Դերասանները ոտքի են կանգնել ընդդեմ թատրոնների միավորման․ ԿԳՄՍ-ն արձագանքում է՝ դա դեռ որոշում չէ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակվող նախագիծը, որով նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին, առաջացրել է Կամերային թատրոնի դերասանների դժգոհությունը:

Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Զառա Հակոբյանը «Մեդիալաբին» ասում է, որ այս մասին իրենց տեղեկացրել է թատրոնի տնօրենը՝ բանավոր, մեկ շաբաթ առաջ: Լուրն իմանալուց հետո թատրոնի դերասանական կազմը հանդիպում է խնդրել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հետ:

«Խզմալյանն ասաց, որ դա արվում է մեզ համար աշխատանքային ավելի լավ պայմաններ ստեղծելու նպատակով։ Բացի այդ, կան բազմաթիվ ստեղծագործական խմբեր, որոնք տեղ չունեն իրենց փորձերն անցկացնելու համար»,- նախարարի տեղակալի խոսքն է մեջբերում թատրոնի դերասանուհին։

Բացի այդ, Խզմալյանն ասել է, որ Պետական կամերային երաժշտական թատրոնի տարածքը կտրամադրեն Սիմֆոնիկ նվագախմբին, որպեսզի վերջինս կարողանա իր փորձերն անել:

Դերասանական կազմի առարկություններից, Զառա Հակոբյանի փոխանցմամբ, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը զարմացել է:

«Զարմացավ, որ մենք չենք ողջունում իրենց նախաձեռնությունը և դժգոհում ենք ավելի լավ պայմաններում աշխատելու հնարավորությունից: Եթե լավ պայմաններ ասելով՝ նկատի ունեն շենքը, ապա ասեմ, որ ստեղծագործողի համար լավ պայմանը ոչ թե շենքից է կախված, այլ՝ թե ո՛ւմ հետ է աշխատում դերասանական կազմը»,- ասում է դերասանուհին:

Նրա համոզմամբ՝ նախարարությունը, այսպես ասած, փափուկ բարձ է դնում իրենց գլխի տակ, երբ ասում է՝ միավորվեք, որ կոլեկտիվն ավելի լավ աշխատի:

«Ո՞նց են պատկերացնում մեր թատրոնի 68 դերասան այնտեղ, թոշա՞կ ենք ստանալու նստենք այնտեղ, եթե այստեղ խիտ գրաֆիկով աշխատում ենք, լավ արդյունքներ ենք տալիս, ինչո՞ւ են կոլեկտիվին զրկում աշխատելու հնարավորությունից»,- հարց է բարձրացնում դերասանուհին՝ անպատկերացնելի համարելով միավորվող թատրոնների համատեղ աշխատանքը:

Զառա Հակոբյանի խոսքով՝ իրենց ավելի շատ զարմացրել է այն, որ ոչ մի դժգոհություն, առարկություն իրենց աշխատանքի վերաբերյալ ԿԳՄՍ նախարարությունը չի արտահայտում, բայց պատրաստվում է միավորել իրենց թատրոնը, ինչ է թե մեկ այլ ստեղծագործող խումբ աշխատելու հնարավորություն ունենա:

«Այսինքն՝ մեկ այլ ստեղծագործող խմբի հաշվին մյուսի հարցե՞րն են կարգավորում: Չեմ կարծում, թե դժվար է տարածք գտնել ու տրամադրել Սիմֆոնիկ նվագախմբին»,- ասում է դերասանուհին և հավելում, որ ոչ մի երաշխիք չունեն, թե Կոմեդիայի թատրոն տեղափոխվելիս որոշ ժամանակ անց այնտեղից էլ իրենց չեն հանելու:

ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը «Մեդիալաբի» հարցին ի պատասխան նկատում, է, որ փոխնախարարը որոշման հիմնավորումները ներկայացրել է դերասանական կազմի հետ հանդիպմանը։ Ավելին խոսնակն ասել չի ցանկանում՝ բավարարվելով նշել հետևյալը․

«Պարոն Խզմալյանը շատ հստակ ներկայացրել է այն հիմքերը, թե ինչու է այդ հարցը քննարկվում, և ինչու է պատրաստվում այդ երկու թատրոնները միացնել, իսկ դա դեռ որոշում չէ, ընդամենը նախագիծ է, որն այս պահին էլ մշակման փուլում է: Որոշում կդառնա, երբ Կառավարությունը կհաստատի»:

Մելիքբեկյանը չի հստակեցնում նաև, թե երբ այդ որոշումը կքննարկվի ու կհաստատվի Կառավարության նիստում։ Բայց մինչ այդ Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Թորոսյանը նամակներ է ուղարկել Թատերական գործիչների միության նախագահին, տարբեր թատրոնների տնօրեններին՝ վերջիններիս դիրքորոշումը հասկանալու համար:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am