Տղա՞, թե՞ աղջիկ. ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ուսումնասիրում է հղիությունների՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների պատճառները

Տղա՞, թե՞ աղջիկ. ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ուսումնասիրում է հղիությունների՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների պատճառները
Տղա՞, թե՞ աղջիկ. ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ուսումնասիրում է հղիությունների՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների պատճառները

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակն այսօր բնակչության համաշխարհային օրվան նվիրված միջոցառման ժամանակ ներկայացրեց «Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում» գիրք-նախագիծը:
Այն ներառում է 9 լավագույն լրագրողական հոդված` ներկայացված 2011-ի «Նա/Նե» լրագրողական մրցույթին, որոնք առնչվում են Հայաստանում հղիության` սեռով պայմանավորված արհեստական ընդհատումներին:
Հիշեցնենք, որ ՆԱ/ՆԵ-ի՝ «Հայաստանում հղիության` սեռով պայմանավորված ընդհատումների հարցերը» թեմայով երկու գլխավոր մրցանակներին արժանացան «Մեդիալաբի» խմբագիր Մարիաննա Գրիգորյանի՝ «Are Selective Abortions Behind Birth Ratio Imbalance?» և «Մեդիալաբի» լրագրող Փառանձեմ Հովհաննիսյանի «Դադարեցված կյանքի պատմություններ. սեռով պայմանավորված աբորտները` մտահոգության տեղիք» հոդվածները, որոնք եւս ներառված են գրքում::
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նշում է, որ 2000-ի համեմատությամբ Հայաստանում 3 անգամից ավելի նվազել է մայրական մահացության ցուցանիշը, ինչպես նաև արհեստական վիժումների թիվը, սակայն սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների ցուցանիշով Հայաստանն աշխարհում առաջատարներից մեկն է:
«Այսօր արդեն արու զավակի նախընտրության և հղիության` սեռով պայմանավորված ընդհատումների պատճառով մեր երկրում գոյանում է տղա երեխաների ավելցուկ, որը մեկ-երկու տասնամյակ հետո լուրջ խնդիրներ է առաջացնելու: Եվ սա տեղի է ունենում հասարակության լուռ համաձայնությամբ, մինչդեռ հանրությունը կարող է և պարտավոր է փոխել իրավիճակը»,- ասում է նա:

«Հանուն ընտանիքի և առողջության» ՀԿ տնօրեն Մերի Խաչիկյանը, ներկայացնելով «Ինչո՞վ է պայմանավորված բեղմնականխման ժամանակակից միջոցների օգտագործումը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» զեկույցը, ընդգծում է, որ Հայաստանում հակաբեղմնավորիչների օգտագործումը 20 տոկոսի չի հասնում, մինչդեռ ավելի քիչ զարգացած երկրներում անցնում է 20-ից:

«Հայաստանում մեծ մասն ավանդական միջոցներ է օգտագործում: Երևանում և Շիրակի մարզում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ հորմոնային միջոցներն ընկալվում են որպես վնասակար միջոցներ: Աղջիկները վախենում են, որ մազակալություն սկսի, գիրություն, անկանոն դաշտան, այսինքն` վախ կա հանրության մեջ, և չեն ուզում օգտագործել»,- ասում է Խաչիկյանը:

Այս տվյալներն ի հայտ են եկել 2011-ին իրականացված որակական հետազոտության շնորհիվ, որի նպատակը տարածաշրջանի 7 երկրներում բեղմնականխման ժամանակակից միջոցների նվազ օգտագործման պատճառները բացահայտելն էր:

Ըստ ուսումնասիրության՝ Հայաստանում առկա ֆինանսական ճգնաժամը, ցածր աշխատավարձերը, աղքատության ու գործազրկության բարձր մակարդակը նույնպես նպաստում են ավանդական միջոցներն ընտրելուն:

«Այսօր, սոցիալ-տնտեսական պայմաններից ելնելով, մարդիկ 2 երեխայից ավելի չեն ուզում ունենալ, այդ իսկ պատճառով ուզում են, որ գոնե երկրորդն արու զավակ լինի, և դիմում են արհեստական ընդհատման, եթե պարզվում է՝ աղջիկ է»,- հավելում է Խաչիկյանը:

© Medialab.am