Օգոստոսի 9-ին, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան բողոքի ակցիա էր կազմակերպել «Ա-ԹիՎի» հեռուստաընկերության դիմաց՝ ի ցույց դնելով մեդիա դաշտում բռնության մշակույթի առկայությունն ու վտանգավոր ազդեցությունը: Այս մասին տեղեկացնում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հաղորդագրությունը, որն ամբողջովին ներկայացնում ենք ստորեւ:
«Սույն թվականի հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում, որն ուղեկցվել է կացնահարությամբ և անդամահատությամբ:
Հանցագործությունը, որը կատարվել է Շենգավիթում՝ Վլադիկ Մարտիրոսյանիկողմից, ունի նախապատմություն:
Կացնահարվել է մի ողջ ընտանիք՝ տղամարդու կողմից, ով եղել է այդ ընտանիքի դստեր ամուսինը: Հարձակման հետեւանքով կացնով սպանվել է ընտանիքի մայրը, իսկ հայրն ու դուստրը դեռևս բժիշկների վերահսկողության ներքո են, նրանք դեռ վիրահատական միջամտությունների կարիք ունեն:
Այս ողբերգության մեջ իր դերակատարումն է ունեցել նաև «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը, որի «Վտանգավոր լռություն» թողարկման ընթացքում միակողմանիորեն դիտարկելով ընտանիքի խնդիրը և բռնարար փեսային՝ Վլադիկ Մարտիրոսյանին ներկայացնելով որպես տուժող, հաղորդման փորձագետները հորդորել էին ամեն գնով վերականգնել ընտանիքն ու վերադարձնել կնոջը համատեղ կյանք:
Այդ թվում խախտելով մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, առանց նրա համաձայնության հրապարակվել էին անձնական կյանքին վերաբերող մանրամասներ: Այսպիսով «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը թույլ է տվել մարդու իրավունքների տեսանկյունից կոպիտ սխալներ, միաժամանակ չի անդրադարձել Վլադիկ Մարտիրոսյանի դեմ հարուցված քրեական գործին, որը փաստում է, թե նախկինում ինչպես է հաղորդման հերոս Վլադիկ Մարտիրոսյանը պարբերաբար ծեծի ենթարկել կնոջը` Թագուհի Մանսուրյանին, վերջինիս դիտավորությամբ ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով:
«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի կողմից թույլ տված բազմաթիվ խեղաթյուրումներն ու իրավիճակի սխալ նկարագրումը, հրավիրված փորձագետների էթիկական նորմերի կոպտագույն խախտումները, բռնության հանդեպ հանդուրժող և սուբյեկտիվ վերաբերմունքը ոչ միայն հանրային սխալ ընկալում է ստեղծել դեպքի ու ընտանիքի նկատմամբ, այլև մարդկային կյանքեր է արժեցել, որի պատասխանատվությունն է կրումնաև «Ա-ԹիՎի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը:
Բողոքի ակցիայի ժամանակ «Ա-ԹիՎի» հեռուստաընկերությանը հանձնվեց նամակ, ուր նշված էին բոլոր այն էթիկական խախտումները, որոնք հաճախակի կարող եք տեսնել այս հաղորդաշարի շրջանակներում՝ բացառապես ռեյտինգ ապահովելու նպատակով: Այս անգամ ռեյտինգը կյանք է արժեցել ու խեղել մի ողջ ընտանիքի ճակատագիր»:
Ողբերգական դեպքի հետ կապված մանրամասներին կարող եք ծանոթանալ «Մեդիալաբի» «Երբ «հասցնում են այդ քայլին». Ինչու են շատերը ամեն գնով փորձում արդարացնել բռնարար մարդասպանին» եւ ««Վլադիկը ԴԱՀԿ-ում բոլորի ներկայությամբ հայտարարել էր՝ բոմբ եմ գցելու , վառեմ էս ընտանիքը, չեմ նայելու, որ էրեխեն ներսն ա լինելու»․ Թագուհի Մանսուրյանի պատմությունը» հրապարակումներում: