

«Դատարանի վրա այս գործով նման ճնշումները առաջին անգամը չէ: Այնպես չէ, որ նման հայտարարությունները մեզ համար նորություն էին. նրա բոլոր գործողությունները դրան են տարել: Բայց ավելի շատ նրա թիրախը դատարանը չէր, այլ հրապարակում հավաքված ժողովուրդը: Բոլոր նուրբ թեմաներն ընդգրկվել էին մի ելույթի մեջ՝ մարդկանց էմոցիաների վրա ազդելու համար»,- ասում է Խուդոյանը:

Ինչ վերաբերում է «Մարտի 1»-ի գործը բացահայտված լինելու մասին վարչապետի հայտարարությանը, փաստաբանը արձագանքում է. 

«Սուտ է: Ինչ էլ կա, որ բացահայտված է ֆոնային առումով, դա այն է, որ ինքը (Նիկոլ Փաշինյանը – հեղ.) դատապարտվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Ի վերջո, այդ անկարգությունների հետևանքով են մարդիկ մահացել: Նա նաև ինքնախոստովանական ելույթ էր ունենում»:

Փաստաբանը պնդում է, որ այս գործի ելքը կարող է երկու տարբերակ ունենալ՝ կա՛մ քրեական գործը կարճվում է շատ ավելի վաղ, կա՛մ դատաքննությունը երկարում է: 

«Գործի ամբողջական քննությունը, մեր գնահատմամբ, 5-6 տարուց կարճ չի տևի՝ հաշվի առնելով դրա ծավալը, բարդությունը: Սովորաբար այն քրեական գործերը, որոնցով 20-30 վկա է լինում, դրանց քննությունը 2-3 տարի տևում է, իսկ այս գործով 800-ից ավելի վկաներ կան»,- նշում է Քոչարյանի պաշտպանը:

Հարցին, թե այդ առումով ի՞նչ տրամադրվածություն ունի Ռոբերտ Քոչարյանը, Խուդոյանը պատասխանում է. «Ինչքան գործը տևեց, բնականաբար, որպես դատավարական պարտականություն, մասնակցելու է գործի քննությանը: Հստակ կարող եմ ասել, որ այս գործով մեղադրական դատավճիռ չի կարող լինել՝ կա՛մ վաղ փուլում գործը կկարճվի, կա՛մ կկայացվի արդարացման դատավճիռ»: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am