«Ադրբեջանը չի կարողացել իրականացնել իր առաջ դրած խնդրի գոնե մեկ տոկոսը»․ Ռազմական փորձագետ

Լուսանկարը՝ «SputnikArmenia»

«Մեդիալաբի» հարցազրույցը ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ

– Պարո՛ն Հովհաննիսյան, երեկ պաշտոնապես հաղորդվեց, որ հարավային ուղղության վրա թեժ մարտեր են տեղի ունեցել։ Արդեն առկա տեղեկությունների հիման վրա ի՞նչ մասնագիտական վերլուծություններ կարող եք անել։

– Իրականում, այս պատերազմի ընթացքում երեկվա մարտերը թերևս երկրորդն էին, որ մարտավարական առումով մեզ համար բարվոք վիճակներ էին ստեղծել։

Այսինքն՝ առաջին դեպքում մենք հաջողություն գրանցեցինք այդ ուղղությամբ կռվող կորպուսի նկատմամբ և, կրկին թակարդի մեջ գցելով, ոչնչացրեցինք մարդկային մեծ ուժ ու տեխնիկա։

Եվ արդեն երեկվա մարտերի ժամանակ Ադրբեջանի 4-րդ բանակային կորպուսը կրկին գցեցինք ծուղակի մեջ և դարձյալ ոչնչացրեցինք նրանց։

Գիտեք՝ այստեղ հարցը ոչ թե այն է, թե որքան կարողացան խորանալ, և որքան մեր մարտավարությունը կարողացանք ներկայացնել որպես նահանջ, այլ այն, որ մենք կարողացանք շատ լուրջ վնաս հասցնել թշնամու բանակին թե՛ մարդկային, թե՛ տեխնիկական առումով, կոտրել կարևոր ողնաշար, որովհետև ոչնչացվեց այն բանակային կորպուսը, որն այդ ուղղությամբ մարտ էր վարում։

Այդ կորպուսը նաև համարվում էր էլիտար բանակային կորպուս։ Այդ առումով երեկվա մեր գործողությունները փառահեղ էին։ Բայց, իհարկե, չպետք է սահմանափակվենք դրանով, որովհետև այս պահին լուծեցինք մարտավարական խնդիր, մեր առջև դրված է ռազմավարական խնդիր լուծելու հարցը։ Իսկ որպեսզի այդ խնդիրը լուծենք, պետք է նմանատիպ մի քանի մարտավարական գործողություններ իրականացվեն։

– Դուք ասացիք՝ կոտրվեց ողնաշարը, բայց երեկ ՊՆ ներկայացուցիչը խուսափեց նման որակում տալուց և ասաց, որ դեռ վաղ է նման հայտարարություններ անելու համար։

– Ես դա նորմալ եմ համարում։ Ավելին, դա զինվորականին հարիր վարքագիծ է․ նմանատիպ հաջողությունների համար այդքան շատ ոգևորություն պետք չէ դրսևորել։

Եթե համեմատեք մեր զինվորականների և Ադրբեջանի զինվորականների վարքագիծը, մենք զուսպ ենք, փաստացի ունենք հաջողություն, չենք ոգևորվում դրանով և մարտի մեջ ենք մտնում, սակայն Ադրբեջանը, չունենալով որևէ հաջողություն, բարձրաձայնում է, թե իբր հաջողություններ ունի։

Դա նույնպես խոսում է մեր պրոֆեսիոնալիզմի մասին։ Այդ առումով ես նորմալ եմ համարում, որ մեր բանակում կամ, ընդհանրապես, քաղաքական ղեկավարությունը չի խոսում կոնկրետ հաջողությունների մասին։

– Երեկ Արծրուն Հովհաննիսյանը ասել էր, որ ռազմի պատմության մեջ չի եղել դեպք, երբ օպերացիայի 7-8-րդ օրը 12 անգամ ավելի շատ ուժը 1-2 կմ առաջ եկած լինի։ Սա ի՞նչ է նշանակում, սխալ մարտավարության հետևա՞նք։

– Գիտեք՝ ես հենց ամենասկզբում էի ասել, որ թուրք-ադրբեջանաահաբեկչական խմբավորումը իրենց առջև դրված խնդիրը պետք է կատարեր սեպտեմբերի 27-ին՝ մինչև կեսօր։

Բայց արդեն 23 օր է անցել, ոչ մի խնդիր չի կատարվել։ Իսկ նրանց առաջ դրված խնդիրը հյուսիսից և հարավից մտնել, շրջափակման մեջ վերցնել Լեռնային Ղարաբաղը, որտեղի բնակչությանը, ըստ Ալիևի, պետք է տրվեր մարդասիրական միջանցք՝ դուրս գալու այնտեղից ու հայտարարվեր, որ Լեռնային Ղարաբաղը գրավված է։

Սակայն մինչև այսօր Ադրբեջանը չի կարողացել իրականացնել այդ խնդրի գոնե մեկ տոկոսը։ Իսկ դրա միակ ընդդիմացողը հայոց բանակն է՝ իր քաջ մարտիկներով։

Հայ զինվորները իրենց կյանքով են պահպանում սահմանը, և եթե նույնիսկ հրամանատարությունը տալիս է նահանջ հրահանգ, նրանք մինչև չհամոզվեն, որ դա մարտավարական նպատակներ ունի, չեն ենթարկվում այդ հրահանգին։

Իհարկե, նույնը չի կարելի ասել թուրք-ադրբեջանաահաբեկչական վարձկանների մասին, որոնք կոտորվում են մարտի դաշտում։

– Հարավային հատվածում, որը մոտ է նաև Իրանի սահմանին, ՊԲ պաշտոնական տեսանյութերում մենք տեսանք ահաբեկիչների։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է այդպես որոշվել։

– Ադրբեջանական բանակի կողմից իրականացվող գազանությունը, դաժանությունը և նաև այդ մասին նկարահանելն ու համացանցում տեղադրելը ահաբեկչական խմբավորումների վարքագիծ են, բնորոշ են նրանց։

Դա նաև այլ նպատակ ունի՝ վախ սերմանել մարդկանց մեջ իրենց նկատմամբ։ Ճիշտ եք՝ ահաբեկչական խմբավորումները կռվում են հարավում, և դա ունի հատուկ նպատակ՝ շատ հեշտ է ահաբեկչական խմբավորումներին անցկացնել Իրանի տարածք, քանի որ սեղանին դրված է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև ընդհանրապես՝ պանթյուրքիզմի հարցը։

Ադրբեջանը և Թուրքիան նպատակ ունեն Իրանի ադրբեջանախոս հանրության մեջ ազգայնական զգացումներ արթնացնել, անջատողական տրամադրություններ առաջացնել։ Նշեմ նաև, որ Գյանջայում տեղի ունեցած պայթյունների համատեքստում այդ քաղաքի բնակչության շրջանում ակտիվ շրջանառվում է, որ այդ պայթյուններն իրականացրել են Ադրբեջան բերված ահաբեկիչները։ Այնպես որ, Ադրբեջանի բնակչությունը շատ լավ հասկանում է՝ ովքեր ահաբեկիչները և ինչ պատուհաս են իրենց գլխին դառնալու։

– Ադրբեջանի նախագահը երեկ ուղերձով էր հանդես եկել և թվարկել էր այն իբրև թե հայկական զինատեսակները, որոնք ոչնչացրել է իր բանակը։ Նա նշել էր, մասնավորապես, բալիստիկ հրթիռների մասին։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ էր այդ մասին շեշտում՝ սխա՞լ էին տեղեկացրել, թե պարզապես ցանկանում էր հպարտանալ հանրության առաջ։

– Բաքվի բռնապետը, այլևս հասկանալով, որ չի կարող թվարկել բնակավայրերի անունները, որոնք իսկապես գրավել են ու գտնվում են իրենց վերահսկողության տակ, արդեն անցնում է ինչ-որ վերացական պատմությունների։

Որպեսզի այդ պատմություններն ավելի տպավորիչ լինեն, սկսել է այնպիսի զինամթերքից խոսել, որ իրենք էին նախկինում հայտարարում, թե Հայաստանը նման զինամթերք չունի։ Կրկին հակասեցին իրենք իրենց ու հայտնվեցին ծիծաղելի վիճակում։ Եթե հավատանք նրան, ապա մենք միջմայրցամաքային հրթիռներ ունենք, ինչը ծիծաղելի է։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am