«Պատվաստումների հարցում վիճակը դեռ պարտադրանքի չի հասել, բայց մահացության թիվը մտահոգիչ է». Արտաշես Թադևոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը

Պարո՛ն Թադևոսյան, կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ նաև հակաքարոզչություն կա այս փուլում։ Դուք՝ որպես մասնագետ, ի՞նչ խորհուրդ եք տալիս բնակչությանը։

– Միանշանակ խորհուրդ եմ տալիս պատվաստվել։ Նախարարությունը շատ վատ է աշխատում։ Նախարարը վեր է կենում ու վերին աստիճանի անհեթեթ հայտարարություններ է անում, թե ում ենք պատվաստում «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, ում՝ «Սպուտնիկ V»-ով։ Միանշանակ պետք է շատ ագրեսիվ քաղաքականություն ու քարոզչություն տարվեն հօգուտ պատվաստումների։

Ամբողջ խնդիրն այն է, որ այդ ընդդեմ խոսողները բերում ու մատնանշում են 1 կամ 10 դեպքը, երբ պատվաստումից հետո բարդություններ են եղել։ Բայց մենք մոռանում ենք այն 4000 մահվան դեպքերը։ Այսօրվա տվյալներով՝ եթե մենք այստեղ 2,5 մլն բնակչություն պատվաստենք, 20-25 հոգի մարդ է բարդություններ ստանալու, թվերն այդպիսին են։ Գուցե նաև մահացու դեպքեր էլ լինեն, բայց դրան որպես հակակշիռ պետք է ներկայացնել մեր 4000-ից ավելի մահվան դեպքերը։ Սա պետք է հստակ բացատրել, հասկացնել մեր հասարակությանը։ Բայց դրա համար պետք է վստահելի մարդիկ խոսեն։ Մենք չունենք մեր նախարարության կառույցում վստահելի մասնագետ, ընդհանրապես կառավարությունում չկա մարդ, որին հասարակությունը կվստահի ու կհավատա։ Սա է մեր խնդիրը։

– Նախարարության մասնագետներն այս փուլում շատ ակտիվ աշխատանք են տանում, հանրային իրազեկում են իրականացնում, որ պատվաստվելն անհրաժեշտություն է և արդյունավետ։ Էլ ի՞նչ պետք է անել։

– Դա պետք է լինի զանգվածային, բոլոր լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերով։ Բայց նաև պետք է խոսեն մարդիկ, որոնց հասարակությունը վստահում ու հավատում է։ Ամբողջ աշխարհում գովազդ անողները ֆուտբոլի աստղերն ու մշակույթի գործիչներն են։ Ո՞ւր են մերոնք։

– Դուք ասում եք՝ սխալ է, երբ հայտարարում են, թե որ տարիքային շեմերը պետք է պատվաստվեն «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, որոնք՝ «Սպուտնիկ V»-ով։ Ինչո՞ւ է սխալ։

– Որովհետև անհեթեթ փաստարկ է, երբ ասում են՝ 55 տարեկանից ցածր պատվաստում ենք «Սպուտնիկ V»-ով, իսկ 55-ից բարձրերին՝ «ԱստրաԶենեկա»-ով, որովհետև բարդությունների թիվն ավելի մեծ է։ Ինչի՞ հիման վրա ես դու դա ասում ու հիմնավորում։ Ի՞նչ է, 65 տարեկանների վրա թքա՞ծ ունենք։ Ես չեմ կարողանում հասկանալ՝ այդ ի՛նչ աբսուրդ հիմնավորում էր։

Որպես մասնագետ՝ կխնդրեի ձեր հիմնավորումը ներկայացնել՝ ինչո՞ւ պետք է պատվաստվել։

– Որովհետև պատվաստումը կանխարգելիչ բնույթ ունի։ Մենք պատմության ընթացում ինֆեկցիոն հիվանդությունների դեմն առել ենք պատվաստման շնորհիվ, լինի դա ջրծաղիկը, կարմրուկը, թե պոլիոմիելիտը։ Բոլոր ինֆեկցիոն հիվանդությունները, որոնք մարդկությունը հաղթահարել է, հաղթահարել է պատվաստման միջոցով։ Այո՛, պատվաստումների պատճառով եղել են նաև բարդություններ, անգամ շատ ծանր բարդություններ ու մահացություններ, բայց ընդհանուր իրավիճակով պետք է գնահատենք։ Եվ ի վերջո, երբ դրվում են անհատի և հասարակության շահերը, միշտ հասարակության շահերին պետք է առաջնահերթություն լինի։

Համավարակով պայմանավորված իրավիճակն այսօր ինչպե՞ս եք գնահատում։

– Վիճակը շատ ծանր է, և շատ մտահոգիչ է մահացության բարձր ցուցանիշը։ Էլի համեմատենք Վրաստանի հետ. այսօր մենք ունենք Վրաստանի հետ հավասար օրական դեպքերի թիվ, բայց 3-4 անգամ ավելի մահվան դեպքեր։

– Դա ինչի՞ հետևանք է, համակարգը չի՞ հասցնում պատշաճ սպասարկել։

– Չեն կարողանում նորմալ սպասարկել, չեն հասցնում, ռեսուրս չունեն, տեղեր չունեն, մասնագետների խնդիր կա։ Այսքան ժամանակվա ընթացքում նրանք լուրջ մասնագետներ չպատրաստեցին։ Այս ժամանակահատվածում նրանք պետք է կադրերին լուրջ վերապատրաստեին։

– Մարդկանց մեջ նաև մտավախություն կա, որ պատվաստումները կարող են պարտադիր լինել։ Ի՞նչ կարծիքի եք այս հարցի վերաբերյալ։

– Ինձ թվում է՝ վիճակը դեռ պարտադրանքի չի հասել, ի վերջո, սա ծաղիկ կամ ժանտախտ չէ։ Բայց ագրեսիվ քարոզչություն պետք է վարել, բոլոր միջոցներով ու ամեն տեղ պետք է խոսել պատվաստումների անհրաժեշտության մասին։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am