Հայաստանը՝ պարենային անվտանգության ապահովման վտանգի առաջ. «Գյուղատնտեսական քաղաքականությունը կառավարությունը վարում է մատների արանքով»

Ռուս-ուկրաինական շարունակվող պատերազմի պայմաններում Ռուսաստանից հացահատիկի կամ ալյուրի ներկրման հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ, ինչն էլ, հնարավոր է՝ պարենային անվտանգության ապահովման ռիսկեր առաջացնի: Այս կարծիքին է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքով՝ չի բացառվում՝ Ռուսաստանը որոշի, որ պատժամիջոցները հաղթահարելու է իր երկրից որոշակի ապրանքները արտահանելու քվոտայով: «Հայաստանի մեծագույն խնդիրն այն է, որ գյուղատնտեսական քաղաքականությունը ՀՀ Կառավարությունը վարում է մատների արանքով, այսինքն՝ Կառավարությունում չունեն ռազմավարություն, չունեն ֆորսմաժորային կառավարման պլան»,-«Մեդիալաբին» ասում է Բաբկեն Պիպոյանը:

Մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը, Հայաստանը տարեկան շուրջ 800 հազար տոննա ցորեն էր ներկրում Արցախից: Այժմ, սակայն, այդ բացը պետք է լրացնի՝ այլ երկրներից ներկրելով:

Առաջնային ապրանքներից, որոնք ներկրում է Հայաստանը, Ռուսաստանին բաժին է ընկնում ցորենի 99%-ը, եգիպտացորենի 80%-ը, արևածաղկի ձեթի 97%-ը, մարգարինի ավելի քան 70%-ը, շաքարավազի մոտ 40%-ը, կաթի փոշու մոտ 15%-ը, հավի մսի մոտ 13%-ը, առաջին անհրաժեշտության ապրանքներից՝ շոկոլադի մոտ 70%-ը։

Ուկրաինայից Հայաստան ևս ապրանքներ ներկրվում էին՝ հավի մսի մոտ մեկ երրորդը, կաթի փոշու մոտ մեկ քառորդը, կարագի մոտ 15 տոկոսը, ինչպես նաև սոյայի շրոտի (անասնապահության ոլորտ) մոտ 60 տոկոսը: Առաջին անհրաժեշտության ապրանքներից՝ քաղցրավենիքի մոտ 20%-ը։ Այսօր արդեն «Ինտերֆաքս Ուկրաինան» հաղորդեց, որ Ուկրաինան արգելել է հացահատիկի, եգիպտացորենի, թռչնամսի ու բուսական յուղի արտահանումը։

«Տարածաշրջանում ռազմական իրադարձություններն ու դրանց շուրջ զարգացումները մեծ ռիսկեր են պարունակում, բայց այդ ռիսկերի նկատմամբ մեր կառավարման համակարգի վերաբերմունքը սիրողական է»,- ընդգծում է Պիպոյանը:

Ագրարային քաղաքականության շրջանակներում, ըստ Պիպոյանի, կառավարման համակարգը պետք է քվոտավորի՝ քաղաքացու պահանջները բավարարելու համար: Հիմա իրավիճակն այնքան արագ է փոխվում, անորոշությունն այնքան մեծ է, որ, Պիպոյանի խոսքով, եթե կարող ենք հուսալ՝ օդային ճանապարհով ներկրումն ապահովելու մասին, կարող է որոշ ժամանակ անց պարզվել, որ այդ ճանապարհը ևս փակ է:

«Չգիտենք՝ ինչ կլինի վաղը, մյուս օրը: Եթե մտածենք՝ Ռուսաստանից չենք կարող պարեն ներկրել, ուրիշ տեղից կարող ենք բերել, հետո կպարզվի, որ այդ ճանապարհն էլ չկա: Մենք, մեր կառավարությունը պետք է պլան ունենա՝ որ դեպքում ինչ ենք անելու»,- նշում է Պիպոյանը:

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ, գյուղատնտեսության փորձագետ Հրաչ Բերբերյանը, հակառակը, կարծում է՝ գոնե հացահատիկի կամ ալյուրի ներկրման հարցում Հայաստանը խնդիրներ չի ունենա: «Ռուսաստանում հողերը մշակվել են, ցորենի խնդիր այդ երկիրը չի ունենա: Եթե խնդիր էլ լինի, ապա կարելի է ցորեն գնել բորսաներից»,- «Մեդիալաբին» ասում է Հրաչ Բերբերյանը:

Իսկ տնտեսագետ Սուրեն Պարսյանը ցորենի այսօրվա համաշխարհային գները վերջին 14 տարվա մեջ աննախադեպ է համարում: «Ցորենի գինը համաշխարհային շուկայում շարունակում է աճել, 1 տոննա ցորենն արժի 445 ԱՄՆ դոլար։ 2008 թվականից սկսած շուկայում նման գին չի արձանագրվել»,- նշում է նա:

Այդուհանդերձ, հացահատիկի մասով Հայաստանը համարվում է ցածր ինքնաբավություն ունեցող երկիր, այսինքն՝ ցորենի պահանջարկն ապահովվում է շուրջ 30 տոկոսով:

«Հայաստանը ցորեն արտադրող երկիր չէ և չպետք է լինի, մենք սակավահող երկիր ենք ու պետք է մշակենք թանկ կուլտուրաներ, արժեք ունեցող կուլտուրաներ՝ կարտոֆիլ, միրգ, բանջարեղեն, խաղող, այսինքն՝ այն կուլտուրաները, որոնք շահույթ են բերում: Ցորեն ցանելը ձեռնտու չէ գյուղացու համար»,- նշում է Բերբերյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am