«Ձվի շուկայում քանակական առումով խնդիր չունենք, նորմալ է, մեր հաշվարկով քանակի խնդիր չենք ունենա նաև Զատիկի տոնին, ինչը կար անցած տարի, երբ բոլորս ականատես եղանք ձվի դեֆիցիտի»,- «Մեդիալաբին» ասում է Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Ստեփանյանի խոսքով՝ այլ է պատկերը գնային առումով, որովհետև ամեն օր, ըստ նրա, 1,2%-ով թռչնակերի գինը բարձրանում է:
«Ցորենի, եգիպտացորենի միջին գներն եմ ձեզ ասում, որ ամեն օր բարձրանում են. ցորենը՝ 1,2, եգիպտացորենը՝ 2%-ով: Ահագին մեքենաներ ունենք, որ հիմա Լարսում կանգնած են, մոտ 30 մեքենա, թռչնակերը բարձած, 15 օր կանգնած է»,- ասում է Ստեփանյանը:
Մեքենաները Լարսի ճանապարհին են մնացել ոչ այնքան վատ եղանակի, որքան ներմուծման ընթացակարգում կատարվելիք փոփոխությունների պատճառով:
«Այսօր կամ վաղը վերջնական որոշումը կկայացվի, որ հասկանանք՝ ինչպե՞ս ենք աշխատելու, ո՞նց ենք ներկրելու, ի՞նչ քվոտաներ կան: Դեռ ոչինչ պարզ չէ, ուղղակի կառավարության պատվիրակությունը, որը երկու օր է՝ ՌԴ-ում է, բանակցում է ու հուսադրող բան է ասում, որ լավ է լինելու, կարողանալու ենք ներկրել հատիկաֆուրաժը»,- ասում է Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը:
Ներմուծումն այսօր արվում է միայն Ռուսաստանի Դաշնությունից, իսկ Ուկրաինայից արվող ներմուծումները դադարեցվել են: Ներկրման գործընթացում կատարվող փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի Դաշնությունը, պարենային անվտանգության խնդրից ելնելով, մինչև օգոստոսի 1-ը հացահատիկային մշակաբույսերի արտահանումը արգելել է ԵԱՏՄ անդամ երկրներ, այդ թվում՝ Հայաստան:
Շուկայում ձվի գնի բարձրացումն էլ կապված է միայն թռչնակերի գնի բարձրացման հետ:
«Ձվի բացթողնման գինն այսօր 60-65-70 դրամ է, բայց ես չեմ կարող ասել՝ մինչև Զատիկ այս գինը կկարողանա՞նք պահել, թե՞ ոչ, դա անշնորհակալ գործ կլինի, որովհետև չգիտենք, թե ի՛նչ զարգացումներ են սպասվում առջևում»,- եզրափակեց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am