Տնտեսական երկնիշ անկում, գնաճ, աղքատների ու ծայրահեղ աղքատների թվի ավելացում, արտագաղթի սպասվող ալիք․ տնտեսագետը՝ միտումների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը

– Պարոն Ավետիսյան, ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է տնտեսական ցուցանիշները, ըստ որի՝ այս տարվա 11 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7,2 տոկոսով։ Այս անկումը ի՞նչ է ցույց տալիս, ի՞նչ խնդիրներ ունենք տնտեսությունում։

– Նախ ասեմ, որ այդ 7,2 տոկոս անկումը 11 ամիսների ցուցանիշն է, իսկ այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ 10 տոկոս երկնիշ անկում ունենք։ Եվ այս եղած վիճակագրության կանխատեսմամբ մենք տարին ամփոփելու ենք առնվազն երկնիշին մոտ տնտեսական անկմամբ։ Այսինքն՝ այդ 7,2 տոկոս ցուցանիշը դեռ կաճի, երբ նաև դեկտեմբերի տվյալները ներառվեն։

Շինարարությունն է կրճատվել ավելի մեծ տեմպով, նաև առևտրի ոլորտը, առևտրի ոլորտում 13,5 տոկոս անկում կա, ծառայությունների ոլորտում՝ դարձյալ երկնիշ անկում։ Այսինքն՝ ակնհայտ է, որ շարունակվում է նաև համավարակի հետևանքով ծառայությունների ոլորտի անկումը։

Սրանք այն ոլորտներն են, որտեղ անկումը շատ ավելի մեծ հետևանքներ է թողնում սոցիալական իմաստով, որովհետև այդ անկումը ենթադրում է նաև իրական աշխատատեղերի փակում՝ իր բոլոր սոցիալական հետևանքներով։

Եթե մենք նայենք, որ 2021 թվական ենք մտնում էապես այլ որակի և ծավալի սոցիալական աննախադեպ բեռով, այսպիսի իրավիճակում մենք շատ լուրջ սոցիալ-տնտեսական մարտահրավերների առաջ ենք կանգնելու հաջորդ տարի։

Եվ այստեղ պետք է հստակ փաստել, որ այս ցուցանիշները նաև վերաբերում են պետական բյուջեի եկամուտներին։ Այսինքն՝ մենք ունենք պետական բյուջեի եկամուտների էական կրճատում, որն արդեն վաղուց անցել է երկնիշի շեմը։ Եվ այս պարագայում մենք արդեն պետք է լուրջ և խորքային վերանայենք մեր երկրի պետական քաղաքականությունը, հակաճգնաժամային գործիքները և այլն։ 

Այո, հանրային կյանքի բոլոր ոլորտներին վերաբերող ձախողման հետևանքներ մենք արդեն ունենք, որոնք կարելի է ձևակերպել որպես ճգնաժամային։

– Հասարակության կյանքում ի՞նչ փոփոխություններ են կատարվում, ի՞նչ սպասել 2021-ին։ Ես նկատի ունեմ մարդկանց սոցիալական վիճակը՝ հաշվի առնելով այն, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրանում են, մարդկանց եկամուտները՝ նվազում կամ մնում նույնը։

– Այսպես շարունակվելու պարագայում այս կործանարար ընթացքը չի կարող ուղղակի հետևանքներ չթողնել սոցիալական վիճակի վրա։

Այո, գները բարձրանում են, որովհետև ազգային արժույթն է արժեզրկվում, ինչը նորից հետևանք է տնտեսական զարգացումների։ Կրճատվում է մեր երկրից արտահանումը, արդեն 5-6 տոկոսի չափ արտահանման կրճատում ունենք 2020 թվականին։

Եվ պետք է փաստենք, որ այս պայմաններում հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գներն արդեն երկնիշին մոտ միջին աճ են գրանցել։

Այս պարագայում անխուսափելի է աղքատության խորացումը, հատկապես ծայրահեղ աղքատության, որովհետև այս իրավիճակն առաջին հերթին հենց հարվածում է աշխատող աղքատներին, գործազուրկներին, ծայրահեղ աղքատներին։

Մանավանդ այն բնակավայրերում կսրվեն խնդիրները, որոնք սահմանամերձ են, բարձրլեռնային, այսինքն՝ միջին հանրապետականից ավելի վատ տնտեսական պայմաններ ու ավելի բարձր աղքատության մակարդակ ունեն։

Առանց այն էլ մենք այսօր ունենք 26 տոկոսից ավելի աղքատության մակարդակ։ 2020 թվականի ամփոփ տվյալներով՝ մենք արդեն իսկ ունենալու ենք աղքատության էական բարձրացում՝ ընդհուպ մինչև 30 տոկոսի շեմ։

Իսկ այսպես շարունակվելու պարագայում աղքատության մակարդակի կայուն աճը շարունակվելու է նաև 2021 թվականին։ Համենայնդեպս, բոլոր նախադրյալները կան, որ մենք կանխատեսենք ու գնահատենք, որ, այո, 2021 թվականը լինելու է 2020 թվականի այս համատարած ձախողումների շարունակությունը։

Այսպես շարունակվելու դեպքում մենք նաև կունենանք արտագաղթի նոր, աննախադեպ ալիք։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am