«Կյանք չունեմ, էս ի՞նչ կյանք ա, գիշեր-ցերեկ լացելով»․ Ռոմելլան պատերազմում կորցրել է երկու թոռանը և եղբոր տղային

63-ամյա Ռոմելլա Առաքելյանի կյանքում Արցախյան պատերազմները միաժամանակ մի քանի դառնություն են բերել. 44-օրյա պատերազմում կորցրել է երկու թոռանը, եղբոր տղային, իսկ 90-ականների պատերազմում՝ ամուսնուն:

«Կյանքս շատ դժվար ա։ Ախպերս էլ մահացավ, որ իմացավ իր տղան զոհվել ա, չդիմացավ էդ ծանրությանը։ Շատ ծանր ա»,- արցունքների միջից ասում է Ռոմելլան։

Ռոմելլա Առաքելյանը նոյեմբերին իմանում է թոռներից 19-ամյա Արեն Սարգսյանի զոհվելու մասին լուրը, մյուս թոռան՝ 20-ամյա Վահան Առաքելյանի զոհվելու մասին տեղեկանում է շատ ավելի ուշ՝ զոհվելուց շուրջ 5 ամիս անց։

Արեն Սարգսյանի մասին նյութը կարող եք կարդալ այստեղ՝

Վահան Առաքելյանը Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից է։ Ժամկետային զինծառայության մեջ էր, երբ սկսվեց պատերազմը։ Պատերազմի ժամանակ կռվել է Մարտունիում և Ջրականում, որտեղ էլ զոհվել է։

«Ջրականում 72 հոգու մեջ էր, որ միանգամից զոհվեցին։ Երևի անօդաչուն ա խփել»,- ասում է Ռոմելլան։

Տատը հիշում է, որ վերջին անգամ թոռան հետ խոսել է հոկտեմբերի 10-ին․ «Ասեց՝ բաբո, եթե իմ հետ մի բան պատահի, չլացես»,- հուզվում է նա:

Տատն ասում է, որ բանակ գնալուց առաջ թոռը մի քանի անգամ ասել է, որ այլևս չեն հանդիպի, հավաբանար կանխազգացել է․ «Մինչև կռիվն էլ մի անգամ զանգեց, ասեց՝ բաբո, մենք երևի էլ իրար չտեսնենք, ասեցի՝ ի՞նչ ես ասում, մատաղ լինեմ, ասեց՝ բաբո, ասեցի, էլի։ Մտածեցի՝ երևի կորոնայի համար ա ասում, որ հիվանդությունից կմեռնեմ, ասեցի՝ մատաղ լինեմ, բաբոն սաղ կմնա։ Ասեց՝ չէ, իրար չենք տեսնի, էդ խոսքը չեմ կարողանում մոռանամ»,- կսկիծով ասում է տատը:

Հոկտեմբերի 10-ից հետո որևէ տեղեկություն Վահանի մասին չի լինում, ընտանիքը հույսով սպասում է, որ մի տեղից կհայտնվի։ Սակայն ամիսներ անց Վահանի զոհվելու մասին լուրը տակնուվրա է անում Առաքելյանների կյանքը։

«Կարծում էինք՝ գերի ընկած կլինի, մի տեղ թաքնված լինի, ես չէի մտածում, որ երեխան կարող ա չլինի։ Մարտի 2-ին խոսեցին, ասեցին՝ դիակը երևացել ա, 4-ին բերեցին, 5-ին հուղարկավորեցինք։ Աննկարագրելի ցավ է, շատ ծանր է»,- հուզմունքը կոկորդում խեղդելով պատմում է տատը:

Ռոմելլան ասում է՝ Վահանը շատ աշխատասեր էր, բոլորին միշտ օգնության էր հասնում, բոլորի մասին մտածում էր, երազում էր ծառայությունն ավարտելուց հետո տունը վերանորոգել, որն այդպես էլ կիսատ մնաց:

«Իմ համար երեխա ա եղել, թոռ չէր, մի հատ զանգ տայի, իսկույն մոտս էր, երկրորդ անգամ խոսքս ոչ կոտրել կար, ոչ էլ։

Շատ կապված էինք, հանդ էի գնում կանաչի հավաքելու վաճառելու համար, փնջեր էր անում, սարքում, ամեն ինչով օգնում էր։ Շատ աշխատասեր էր, շինարարություն է անում մինչև բանակ գնալը, ինչ ստանում էր, բերում, ասում էր՝ բաբո, ինչ հարկավոր ա, ա՛ռ։ Ինքը շատ ուրիշ էր, մի տեղս որ ցավում էր, ուզում էր, որ ամեն ինչ աներ, արագ լավանայի:

Երազանքն էր, որ գնար-գար ծառայությունից տները նորոգել, երեխուս ուշքը- միտքը էդ էր, գնաց ու չեկավ… Հիմա իմ երազանքն ա, որ պետությունը օգնի, էդ տունը սարքենք, մեռնեմ, խաբարը տանեմ, ասեմ՝ պատրաստել ենք, արխային մնա»,- ցավով ասում է 63-ամյա կինը:

Ռոմելլան ասում է՝ այդքան ողբերգական դեպքերից հետո անտանելի ծանրություն է հոգում իջել, որևէ սփոփանք չի գտնում։

«Կյանք չունեմ, էս ի՞նչ կյանք ա, գիշեր-ցերեկ լացելով»,- կրկին հուզվում է նա։

Արփինե Արզումանյան

MediaLab.am