Մայրաքաղաքի տարեդարձի կապակցությամբ այսօր Երեւանում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել` թատերականացված բեմադրություններ, շքերթներ, երգ ու պար:
Չնայած վերջին տարիներին Երեւանի աղավաղված պատմությանը` գետնին հավասարված պատմական եւ արժեքավոր շինություններով, կանաչ տարածքների փոխարեն կենտրոնում բազմած անճաշակ սրճարաններով եւ վերջերս մայրաքաղաքում տեղադրված մեծերի կավ-գիպսե անդիմագիծ արձաններով, քաղաքապետը խոսել է ձեռքբերումների մասին:
Երեւանի ծննդյան 2794-րդ տարեդարձի առթիվ իր շնորհավորական ուղերձում, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ «այսօր մայրաքաղաքն ավելի գունեղ է, ծաղկառատ, լուսառատ, գրավիչ եւ ջերմ»:
«Եթե փորձենք մտովի ամփոփել հազարամյակների մեզ հայտնի տարեգրությունը, հաստա՛տ կարձանագրենք, որ մեր սիրելի Երևանը պատվով է անցել իր ճանապարհը,-նշել է Տարոն Մարգարյանը: Եվ եթե այդ անսահման թվացող ժամանակի մեջ դիտարկենք թեկուզ վերջին մեկ տարվա կատարածը, վստահաբար կարձանագրենք, որ քաղաքամայր Երևանն իր ծննդյան 2794-ամյակը դիմավորում է շոշափելի ձեռքբերումներով ու խոստումնալից հաջողություններով»:
Նա նշել է, որ ամեն մի սերունդ իր մթնոլորտն ու միջավայրն է բերում քաղաքին, հետքը թողնում քաղաքում` «հերթը մերն է»:
«Ու մեր սրտի մայրաքաղաքն այսօր շատ ավելի գունեղ է, ծաղկառատ, լուսառատ, գրավիչ ու ջերմ: Երևանի զարգացման հարցում էլ, ըստ էության, մեր նպատակը մեկն է. համադրելով մեր սիրելի քաղաքի անցյալն ու ներկան, պահպանել երևանյան հին ու բարի ավանդույթները` ապահովելով հարմարավետ միջավայր ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հազարավոր հյուրերի համար»,-նշել է նա, չնայած նրան, որ մայրաքաղաք Երեւանում փաստացի արդեն հնարավոր չէ խոսել անցյալի մասին եւ առավելեւս «պահպանել հինն ու բարին»:
«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր երևանցիներին ու տոնի բոլոր մասնակիցներին, ովքեր ամեն ինչ անում են, որ այս օրը Երևանը բոլորիս ու աշխարհին ներկայանա իսկապես որպես մեր սրտի մայրաքաղաք»,-ասել է քաղաքապետը։
Երեկոյան, ինչպես տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը, «մայրաքաղաքի սրտում» կանցկացվի Գալա համերգ` տոնական հրավառությամբ: Գալա համերգին կմասնակցեն ինչպես Ռուսաստանից հրավիրված աստղեր, այնպես էլ հայ հիմնականում ռաբիզի վառ աստղերը:
Երեւանի մասին հեղինակային լավագույն կատարումներն այս անգամ եւս տեղ չեն ունենա մայրաքաղաքի տոնին տեղադրված 26 երաժշտական եւ ժամանցային հարթակներում:
«էն որ ասում են իմ քաղաքն է, սա հենց ինձ համար է ասված, ես ծնվել մեծացել եմ մայրաքաղաքի սրտում, բայց ինձ անտեսված եմ զգում, որովհետեւ իմ արվեստը չի տեղավորվում այսօրվա մշակութային քաղաքականություն կերտողների ծրագրերի մեջ»,- a1plus.am-ին ասել է հայտնի հեղինակային կատարող Լիլիթ Պիպոյանը:
«Ես կուզենամ, որ արտագաղթը պակասի, և շնորհավորում եմ էն մնացած երևանցիներին, որոնք շարունակում են սիրել մեր քաղաքը»,- ըստ Tert.am-ի նշել է երգահան Ռուբեն Հախվերդյանը` տեղեկացնելով, որ ինքը եւս չի մասնակցելու տոնակատարությանը:
© Medialab.am
http://www.youtube.com/watch?v=DF2Md8yShDg