«Էջմիածնում ավագանու անդամ դառնում են ժառանգաբար». չնայած իրավիճակին,ավագանու կին թեկնածուն վճռական է տրամադրված

«Էջմիածնում ավագանու անդամ դառնում են ժառանգաբար».  չնայած  իրավիճակին,ավագանու կին թեկնածուն վճռական է տրամադրված
«Էջմիածնում ավագանու անդամ դառնում են ժառանգաբար». չնայած իրավիճակին,ավագանու կին թեկնածուն վճռական է տրամադրված

Էջմիածին քաղաքի ավագանու 15 տեղի համար պայքարում է 26 թեկնածու, որոնցից 21-ին անձամբ առաջադրել ու սատարում է Էջմիածնի գործող քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին` Կարեն Գրիգորյանը:
Քաղաքապետի պաշտոնի համար պայքարողներն ավելի քիչ են՝ գործող քաղաքապետն ու «Գործք» ՍՊԸ աշխատակազմի ղեկավար, անկուսակցական, 30-ամյա Արմինե Հովհաննիսյանը, ընդ որում, հավանական է, որ ընտրություններում տարածված սցենարի համաձայն` երկրորդ թեկնածուն կամ ինքնաբացարկ կհայտարարի, կամ էլ հավաքած ձայները կտա մյուս թեկնածուին:
Ավագանու անդամության թեկնածու Սիլվա Աղասյանի բնորոշմամբ՝ վերոնշյալ փաստը հաշվի առնելով` կարելի է ասել, որ Էջմիածնում ոչ թե քաղաքապետի, այլ ավագանու ընտրություններ են:
Սակայն, ըստ, Աղասյանի, այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ, քանի որ գործող ավագանու 7 անդամներ կրկին առաջադրել են իրենց թեկնածությունն այն դեպքում, երբ նախորդ չորս տարիներին քաղաքի համար ոչինչ չեն արել:
«Էջմիածնում ավագանին չեն ընտրում: Ավագանու անդամ դառնում են ժառանգաբար` պապից որդին, որդուց թոռը, կամ էլ քավոր-սանահայր ձեւաչափով: Ես ինքս եմ առաջադրվել: Ինձ հետ են իմ ընտրողները»,- ասում է 59-ամյա Աղասյանը, ով քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցել է նաեւ 2005 եւ 2008 թվականներին, սակայն ավագանու անդամ երբեք չի դարձել:

Նա Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, ակտիվորեն մասնակցել է ընտրական բոլոր (նախագահական, խորհրդարանական, ՏԻՄ) գործընթացներին: Ասում է՝ քաղաքի ավագանիում կանայք երբեք չեն եղել.

«Եվրախորհուրդը միշտ ակնարկում է, որ ընտրովի մարմիններում պետք է նաեւ կանայք լինեն: Խորհրդարանում անգամ կանանց քվոտան բարձրացրին, ժամանակն է, որ տեղական ինքնակառավարման մարմիններում էլ կանայք ընտրվեն: 2005 թվականից իմ ծրագիրը մնացել է անիրագործելի, չնայած կապն ընտրողների հետ ես միշտ պահում եմ: Լիարժեք աշխատում եմ, համոզված եմ, որ այս անգամ ազնվորեն կթողնեն անցնի այն մարդը, ով կընտրվի»:

«Քաղաքում գործող ՀՀԿ կանանց խորհրդի անդամ եմ,- հավելում է Աղասյանը: – 250-300 կին համախոհներ ունեմ, որոնք միշտ աշխատում են ինձ հետ: Բայց այսօր նրանցից շատերն ասում են, թե իրենց ամուսիններին հորդորել են, որ իրենց կանայք չպետք է Աղասյանի համար աշխատեն: Կանայք անհանգստանում են իրենց ընտանիքների համար, ես էլ ասել եմ ավելի լավ է` ձեզ մի վտանգեք»:

Էջմիածին քաղաքում 60 000 ընտրող կա: Ավագանու անդամ են ընտրվում այն թեկնածուները, ոմ օգտին առավելագույնն են քվեարկում: Համայնքի ավագանին հաստատում է համայնքի զարգացման ծրագիրը, բյուջեն, վերահսկում է բյուջեի կատարումը եւ ստացած վարկերի ու այլ ներգրավված ֆինանսական միջոցների օգտագործումը, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի ընդունած որոշումների նկատմամբ՝ օրենքներին եւ ավագանու որոշումներին դրանց համապատասխանության վերաբերյալ:

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` գեներալ Մանվել Գրիգորյանի որդին, ՏԻՄ համակարգում է 2005 թվականից, նախ Էջմիածնի քաղաքապետի առաջին տեղակալ էր, 2008-ի հոկտեմբերին ընտրվեց քաղաքապետ: Այդ ժամանակ Գրիգորյանի մրցակիցն էր ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ում սատարում էր իշխող Հանրապետական կուսակցությունը:

Այս ընտրություններում Գրիգորյանի մրցակիցն է Արմինե Հովհաննիսյանը: Սակայն, շատերի համար Գրիգորյանների հետ մրցապայքարի մեջ մտնելը, մեղմ ասած, այնքան էլ հեշտ խնդիր չէ:

Տարածված այն խոսակցությունների մասին, թե էջմիածինը ռիսկային գոտի է, եւ այստեղ շատերը վախենում են ընտրապայքարի մեջ մտնել գեներալ Գրիգորյանի որդու հետ, Աղասյանն իր բացատրությունն ունի.

«Ինչո՞ւ, ուրիշ մարդիկ չկա՞ն: Իհարկե կան, ու մենք լավ թեկնածուներ էլի կունենայինք, բայց, ես կարծում եմ, որ պարզապես հարգում են գործող քաղաքապետին, լավ հարաբերություններ ունեն, ուստի չեն գնում այդ քայլին»:

Այդուհանդերձ, ըստ Աղասյանի` ներկա քաղաքապետը կանոններով չի խաղում, քանի որ նախընտրական հանդիպումների ընթացքում ներկայացնում է իր կողմից առաջադրված ավագանու թեկնածուներին, եւ քաղաքացիներին հորդորում իրենց ձայնն այդ մարդկանց տալ: Այդ թեկնածուները հիմնականում աշխատում են քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող հիմնարկներում:

Օրինակ, ավագանու թեկնածու Գայանե Գալստյանը Էջմիածնի գավառագիտական թանգարանի տնօրենն է, Կարինե Գյարաքյանն աշխատում է քաղաքի նկարչական դպրոցում, Ծովինար Հարությունյանը Էջմիածնի մշակույթի պալատում երգի խմբակի ղեկավար է, իսկ Անահիտ Սարգսյանը ղեկավարում է մշակույթի պալատի պարի խումբը:

«Քաղաքում նույնիսկ խոսում են, թե այդ 21 հոգու նախընտրական գրավները` 70 000 դրամը, մուծել են հենց իրենք, այդ մարդկանց համար նախընտրական շտաբեր են բացել քաղաքի տարբեր հատվածներում: Իմ շտաբն իմ տունն է: Ես ֆինանսական հնարավորություններ չունեմ քաղաքի կենտրոնում շտաբ բացելու համար: Ավագանին չպետք է միայն քաղաքապետի համար ձեռք բարձրացնող կամ նրան հակադրվող լինի: Ավագանին պետք է կամք ունենա իր տեսակետը ճիշտ ներկայացնելու համար»,- հավելում է Աղասյանը:

Աղասյանն ասում է, որ իր նախընտրական ծախսերը կազմել են գրեթե 400 000 դրամ, ներառյալ նախընտրական գրավը, բուկլետները, քարոզչական պաստառները:

Օգոստոսի 22-ից սկսած, երբ մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, ավագանու թեկնածուն իր համախոհների հետ մի քանի օր շրջել է տարբեր ընտրատեղամասերի ընտրատարածքներում, բաժանել բուկլետներն ու ծրագրերը.

«Լավ է` շուտ բաժանեցինք: Թե չէ հիմա արդեն քաղաքապետարանի կողմից առաջադրված թեկնածուները որտեղ իմ կանանց բռնեին, երեւի կծեծեին: Փաստորեն, միշտ աշխատել եմ բոլորի համար ձայներ հավաքել, բայց ինձ համար չեմ կարողանում 800 ձայն հավաքել, որովհետեւ չեն թողնում: Շատ կուզեմ, որ երկրի նախագահն անձամբ հետամուտ լինի, որ ՏԻՄ ընտրությունները հավուր պատշաճի անցկացվեն»,-նշում է Աղասյանը:

Սեպտեմբերի 9-ին նրա շահերը պաշտպանելու են 69 վստահված անձ՝ հասարակական հիմունքներով, նրանց թիվ, սակայն, ավելի մեծ կլիներ, եթե հրաժարվողներ չլինեին.

«Նրանցից շատերն ընդգրկված են «Փարոս» ծրագրում եւ նպաստ են ստանում: Ավագանու անդամի համար իր թեկնածությունն է առաջադրել նաեւ Էջմիածնի «Փարոս» ծրագրի ղեկավարը (Հրաչ Ավետիսյան),- մտահոգվում է ավագանու կին թեկնածուն: – Կանայք վախեցան, որ եթե ինձ համար աշխատեն, իրենց ուղղակի կզրկեն այդ նպաստից»:

© Medialab.am