«Գիտեի, որ վարակվելու հավանականությունը 90% է, բայց չեմ վախեցել, գիտեի, որ իմ կարիքը կա, չէի կարող տանը նստել». Մելինե Հարությունյանը` բուժքույրը

էրեբունի բժշկական ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանող Մելինե Հարությունյանը 3 ամիս առաջ իմանալով, որ հանրապետությունում բուժաշխատողների անհրաժեշտություն կա, որոշել է, ինչպես ինքն է ասում՝ ձեռքերը ծալած չնստել և որպես կամավոր ներգրավվել «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում՝ օգնելու կորոնավիրուսով վարակված հիվանդներին։

«Ես հասկացա, որ կարիքը կա, գիտեի, որ կարող եմ օգնել, ոչ մի ձև չէի կարողանում տանը նստել, դիմեցի, ընդունվեցի։ Ի սկզբանե իմացել եմ, որ վարակվելու հավանականությունը 90% է, բայց չեմ վախեցել, մինչ օրս չեմ վարակվել, պահպանում եմ բոլոր կանոնները»,- ասում է բուժքույրը։

Նշում է, որ հիվանդներին օգնելու ցանկությունը, նրանց շնորհակալ վերաբերմունքը մոռացնել են տալիս աշխատանքի լարվածությունն ու գերհոգնածությունը։

«Պատկերացրեք՝ մոռանում ես գերհոգնածության մասին, երբ գիտակցում ես գործդ ինչի համար է։ Երբ բարձրանում եմ աշխատանքի՝ հերթափոխս ընդունելու, հիվանդներս ժպտալով արդեն ճանաչում են, դիմավորում են, ինձ համար մեծ բան է, երբ լսում եմ գովեստի, շնորհակալական խոսքեր, օրհնանքներ, ամենամեծ բանն է ինձ համար»,- նշում է բուժքույրը։

Ասում է, որ ամեն ինչ արվում է բուժանձնակազմի կողմից, որ հիվանդներն իրենց լավ զգան։ Փորձում են դրական տրամադրություն ստեղծել, հոգեբանական աջակցություն տրամադրել։

«Նրանք գիտեն, որ վարակված են կորոնավիրուսով, ինչն արդեն վախ է առաջացնում, իրենց հարազատի հետ շփման հնարավորություն չունեն, տեսնում են պաշտպանիչ արտահագուստով բժիշկներին, մեծ սթրես է նրանց համար այդ ամենը, իսկ դրանից ազատվելու համար անմիջական շփում ենք ստեղծում, պոզիտիվ միջավայր։ Ընդունվելու պահից հիվանդները զգում են էդ բարի միջավայրը։ Սկսվում է մեր աշխատանքը՝ դեղորայքային միջամտություն, հոգեբանական աջակցություն, ասում ենք՝ բոլորս ձեր կողքին ենք, պայքարում ենք հենց ձեր կյանքի համար, դուք մեզ հետ պետք է պայքարեք, ինչպես մենք ենք ձեզ հետ աշխատում, էնպես էլ դուք մեզ հետ պետք է աշխատեք, որ համագործակցենք, ինչ-որ բանի հասնենք»,- ասում է բուժքույրը։

Նշում է, որ մեծ տոն է իրենց համար, երբ որևէ ծանր վիճակում գտնվող հիվանդ ապաքինվում է։

«Մենք ունեինք մի հիվանդ՝ Մոսկվայից էր եկել, 40 տարեկան կլիներ, սիրտ-թոքային անբավարարություն ուներ։ Նրա նշանակումները գիրք էին դարձել, էնքան էր հաստացել թղթերը, նա դուրս գրվեց անցած շաբաթ, հավատացեք, որ ամբողջ անձնակազմը մոմ էր վառում, որ նա ապաքինվի»,- նշում է բուժքույրը։ 

Ասում է, որ, այդուհանդերձ, լինում են հիվանդներ, որոնք վարակված են, ունեն վատ ինքնազգացողություն, սակայն չեն հետևում բժիշկների ցուցումներին։

«Շատ հիվանդներ ունենք, որ քմահաճ են լինում, մտածում են՝ դեղորայքը իրենց չի օգնելու, բայց պայքարում ենք, որ բուժումը նորմալ լինի»,- ասում է բուժքույրը։

Ընդգծում է, որ նախորդ ամիսը շատ սթրեսային է տարել, քանի որ հիվանդությունից շատ մահեր են գրանցվել․ «Անցած ամիս իմ ամենասթրեսային ամիսն էր, շատ մահեր ունեցանք»։

Բուժքույրը զարմացած է, որ հիվանդության վտանգների մասին իրազեկմանը զուգահեռ մարդիկ չեն պահպանում կանոնները՝ վիրուսից պաշտպանվելու և իրենց հարազատներին պաշտպանելու առումով։

«Երբ 2 ամիս հետո դուրս եկանք քայլելու և՛ հիվանդանոցներից, և՛ հյուրանոցներից, ես շոկի մեջ էի։ Մտածում էի՝ մարդիկ հասկանում են, որ կորոնավիրուսը վտանգավոր է, դրանից մահանում են, բայց տեսնում եմ՝ մարդիկ ո՛չ հավատում են, ո՛չ վախենում։ Բոլոր հեռուստաալիքներով ասում են՝ պահպանե՛ք կանոնները, ես էլ նույնը կասեմ՝ կրե՛ք դիմակ, կանոնների՛ն հետևեք, որ շուտ հաղթահարենք այս վիճակը»,- ընդգծում է բուժքույրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am