Տեռորը վերցնում է Եվրոպան: Եվ դա բնական է: Էրդողանը հաշվարկել է ամեն ինչ` ինքը պատերազմ է սկսում Ղարաբաղում, ու Եվրոպա է «առաքում» փոքրիկ պատերազմներ, որպեսզի Եվրոպան զբաղվի իրեն պարտադրված իսլամական մարտահրավերներով ու ոտքի տակ չընկնի, չխանգարի ամբողջ Արցախի գրավմանը: Հավանաբար հենց սրա նման մի բան է նկատել Փաշինյանը, երբ ասում է, որ թուրքերը մի օր հասնելու են Վիեննա:
Իհարկե, այս օրերի ահաբեկչությունները, նույնիսկ Վիեննայում, Փաշինյանի նկատած «արշավանքը» չեն, հիմա Էրդողանը միայն մթնեցնում է Եվրոպայի տեսադաշտը դեպի Հարավային Կովկաս: Որպեսզի ավարտի սկսածը:
Հոկտեմբերի 16-ին Էրդողանն ասում էր` ոչ մի եվրոպացի հանգիստ չի զբոսնելու իր փողոցներում: Նա գիտի ինչ է ասում, չէ՞ որ ինքն է այդ անհանգստության ճարտարապետը: Իսկ նա հո տեսել է աշխարհի ամենախաղաղասեր քաղաքակրթության անհոգությունները:
Երեկ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել Եվրոպայի տարբեր մայրաքաղաքներից, որոնք այնտեղ ծավալված «ղարաբաղյան» պատերազմներից վերածվել են ավերակների և միայն այդ մայրաքաղաքների հին օրերի ուրվականներն են հուշում, որ երբևէ եղել են քաղաքակրթության կենտրոններ։
Մութ իլյուստրացիաներով Լաքոթն ակնարկում է իսլամի «արևածագը» Եվրոպայում։ Լաքոթն առաջարկում է «գեթ 5 րոպե» մտածել այն մասին, թե ինչպես է պատերազմը մտնելու Եվրոպա։ Նա հասկացնում է, որ կյանքը միայն իմ բարեկեցությունը չէ, որ Եվրոպան կղզի չէ, որ Արցախում ծավալվողը նաև Եվրոպայի գործն է։
Լաքոթը Եվրոպային ցույց է տալիս իր պոլիտկոռեկտության հետևանքները՝ եթե դուք չեք տեսնում, թե ինչ է կատարվում Արցախում, հավանաբար շատ կուշանաք, երբ այդ ամենը կկատարվի Եվրոպայի մայրաքաղաքներում։
Լաքոթը լուսանկարների միջոցով պատմում է մի անտիուտոպիա, որն արդեն իրականությունից ավելի ռեալ է։ Նա ապրել է և Ֆրանսիայում, և Հայաստանում, և նա այդ երկրների դեմքին փչվող իսլամիզմի «արտաշնչում» ոչ մի տարբերություն չի տեսնում, Լաքոթի լուսանկարներում մեռնում է մարդը, որի համար արցախյան ողբերգությունը հոլիվուդյան սյուժե էր։
Այն, ինչ երեկ կատարվել է Վիեննայում, այն, ինչ մի քանի օր առաջ տեղի է ունեցել Փարիզում, երբ իսլամիստը սպանեց դպրոցի ուսուցչին, մի ռումբի գործարկումն է, որն այլևս հնարավոր չէ կանգնեցնել կոսմոպոլիտ հանդուրժողականությամբ։
Լաքոթը այլևս չի թվարկում անհանդուրժողականության օջախները, քանի որ այդ օջախները դուրս են եկել իրենց սահմաններից ու մտել են Եվրոպա։
Նրանք բերել են Եվրոպայի մայրամուտը, որտեղ արգելակվել են Հիսուս Քրիստոսի, Համլետի, Ֆաուստի և իշխան Միշկինի պատմությունները, որտեղ քաղաքակրթության տիեզերական ձգտումներին հակադրվել են մարդասպանության հին զենքերը, որտեղ համարավետ անկողինների փոխարեն մարդը պառկած է սեփական արյան մեջ, որտեղ բնության բոլոր գույները սեփական հանճարի գույներով լրացրած աշխարհն ունի մեկ գույն՝ գորշություն։
Հնարավոր չէ, որ բուն Եվրոպան աչքի ծայրով թերթած լինի Միշել Ուելբեքի «Անհնազանդությունը»։ Անտիուտոպիան քաղաքակրթության սիրելի ժանրն է, երբ զվարճանալու բոլոր տարբերակներն արդեն փորձարկվել են։
Եվրոպան չի առերեսվում այն բանին, որ իր քարոզած հանդուրժողականությանն ու սիրուն պատասխանում էին միայն սպանություններով, Եվրոպան բախվում է այն բանին, որ ոչ ինքը իր ձայնը բարձրացրեց այդ սպանությունների դեմ, ոչ նրանք իրենց ձայնն իջեցրեցին նոր սպանությունների սպառնալիքները հնչեցնելիս․ եղածը համարենք «Դանթեի 9-րդ պարունակի անեծք»։ Եվրոպան ստիպված է ընտրել իսլամիստների հետ ապրելու և նրանց դեմ պայքարելու ճանապարհների միջև։
Էրդողանը Եվրոպային առաջարկում է օպերատիվ սպանություններ որտեղ քեֆը կտա։ Իսկ Լաքոթը նույնքան օպերատիվորեն վերծանում է, թե ինչ կմնա այնքան գեղեցիկ Եվրոպայից, որի առևանգումով էլ սկսվեց մի գեղեցիկ աշխարհամասի պատմությունը։
Մհեր Արշակյան
MediaLab.am