«Ասպարեզ» մամուլի ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը համոզված է, որ «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնի շուրջ տեղի ունեցած աղմուկը ունի քաղաքական եւ ոչ թե ազգային անվտանգության ենթատեքստ:
Տեղեկացնենք, որ այսօր աղմկահարույց արձագանքներից, վիրավորանքներից եւ մի քանի տարի տեւած շարունակական ձախողումներից հետո, Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի ղեկավար Գեորգի Վանյանը այսօր Գյումրիի «Ասպարեզ» մամուլի ակումբում պետք է անցկացվեր ադրբեջանական ֆիլմերի փառատոն:
Փառատոնը տապալվել է, իսկ Վանյանին ոստիկանության աշխատողների օգնությամբ կարողացել են մի կերպ տեղափոխել Երեւան, քանի որ մամուլի ակումբի առջեւ բողոքող ժողովուրդը պատրաստ էր ամեն ինչի:
Փառատոնի նախորդ օրը անցկացված հատուկ բողոքի ակցիայի ժամանակ Վանյանի հասցեին տարաբնույթ սպառնալիքներ էին հնչել, իսկ ինքը կազմակերպիչը հայտարարել էր, որ հեռախոսի փակ համարից իր կյանքին սպառնացող հեռախոսազանգեր է ստացել:
Իսկ այսօր Վանյանին քաշքշել են, հարվածել եւ ձվեր են նետել հետեւից: Ոստիկաններին մի կերպ հաջողվել է վերջինիս դուրս բերել «թեժ կետից»:
«Ադրբեջանական եւ թուրքական ֆիլմեր ցուցադրվել են շատ ավելի մեծ մասսայականություն վայելող «Ոսկե ծիրան» փառատոնի ընթացքում, բայց այդ ժամանակ ոչ մեկը աղմուկ չի բարձրացրել, անգամ մեր «Ասպարեզ» ակումբում 4 տարի առաջ քննարկում է եղել՝ նվիրված ադրբեջանցի երեխաների նկարներին, բայց այդ ժամանակ էլ ոչ մեկը չաղմկեց, ինչու՞ են հենց հիմա հիշել ու քարկոծում բոլորով»,- «Մեդիալաբին» ասում է իրավիճակների բերումով դժվարին կացության մեջ հայտնված Լեւոն Բարսեղյանը:
Բարսեղյանը համոզված է, որ բողոքի ակցիայի ժամանակ ներկա էին նաեւ քաղաքական կուսակցություններից՝ ՀՀԿ-ից ու ՀՅԴ-ից անդամներ: Նա ասում է, որ որոշ քաղաքական ուժեր մշտապես ցանկություն ունեն վնասելու ակումբին, որը բարձրաձայնում է Գյումրիում առկա սոցիալական եւ մարդու իրավուքնների հետ առնչվող խնդիրները եւ յուրաքանչյուր առիթ բաց չեն թողնի:
Գեորգի Վանյանին «երկրի դավաճան» են անվանել Գյումրիի քաղաքապետարանի եւ Շիրակի մարզպետարանի աշխատակիցները՝ հեռախոսազանգերով պահանջելով կամ հորդորելով Բարսեղյանին, որ փառատոնը չանցկացնի:
«Մենք սահմանի վրա ենք թուրքերին ման գալիս, բայց թուրքերը մեր մեջ ազատ ֆռռֆռում են, դրանց սպանել է հարկավոր, վառել որպես ազգի դավաճան»,-ասել է ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը:
«Ով նման բան է կազմակերպում, հայի զավակ չէ, վռնդում եմ մեր քաղաքից նմանատիպ դավաճաններին»,-հայտարարել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպելու դեմ բազմիցս բուռն քննարկումներ են եղել Ֆեյսբուկ սոցիալական ցանցում, մտահղացմանը դեմ են արտահայտվել նաեւ հայտնի մշակութային գործիչներ, բլոգերներ:
Սակայն, ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ Գեորգի Վանյանը մինչեւ վերջին վայրկյանը չի ուզել հրաժարվել իր մտքից եւ ոստիկանների հորդորներից հետո է միայն հայտարարել, որ փառատոնը չի անցկացվելու՝ նշելով, որ արդյունքում կարող է վնասել ինքն իրեն, ինչպես նաեւ «Ասպարեզի» անձնակազմին:
Տեղեկացնենք, որ «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնի իրականացմանն աջակցությունն իրականացվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ դեսպանատների աջակցությամբ:
«Մարդասիրական գաղափարների այլասերման և բանականության ոչնչացման գնով ծավալված քարոզչության պայմաններում` Հայաստանում «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնը ուղիղ, չմիջնորդավորված շփման տարածք է: Այն եզակի հնարավորություն է ադրբեջանական ժամանակակից կինոարտադրության լավագույն նմուշներին ծանոթանալու համար»,-նշված է փառատոնի պաշտոնական կայքեջում:
Կայքում տեղեկություն կա այն մասին, որ Գյումրում փառատոնի ձախողումից հետո, կազմակերպիչները մտադրված են այն այնուամենայնիվ անցկացնել: Այս անգամ, որպես փառատոնի անցկացման ժամանակ նշվում է ապրիլի 17-ը, վայրը՝ Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակը:
© Medialab.am
Մարդասիրական գաղափարների
այլասերման և բանականության
ոչնչացման գնով ծավալված
քարոզչության պայմաններում`
Հայաստանում «Ստոպ» ադրբեջանական
ֆիլմերի փառատոնը ուղիղ,
չմիջնորդավորված շփման տարածք է:
Այն եզակի հնարավորություն է
ադրբեջանական ժամանակակից
կինոարտադրության լավագույն
նմուշներին ծանոթանալու համար: