Վազգեն Մանուկյան. Թալիբը

Մհեր Արշակյան

Ընկերներիցս մեկը բորբոքվել էր՝ Վազգեն Մանուկյանն ասում է` եթե Փաշինյանը չհեռանա, գազազած ամբոխը նրան կհոշոտի. ո՞նց է նա խոսում մարդկանց մասին: Բայց իմ ընկերը պապանձվեց, երբ հակադարձեցի` դո՞ւ լավ գիտես Վազգենի ժողովրդին, թե՞ ինքը: 

Իսկ եթե լուրջ՝ Վազգեն Մանուկյանին պետք է Սահմանադրությամբ արգելել նույնիսկ աղբահավաքի շարքային աշխատանք ստանձնելիս։ Որովհետև էս մարդը փաստորեն աչքի է ընկնում «գազազած ամբոխ» առաջնորդելով։

Վազգեն Մանուկյանին՝ մարդուն վերաբերող ոչինչ չի կարելի վստահել, որովհետև նա հաստատ գիտի ուրիշ մարդկանց տեղը, որոնք կարող են գազազել ու մարդ հոշոտել։

Նրան պետք է Սահմանադրությամբ արգելել որևէ գործ ստանձնելիս, որովհետև էս մարդու աչքերում ատելություն կա, էս մարդը չարությամբ է նայում իրերին։ Ու որ ամենասարսափելին է՝ էս մարդը իշխանության հոտ է առնում, ինչպես լեշի հոտն են առնում։ 

Վազգենն ի՞նչ է ուզում ասել՝ էդ գազազած ժողովուրդն էն «10 տոկոս անասունների» նման մի բա՞ն է (մարդն ընտանեկան բռնության կողմնակիցներին անվանել էր հասարակության 10 տոկոսը կազմող անասուն)։ Որովհետև եթե էդ 10 տոկոսը չէ, որն ընտանեկան բռնության կողմնակից է, ինչո՞ւ պիտի գազազի։

Թե՞ նրանք անասուն չեն ընտանիքում, բայց անասուն են դառնալու Նիկոլին հոշոտելիս։

Էդ որտեղի՞ց է էս մարդը պեղում ամբոխին։ Եվ ինչո՞ւ պիտի էդպիսի հանցագործություններով վախեցնողը հավակնի հանրապետության վարչապետի պաշտոնին։ Ո՞վ է այդպիսի մարդուն լուրջ վերաբերվողը։ 

Եթե Նիկոլ Փաշինյանը կորցրել է լեգիտիմությունը, բայց ոչ մի կերպ չի ցանկանում պոկվել նվիրական աթոռից, քաղաքական պրոցեսներ նախաձեռնեք, ձեր ձեռքի տակ փողոց կա, խաղաղ ցույցեր ու հանրահավաքներ արգելող չկա, ցույց տվեք ձեր ուժը։

Եթե ձեր ձեռքի տակ կա «ամբոխ», որը կարող է ձեր վերահսկողությունից դուրս գալ, դուք ի՞նչ գործ ունեք պետական իշխանության գլխին, գնացեք ձեր տուն, մի մկան ծակում ձեզ տեր զգացեք։ Այսինքն՝ դուք Փաշինյանին վախեցնում եք գազազած ամբոխո՞վ։ 

Հիշո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանն էլ մարտի 1-ով վախեցրեց։ Նիկոլ Փաշինյանի համար ինչ-որ բա՞ն է փոխվել։ Մեզ համար է փոխվել, ձեզ համար է փոխվել, ամբողջ աշխարհի համար է բան փոխվել, բայց Նիկոլ Փաշինյանի համար չի փոխվել, ու նա չի ուզում հեռանալ։ Բայց դրա համար նրան վախեցնում եք գազազած ամբոխո՞վ։ Շնե՞ր են, ի՞նչ է։ 

Ենթադրենք, թե դուք արդար եք։ Անձամբ իմ կարծիքով՝ Փաշինյանը պետք է նույնիսկ 6 ամիս չսպասի, այլ հեռանա հենց այսօր, բայց սահմանադրական ճանապարհով։ Պետք է հրաժարական տա, ու մնացածն արդեն քաղաքական ուժերը թող որոշեն։

Վազգեն Մանուկյանին առաջադրող քաղաքական ուժերը թող մտածեն արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին։ Նույնիսկ փողոցային շները գիտեն, որ «Իմ քայլն» արդեն լեգիտիմություն չունի։ Բայց իշխանությունը պետք է ձևավորի քաղաքակիրթ հասարակությունը, նույնիսկ եթե նրա մեծ մասի անունը Պողոս է։ Վազգեն Մանուկյանը վատ հեղինակություն ունի։

Նա լռվել, մնացել է 1996-ի սեպտեմբերի 26-ի իշխանություն վերցնելու մեթոդների մեջ։ Մենք դրա հետևանքները տեսել ենք։ Այն ժամանակ Վազգեն Մանուկյանը ժողովրդին բռնության տարավ կեղծված ընտրությունները չեղյալ համարելու հրամայականի ներքո։ Հիմա նա ուզում է վարչապետ հոշոտել պատերազմում պարտվելու ներքո։

Իսկ միգուցե գետի՞նը մտնենք այն փաստից, որ դեռ ի վիճակի ենք մարդ հոշոտելու։ Իսկ այն, որ այդպիսի գազանության գաղափարախոսը կարող է իշխանության հավակնել, ոչ թե գետինը մտնելու հայտ է, այլ՝ պետությունը գրողի ծոցն ուղարկելու։ Իսկապես որ՝ թալիբ լինելը հեղինակային իրավունք չունի։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am