«Ինն տարի ա ամուսնացած եմ, 9 տարի ա՝ ամուսինս գնում ա խոպան». Մեղրաձորում արտագնա աշխատանքի մեկնողների թիվը տարեցտարի աճում է

«Ինն տարի ա ամուսնացած եմ, 9 տարի ա՝ ամուսինս գնում ա խոպան». Մեղրաձորում արտագնա աշխատանքի մեկնողների թիվը տարեցտարի աճում է
«Ինն տարի ա ամուսնացած եմ, 9 տարի ա՝ ամուսինս գնում ա խոպան». Մեղրաձորում արտագնա աշխատանքի մեկնողների թիվը տարեցտարի աճում է

Հեկտարներով ձգվող Մեղրաձորի դաշտերում բերքահավաքը շարունակվում է:
Իրարից մի քանի մետր հեռավորությամբ արևի տակ դրված սպիտակ պարկերը գյուղացիների՝ հողից սևացած ձեռքերի ժրաջան աշխատանքով մի քանի ժամում լցվում են կարտոֆիլով:
Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղը գտնվում է Մարմարիկ գետի ձախ ափին` Հրազդան քաղաքից 15 կմ հեռավորության վրա:
Ամեն օր առավոտյան ժամը 5-ից ոտքի վրա տան կենցաղային հոգսերով զբաղվող մեղրաձորցի Ժաննա Մանասյանը ամուսնու, աղջկա, սկեսրոջ և փեսայի հետ արևի տակ կռացած ջանասիրաբար փորում է, հանում հողամասի երկայնքով աճած կարտոֆիլն ու լցնում փոքրիկ դույլերի մեջ: Նա նշում է, որ Մեղրաձորում գյուղացիները հիմնականում կարտոֆիլ են մշակում:

«Մենք ընդհանուր մի 7-8 տոննա կարտոֆիլ ենք ստանում մեր հողատարածքներից: Հիմնականում փոխանակում ենք գյուղում, որ տնտեսական ապրանքներ են բերում վաճառելու կամ այլ բերք: Դե, մի քիչ էլ մեզ է մնում, հաջորդ տարվա համար սերմացու ենք պահում, շատ քիչ է, որ մեր ստացած կարտոֆիլից վաճառենք, մանավանդ որ կիլոն հիմա իջել է 80 դրամի»,- ասում է 47-ամյա Մանասյանը:

Մեղրաձորի աշնան բերքը

18 տարի Մեղրաձորում ապրելով՝ Մանասյանների ընտանիքը զբաղվում է հիմնականում անասնապահությամբ, մեղվաբուծությամբ ու հողագործությամբ: Տիկին Ժաննայի ամուսինը, ով 1990-ականներին աշխատել է ներքին գործերի նախարարությունում, մասնակցել Ղարաբաղյան պատերազմին (1988-1994 թթ.), այսօր ստանում է 50 հազար դրամ թոշակ:

«Դե, անկախությունից հետո շատ բան է մեր գյուղում փոխվել դեպի լավը, դպրոցն է վերանորոգվել, մանկապարտեզն է երեխաների համար անվճար, հետո` ամեն մարդ իր գլխի տերն է, ոնց կուզի` կաշխատի, կտնօրինի: Բայց վատն էն է, որ էսօր գյուղացին ուրիշ աշխատանք չունի, բացի իր հողը մշակելուց ու անասունից: Անասունը պահում ենք, վաճառում ենք, որ գոնե երեխայիս վճարը տանք, տնտեսագիտական համալսարանում մագիստրատուրա է սովորում»,- ասում է տիկին Մանասյանը:

2706 բնակիչ ունեցող Մեղրաձորում գործում է մեկ դպրոց, որտեղ սովորում է 310 աշակերտ, իսկ անվճար գործող մանկապարտեզ հաճախում է 65 երեխա: Գյուղի հիմնական խնդիրներից մեկը նոր ջրատարի կառուցումն է, որի հետևանքով գյուղի 40 տոկոսը տանը ջուր չունի: Իսկ անբարեկարգ ճանապարհների 80 տոկոսը դարձել է ամենօրյա փոշու և մեքենաների դժվարանցանելիության պատճառ:

«Գյուղի ոսկու հանքում այսօր աշխատում է 100-120 մարդ, բայց տարեցտարի շատանում են մեր գյուղից արտագնա աշխատանքի գնացողները: Այս տարի մենակ 400 մարդ է գնացել: Դե, 250-ը ամեն տարի գնում-գալիս են աշխատելու համար, իսկ մնացածն ընտանիքներով անվերադարձ հեռացել են»,- ասում է Մեղրաձորի համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Ռիմա Մանուկյանը:

Մեղրաձորցի 51-ամյա Ծովինար Մանուկյանը, ով ապրում է 3 անչափահաս թոռների, հարսի, տարեց սկեսրոջ ու սկեսրայրի հետ, արդեն 9 տարի է, ինչ ապրում է ամուսնուց ու որդուց հեռու:

«Իմ ամուսինը 54 տարեկան ա, տղաս` 30, ու ամեն տարի գնում են Մոսկվա աշխատելու, որպեսզի մեր հոգսերը հոգանք: Ստեղ կարտոշկա ենք մշակում, բայց ինչքա՞ն վաճառենք, որ կարենանք մեր ընտանիքը պահենք, իսկ ուրիշ աշխատանք գյուղում չկա»,- ասում է Մանուկյանը:

Ամիսներ շարունակ ամուսնուն և որդուն չտեսնող տիկին Ծովինարը ցավով է նշում, որ տան հոգսերն ընկած են իր և հարսի ուսերին:

«Եթե երեխան հիվանդանում է, բա հոր կարիքն ունի, որ տանի հիվանդանոց: Ճիշտ է, ես լավ փեսաներ ու հարևաններ ունեմ, որ ամեն ինչում մեզ օգնում են: Ես էլ սաղ օրն աշխատում եմ, ամեն ինչ անում, տղամարդու գործ էլ եմ անում, չեմ զլանում, որ ամեն ինչ հասցնենք, բայց լավ կլինի, որ մեր ջահելները ստեղ գործ ունենան, մնան մեր կողքին, որ ամուսինը կնոջից կարոտով չմնա, կինը` ամուսնուց»,- ասում է Ծովինարը, թոնրից հանելով տաք-տաք խորովածը ու լավաշի մեջ փաթաթելով, տալիս թոռներին:

Երեք տղաների մայր 28-ամյա Աննա Գալստյանն արդեն սովորել է սկեսրոջ՝ տիկին Ծովինարի հետ զբաղվել տան ողջ գործերով:

«Ինն տարի ա ամուսնացած եմ, 9 տարի ա՝ ամուսինս գնում ա խոպան: Մոսկվայում են մնում, վերելակների գործ են անում: Շատ դժվար է իհարկե առանց ամուսնու, երեք երեխա ունեմ, երկու տղաներս զույգ են՝ 7 տարեկան, իսկ փոքր տղաս` 2,5: Իրենք էլ են արդեն սովորել առանց հոր»,- ասում է Աննան:

Տարին մեկ ամսով կամ մեկ շաբաթով տուն վերադարձող հայրերը կարոտով են թողնում ընտանիքի մյուս անդամներին: Հարազատները նշում են, որ հիմնականում տուն են վերադառնում Ամանորի նախաշեմին, որպեսզի գոնե այդ մի քանի օրը միասին անցկացնեն ու իրար հետ ուրախանան:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարները` Փիրուզա Խալափյանի

Ամբողջական ֆոտոպատմությունն` այստեղ:

© Medialab.am