«Ջերմուկում մեկ անձի գիշերակացը 30-35 հազար դրամ է, ինչո՞ւ են 20 հազար դրամ փոխհատուցում». Ջերմուկից արձագանքում են Կառավարության որոշման նախագծին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության որոշման նախագիծ, որով հույս ունեն խթանել Սյունիքի և Վայոց ձորի մարզերում Ադրբեջանի կողմից սեպտեմբերյան ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած զբոսաշրջության զարգացումը: Ըստ այդմ՝ որոշման նախագծով մտադիր են աջակցել երկու մարզերում հյուրանոցներ շահագործող տնտեսվարողներին ներգրավել զբոսաշրջիկների: «Միջոցառման խնդիրն է բարձրացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Վայոց ձորի մարզերի զբոսաշրջային գրավչությունը»,- նշվում է նախագծում:

Ինչպիսին է լինելու փոխհատուցումը. նախագծից տեղեկանում ենք, որ առաջարկվում է սահմանել, որ 2022 թվականի դեկտեմբերի 1-ից 2023 թվականի մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտում մատուցված ծառայություններից օգտվող տնտեսվարողներին տրամադրել փոխհատուցում` ծառայության գնի 60%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 3 մլն դրամը։

Այս միջոցառման իրականացման համար նախատեսվում է պետական բյուջեից հատկացնել մոտավորապես 45 մլն դրամ: Լիազոր մարմնի փոխանցմամբ՝ նշված գումարը հաշվարկվել է` հիմք ընդունելով զբոսաշրջային գործակալությունների և հյուրանոցային տնտեսության օբյեկտների ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքները:  Ենթադրվում է, որ շուրջ 2500 անձ կօգտվի հյուրանոցային ծառայություններից:

Նախատեսվում է նաև, որ միջինը կիրականացվի երկու գիշերակաց` յուրաքանչյուր գիշերակացի համար վճարելով միջինը 20.000 դրամ, ընդ որում՝ միջին գինը որոշվել է Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գործող հյուրանոցային համալիրների գների վերլուծության արդյունքում։

Կառավարությունն ակնկալում է, որ միջոցառման հիմնական շահառուները կլինեն առավել կայացած միջին և խոշոր ընկերությունները, որոնք, որպես կանոն, գործում են հարկման ընդհանուր համակարգում, ուստի փոխհատուցման չափը որոշելիս հաշվի է առնվել շահութահարկի և եկամտային հարկերի գծով պարտավորությունների կատարման արդյունքում փոխհատուցման փաստացի չափի էական նվազումը:

«Նախագծով առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն հյուրանոցային ծառայությունների գնի փոխհատուցման միջոցով ակտիվացնել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի զբոսաշրջային հոսքերը»,- ասում են էկոնոմիկայի նախարարությունից:

Որոշման նախագիծն այս տեսքով առնվազն չի քննարկվել Ջերմուկում հյուրանոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ: «Այս տարբերակը, որը դրվել է հանրային քննարկման, մեզ հետ դեռ չի քննարկվել, մեզ հստակ չեն պարզաբանվել՝ ինչպես են իրականացնելու այս միջոցառումների ծրագիրը»,- «Մեդիալաբին» ասում է Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի հիմնադիր Նարեկ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ որոշ ժամանակ առաջ Ջերմուկում գործունեություն իրականացնող հյուրանոցներն ու առողջարանները ուղարկել էին տվյալներ, թե Ադրբեջանի զինված հարձակումից հետո վերջին մի քանի ամսվա ընթացքում որքան ծախսեր են արվել, որքան հարկեր են վճարվել: «Մենք հասկացել ենք, որ այդ ամենը հաշվի առնելով՝ Կառավարությունը որոշակի փոխհատուցում կտրամադրի տուժած ոլորտի ընկերություններին: Բայց այդ մասով արձագանք չկա: Իսկ այս փաթեթի հետ կապված որևէ տեղեկություն չունենք»,- նշում է Միրզոյանը:

Հանրային քննարկման դրված որոշման նախագիծը հարցեր է առաջացրել ոլորտի ներկայացուցչի մոտ՝ ինչպե՞ս են մեկօրյա գիշերակացը Ջերմուկում 20 հազար դրամ հաշվարկել, այն դեպքում, երբ այդ թիվը 25-35 հազար դրամի միջակայքում է:

«Ջերմուկում գործող հյուրանոցային տնտեսություններում ու առողջարաններում, որոնք ծառայությունների ավելի լայն շրջանակ են առաջարկում, նվազագույն գները սկսում են 30-35 հազար դրամից: Ի՞նչ չափանիշներ են ընտրել, ի՞նչ չափորոշիչներով են առաջնորդվել, որ մեկ անձի մեկօրյա կացությունը հաշվել են 20 հազար դրամ, անհասկանալի է, բիզնես իրականացնողի համար մեկ անձի գիշերակացի համար 20 հազար դրամը շատ քիչ է»,- նշում է Միրզոյանը:

Մինչ որոշմանն առնչվող թիրախային ներկայացուցիչները կհասկանան՝ ինչո՛ւ է նման պայմաններով առաջարկություն նախատեսում էկոնոմիկայի նախարարությունը, այստեղից վստահեցնում են՝ նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել լրացուցիչ մոտ 2500 զբոսաշրջիկի այցելություն Սյունիքի և Վայոց ձորի մարզեր, որոնք կստեղծեն լրացուցիչ եկամուտներ ինչպես հյուրանոցային տնտեսության, այնպես էլ հանրային սննդի օբյեկտների և այլ տնտեսվարողների համար:

Ի դեպ, ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ջերմուկը, որտեղ զբոսաշրջային կյանքը միշտ ակտիվ է եղել, Ադրբեջանի զինված հարձակումից հետո միլիոնների վնաս է կրել:

Հոկտեմբերի կեսերից Հայաստանի հայտնի առողջարանային կենտրոնը կամաց-կամաց սկսեց ակտիվանալ: Նարեկ Միրզոյանի փոխանցմամբ՝ Ամանորի օրերին հյուրանոցներն այստեղ լի են եղել հանգստացողներով, և ազատ համար հնարավոր չի եղել գտնել:

Հասմիկ Համբարձումյան

Լուսանկարը՝ Վաղինակ Ղազարյան

MediaLab.am