Մարգարիտա Սիմոնյան. Լևիաթանը

Մհեր Արշակյան

Սիրելի՛ Մարգարիտա, ձեզ այնքան շատ պատասխանեցին Հայաստանից, որ կարիք չկա խոսել այս կողմերից: Ես ձեր ասածների հետ հաշտ լինելու միայն մի եղանակ գիտեմ` մտածել, որ ձեր գլխի հետ ինչ-որ բան այն չէ: 

Ձեր նամակի հիմնական մտահոգությունը Ղրիմը ճանաչելը չէ, այլ` ինչպե՞ս մեր հեղափոխությունը հեռու պահել Ռուսաստանից: Այսինքն՝ ձեր դարդը Ռուսաստանն էլ չէ, այլ հենց` Վլադիմիր Վլադիմիրովիչը:

Ինչպե՞ս անել, որ ռուսները նրան ռելսերից չգցեն: Այսինքն՝ եթե ձեզ մոտ հեղափոխություն լինի, դուք ռուսներին էլ եք ատելու: Ահա ինչու ինձ համար կարևոր չէ, թե ձեզ ինչ են պատասխանում Հայաստանից, կարևորն այն է, թե ինչ են մտածում ռուսները ձեր գրածի մասին: 

Դուք Հայաստանն օգտագործել եք իբրև շիրմա ռուսների վրա թքելու համար, իբր նրանք իրավունք չունեն փոփոխություններ պահանջելու: Դուք ձեզ վատ վիճակում եք դրել, ո՞ւր եք փախչելու, եթե այդ փոփոխությունները եղան: Նավալնին արդեն մերկացրել է ձեր «ռուսասիրությունը»:

Մենք մերկացնելու բան չունենք, անձամբ ես նորմալ եմ գնահատում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ ձեր սերը: Դա սեր է через Պուտին:

Այսինքն՝ հասկանալի սեր է: Որովհետև նա էլ խնդիրներ ունի հայ լինելու հետ, ինչպես Անդրանիկ Միհրանյանը, ինչպես Արա Աբրահամյանը: 

Դուք ասում եք, թե արտասահմանցիները մեր երիտասարդներին սովորեցնում են պաշտոնանկ անել ձեր Պուտինին: Ради Бога, սիրելի՛ Մարգարիտա:

Մի՛ արժեզրկեք ռուս ժողովրդին: Այսինքն՝ դուք պաշտպանում եք մեկին ամբողջ ռուս ժողովրդից: Դուք լա՞վ եք մտածել՝ ինչ եք խոսում:

Այսինքն՝ այդտեղ ռուսները դա չեն կարող անել, մեր ջահելնե՞րը պիտի անեն: Թե՞ պիտի ասեք` անող են, թող առանց մեր ջահելների անեն:

Մարգարիտա՛, անում են այն ժամանակ, երբ ուզում են անել: Մենք 20 տարի Քոչարյան ու Սերժ հանդուրժեցինք: Ու ժողովուրդն արեց, չէ՞: 

Լսե՛ք, ես այստեղից չեմ հոխորտում մարդու վրա, որին վաղը կարող են հիշեցնել, որ ինքը հայ է ոչ իր հողում: Դուք արդեն ձեզ դրել եք ամենավատ վիճակում:

Ձեր ուղերձով դուք բոլորին ուզում եք սովորեցնել, թե ինչպես հացի տեր լինել:

Ձեզ նման վարքով այստեղ երկու տասնյակ տարի մարդիկ ապրել են, քծնել են Քոչարյանին ու Սերժին, ընտրություններ են կեղծել, փող են բաժանել: Հիմա նրանց ձայնը չի լսվում, որովհետև նոր պայմաններում նրանց հասկացրել են, որ իրենք «իրենց հողի վրա չեն», սիրելի՛ Մարգարիտա: 

Ձեզ հետ հարգանքով խոսելն ունի բացատրություն. դուք մայր եք, և ձեր երեխաները մի օր կարդալու են այս ամենը:

Ես վախենում եմ ձեզ համար, դուք լրագրող եք ինչ-որ մեկի միջով, եթե էդ ինչ-որ մեկը վաղը դուրս թռնի իշխանությունից, դուք օրվա հացի խնդիր կունենաք: Ձեզ իսկապե՞ս վախեցրել է մեր իշխանությունների այն միտքը, որ կարող են հեղափոխություն արտահանել: Ու էդ պատճառով հիշել եք, որ Հայաստանը Ղրիմը չի՞ ճանաչել: 

Հիմա տեսեք, երբ Զվյագինցևը Լևիաթան է նկարում, ինքն «արտահանում» է մաքուր ռուսական մի անբարոյականություն, որը կարող է լացացնել ամերիկաբնակ ռուսին: Դա ինքը` Զվյագինցևն է պատմել:

Դա իր հեղափոխությունն է բոլոր այն հոգիներում, որոնք էդ անբարոյականությունը չեն ենթադրել: Ես ձեզ չեմ ենթադրել, սիրելի՛ Մարգարիտա:

Ու ավելի դժվար է պատկերացնել, որ դուք` «հայ ժողովրդի ներկայացուցիչդ», հնարավոր եք մի հողում, որտեղ ոչ մի շարքային ռուս մեղավոր չէ, որ դուք այդպիսին եք: 

Ո՞վ էր ձեզ խնդրել ձեր ատելությունը հրապարակայնացնել` դուք սիրում եք Ռուսաստանը, ձեր խոսքում ոչ մի խոսք չկա Հայաստանը սիրելու մասին, որպես ի՞նչ եք դիմել Հայաստանի իշխանություններին: Ձեզ դիմել են, որ ինչ-որ բա՞ն ասեք հայ-ադրբեջանական հակամարտության մասին: 

Գրողի ծոցն ուղարկեք էդ խնդրանքը ու գնացեք ձեր բալիկի մոտ: Էստեղ երիտասարդներ են զոհվում առանց իրենց սերը բղավելու: Մյուս կողմում՝ ադրբեջանցիներ են զոհվում գուցե նույն պատճառով, գրողի ծոցը գնացեք Պուտինի հանդեպ ձեր սիրով ու Դոստոևսկու լեզվով մի՛ փորձեք ոչնչացնել Նարեկացու շահառուներին: Այսքան բան: 

Մհեր Արշակյան

MediaLab.am