Խորհուրդներ` հակառակ ուղղությամբ. Շահան Գանտահարյան

Խորհուրդներ` հակառակ  ուղղությամբ. Շահան Գանտահարյան
Խորհուրդներ` հակառակ ուղղությամբ. Շահան Գանտահարյան

Որքան մոտենա Ցեղասպանության 100-ամյակը, այնքան պիտի շատանան Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդականի հայտարարությունները: Եւ այս առումով, երեւույթը պետք է ընկալել օրինաչափ. ի վերջո ճիշտ չեն այն պնդումները, որ Մահչուպյանի նշանակման մեջ դեր չի ունեցել նրա հայազգի լինելը եւ թե Մահչուպյանն ընդհանրապես թուրքական հրատապ հարցերի նկատառումով է, որ նշանակվել է  վարչապետի խորհրդական:

Անկարայի համար երեւույթը ինքնին ենթակա է լիարժեք շահարկման. միջազգային ընտանիքին ցույց տալ, որ ազգային փոքրամասնությունները հարգվում են աշխարհիկ կարգերով ղեկավարվող կառավարման համակարգի կողմից: Իր խորքում Մահչուպյանի առաքելությունը կապվում է ուղղակիորեն հայկական գործոնի հետ եւ ավելի մասնակի` 100-ամյակի հետ առնչված Անկարայի ձեռնարկած գործողություններին:

Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի սահմանի բացման պայմանականության մասին խոսելով Դավութողլուի խորհրդականը պարզապես վերաբանաձեւել է Անկարայի նախապայմանային քաղաքականությունը: Բեկումնային այլ հայտարարություն ակնկալելը  քաղաքականորեն կարող է  մեկնաբանվել պարզամտությամբ:

100-ամյակին ընդառաջ հայկական ծայրահեղականության աճի մասին նախատեսություն անելով, Մահչուպյանը` իբրեւ Թուրքիայի պետական գործիչ հայկական կողմի վրա է բարդում փոխզիջումներով լուծման չհանգելու պատասխանատվությունը:

Այս հայտարարությունները Անկարայի դասական տեսակետներին համահունչ եւ գուցե նաեւ ակնկալելի կեցվածքներ են: Հայկական կողմը քաղաքական, հասարակական, թե լրագրական մակարդակներով աղմուկ բարձրացնելու տենդին չլծվելու հարկադրանքի առջեւ է: Սա տակավին սկիզբն է եւ նախանշել է որոշ վարքագիծ 100-ամյակի հետ կապված թուրքական քարոզչաքաղաքական գործողություններին:

Այս վարքագծին առընթեր, այսինքն պաշտոնական կեցվածքների  հայտարարությունների կողքին, սպասվում են այլ քայլեր: Հաշտեցման միտող սեմինարներ, նման խորհրդաժողովների համար հատկացվելիք դրամաշնորհներ, «Թուրքիա հրամմեցեք»-ի տարբեր հրավերներ, արվեստի եւ մշակույթի համատեղ ելույթներ, ձեռնարկներ եւ նմանատիպ նախաձեռնություններ:

Սահմանը փակ պահելով, ժողովուրդների բարեկամության, հաշտեցման, «Անատոլու հանրային մշակույթ»-ի ներկայացման հատկացված երեկոների կազմակերպում եւ Թուրքիայի կերպարի դրական կարծրատիպերի ստեղծման փորձերը հետեւողական, աշխույժ եւ անընդմեջ պիտի շարունակվեն Թուրքիայում, թե այլուր:

Հրավեր ստացող հայկական կողմը կա՜մ մերժելու եւ կամ էլ այս բոլորը իմանալով ընդառաջելու եւ այնտեղ կարելիի սահմաններում հարցերը արծարծելու ընտրանքի առջեւ է: Ավելի՜ն. Թուրքիայի քաղաքացիություն վերականգնելու առիթներ, պապենական կալվածքների վերատիրանալու կամ դրանց փոխհատուցումը ստանալու իրավական ճանապարհներ անցնելու ցուցմունքները հետզհետե շոշափելի կերպարանք պիտի ստանան:

Մահչուպյանը թե՜ պիտի հայտարարի հայ-թուրքական հարաբերությունների պայմանական եւ փաթեթային լինելը` հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ. այսինքն սահմանը փակ է, մինչեւ այն ժամանակ, որ իբրեւ առաջին նախապայման`  հայկական զորքերը չեն հեռացել Արցախից: Թե՜ հայ-թուրք ժողովուրդների հաշտեցման միտող այլ ձեռնարկներ պիտի թելադրի, կազմակերպել տա, ուղերձներ հղի: Միաժամանակ մեղադրի 100-ամյակի առիթով հայկական զարգացող ծայրահեղականությունը:

Այս բոլորը վարչապետի ծրագրերն են, նախապես հայտարարված այս կամ այն ձեւով: Մահչուպյանը խորհրդական է անպիսի մի երկրի վարչապետի, որտեղ խորհրդականները փոխանակ խորհուրդ տալու, իրականացնում են վարչապետի տված ցուցմունքները, պատվերները: Նաեւ խորհուրդները՝ հայկական հարցերի առնչությամբ:

Շահան Գանտահարյանը «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրն է