Փրկչին սպասելիս

Վահրամ Թոքմաջյան

Երեք դար առաջ, երբ մեր քաղաքական-հոգևոր առաջնորդները փորձում էին ազատվել թուրք-պարսկական լծից, փրկությունը փնտրում էին դրսում։ Դա սկզբից Եվրոպան էր, իսկ ավելի ուշ՝ Ռուսաստանը։ 

Հենց այդ ժամանակ էր, որ եկեղեցին շրջանառության մեջ դրեց «Հյուսիսի մարդու» լեգենդը։ Համաձայն այդ լեգենդի՝ Ներսես Մեծը 4-րդ դարում երազում տեսել էր, որ կգա Հյուսիսի սպիտակ մարդը և կփրկի մեզ։ Հիմա լեգենդի կարիք չկա։ 

Այդ լեգենդը վաղուց արմատացած է, իսկ փրկչի գաղափարը նորից ակտուալ է դառնում։

Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմում կրեցինք ծանր պարտություն։ Ցանկացած պարտություն իր հետ բերում է ներքաղաքական ճգնաժամ։ Սա աքսիոմ է։ Իսկ ի՞նչ ունենք հիմա։

Իշխանություն

Իշխանությունը մսխեց հեղափոխության 2.5 տարիները։ Համեմատաբար խաղաղ ժամանակներում չունեցանք այն փոփոխությունների գոնե մի մասը, որոնք խոստացվել էին հեղափոխական հարթակից։ Դատական, ընտրական, կրթական, ուժային և այլ կարևոր համակարգերում զրո փոփոխությունները, միջանկյալ հեղհեղուկ վիճակի հաստատումը ստիպեցին անգամ հեղափոխության նվիրյալ մասնակիցներին կասկածել իրենց ընտրության մեջ։ Որևէ հարցում իշխանությունը չդրսևորեց վճռականություն և չգնաց մինչև վերջ։ Բոլոր հարցերում առկա է կիսատություն, շատ հաճախ՝ ծրագրային բացակայություն։ Կարող ենք հազար պատճառ բերել, թե ինչու է այդպես։ Սակայն այդ պատճառների թվարկումն իրերի ուղին չի փոխի։

Կարևորագույն հարցերում, ինչպիսին, օրինակ՝ Արցախի հարցն է, իշխանությունը շարունակեց իր նախորդների գաղափարական՝ «ոչմիթիզական» մոտեցումը։ Ի հետևանք ունեցանք այն, ինչ ունենք։ Պարտված պատերազմ։

Արդյունքում՝ նույնիսկ այս իրավիճակում իշխանությունը չունի լուծումներ։ Ու սա ամենավախեցնողն է։ Եթե խաղաղ ժամանակներում, ունենալով հանրային աննախադեպ աջակցություն, չես կարող լուծել տարրական խնդիրներ, ապա ինչպե՞ս ես լուծելու այդ խնդիրները ճգնաժամային իրավիճակում՝ պարտության բեռն ուսերիդ։

Ընդդիմություն

Թվում էր, թե ամենանվիրական հարցում պարտությունը հեղեղելու է փողոցները։ Մարդիկ առաջին իսկ կոչով դուրս են գալու փողոցներ, հրապարակներ։ Բայց, ինչպես տեսնում ենք, այդպես չեղավ։ Ընդդիմության հավաքները եթե լինեին սովորական՝ առօրյա խնդիրների շուրջ, կարող էինք անգամ բազմամարդ համարել։ Սակայն Արցախյան պատերազմի պարտությունն ունենալով առանցքում՝ ստիպված ենք այլ դիտանկյունից նայել գործընթացին։ Ըստ էության, ընդդիմությունը նույնպես օրակարգ չունի։ Ունեն խնդիր՝ Նիկոլ Փաշինյանի հեռացում։ Սա հասկանալի է բոլորին։ Իսկ օրակարգը թևածում է մեկ հասկացության շուրջ․ «Մենք ավելի լավ ենք Ռուսաստանի հետ»։ 

Կողմերից որևէ մեկը չի ասում, որ չեղարկելու է հայտարարությունը։ Որևէ մեկը չի ասում, որ դեմ է ռուս խաղաղապահներին, որևէ մեկը չի ասում, որ վերադարձնելու է գոնե կորսված Հադրութն ու Շուշին։ 

Ստացվում է ի՞նչ։ Ստացվում է պայքար իշխանության համար։ Իսկ ընդդիմությունը չունի հանրային լայն աջակցություն, քանի որ հասարակության հիշողությունը կարճ չէ։ Դեռ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ է ասվել, որ հետագա ծայրահեղ զարգացումների համար պատասխանատու են խորհրդարան անցած ուժերը, այդ թվում՝ այսօրվա ընդդիմության երեք առանցքային խաղացողները։

Սակայն սա չի նշանակում, որ այսօրվա պարտության մեջ իշխանության դերը նվազում է։ Յուրաքանչյուրը պետք է պատասխան տա ու պատասխան տա իր չափով։

Այս ամենի հետևանքով հասարակության մեջ ստեղծված է մի վտանգավոր ապատիկ վիճակ՝ հղի ծանրագույն հետևանքներով։ Իշխանությունը պարտված է, իսկ ընդդիմությունը՝ նախկին։

Ու նորից հասարակությունը գնում է 300 տարի հետ։ Փրկչի է սպասում։ Իրերի այս դասավորությանը շատ լավ ծանոթ է. երկրի նախագահը՝ Արմեն Սարգսյանը։ Այդ մասին է խոսում նրա ուղերձը։ 

Արմեն Սարգսյանը կարող էր լինել այս երկու կողմերին հակակշռող, վտանգավոր զարգացումներով հղի իրավիճակը կանխող ուժը։ 

Իսկ ինչո՞ւ եմ խոսում անցյալ ժամանակով։ Երեկվա ուղերձից հետո, Արմեն Սարգսյանն այլևս բալանսավորող չէ։ Այլ՝ իշխանության հայտ ներկայացրած մեկը, որը դրա համար կուտակել է քաղաքական կապիտալ։ 

Միամտություն կլիներ կարծել, թե նա ստանձնել է ՀՀ նախագահի սիմվոլիկ դերը՝ պաղպաղակ ուտելու, բուրգերներ պատրաստելու կամ ազգային պարեր պարելու համար։ Այդպիսի սիմվոլիզմ նույնիսկ եվրոպական մնացած միապետական սիմվոլիկ ընտանիքներում չկա։

Նա, խոսելով արտահերթ ընտրությունների, իշխանության ձախողումների և «ազգային համաձայնության» կառավարության մասին, հաստատապես այդ դերում չի պատկերացնում ՔՈ կուսակցության խորհրդին կամ Վազգեն Մանուկյանին։ 

Իսկ ջրերը շարունակում են պարզ դառնալ, ու իշխանության համար պայքարի շոուն թևակոխում է նոր՝ ավելի վտանգավոր շրջափուլ։ Իսկ մենք դեռ կանգնած ենք ավելի արյունոտ ու վտանգավոր արտաքին խաղի մեջ ներքաշվելու իրողության առաջ։

Ո՞ւր է փրկիչը…

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am