Կրկին փորձիր կամ նոր 96-ի սպասումով

Վահրամ Թոքմաջյան

Վազգեն Մանուկյանն ակնհայտ նոստալգիա ունի 90-ականների ու շենքեր գրավելու նկատմամբ։ Այս գործչին կարծես միշտ հետապնդել է առաջինը լինելու մոլուցքը։

Սակայն ինչ-որ հանգամանքներ նրան մշտապես խանգարել են։ Առաջին դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանի գործոնն էր, հետո արդեն նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը, իսկ դրանից հետո Մանուկյանը կորցրեց յուր պահանջարկը և լծվեց «մշտական թեկնածուի» ազնիվ պարտականությանը։ Իհարկե՝ նախագահի, բայց ամեն դեպքում՝ թեկնածու։

Այս ամբողջ ընթացքում Մանուկյանը չհրաժարվեց առաջինը լինելու կպչուն մտքից։ Գովելի համառություն է։ Կողքի հայացքը կարող է սուբյեկտիվ լինել, սակայն ակնհայտ է, որ առաջինը լինելու մոլուցքը նրան ոչնչի առաջ չի կանգնեցնում։ 

Դա մենք տեսանք 1996-ին, երբ իր կողմնակիցներին կոչ արեց․

«Եթե 20-30 րոպե հետո դուրս չեկանք, եկեք մեր հետևից»։ Նրանց հետևից գնացին։ Ավելին՝ մարդիկ կոտրեցին ԱԺ դարպասները և խուժեցին շենք, որտեղ այն ժամանակ տեղակայված էր ԿԸՀ-ն։ Իսկ թե հետո ո՞ւր գնաց Վազգեն Մանուկյանը՝ այդ մասին պատմությունն առայժմ լռում է։ Ոչ այդքան լուռ, բայց տուրք չտանք բամբասանքներին։ 

90-ականների ձախողված փորձը Մանուկյանը փորձում է վերակենդանացնել։ Նրան թերևս համոզել են, որ բացառիկ շանս ունի լինել առաջինը։

Ու նորից այդ կպչուն միտքը՝ օր ծերության լինել առաջինը։ Կապ չունի՝ ինչպես, կապ չունի՝ թե ինչքան, կապ չունի՝ ում համար։ Կարևորը՝ լինել։

Ակտիվ հարթակ վերադառնալուց հետո նրա մոտ սկզբից առկայծեց «ռազմական հեղաշրջման փորձը», հետո արդեն հույսը դրեց «գազազած ժողովրդի հոշոտման վրա», ավելի ուշ մարգարիտներ շաղ տվեց իր ճանապարհը փակած գյումրեցիների հասցեին՝ նրանց անվանելով բոմժեր, իսկ արդեն այսօր Արարատում որոշեց շենքեր գրավել։ 

Պարզվեց, որ ապստամբելու և շենքեր գրավելու ժողովրդի բնական իրավունքն ամրագրված է ԱՄՆ Անկախության հռչակագրում, Գերմանիայի Սահմանադրության մեջ.

«Մենք հիմա սահմանադրական ճանապարհով ենք գնում, ուզում ենք դուրս վռնդենք Նիկոլ Փաշինյանին, եթե սահմանադրական ճանապարհը արդյունքի չբերի, պետք է ապստամբություն անել:

Դա ժողովրդի բնական իրավունքն է, այդ իրավունքը ամրագրված է Միացյալ Նահանգների Անկախության դեկլարացիայում, գրված է, որ եթե կառավարությունը չի կարողանում կատարել իր պարտականությունները, ապա ժողովուրդն իրավունք ունի ապստամբության:

Գերմանիայի Սահմանադրության մեջ կա, որ եթե իշխանությունները խախտում են սահմանադրական կարգը, ժողովուրդն իրավունք ունի ապստամբության»: 

Եկեք ընդունենք, որ մտքի հանճարեղ փայլատակում է։ Բռնության դիմելու լավագույն հիմնավորում, քան ԱՄՆ Անկախության հռչակագիրը, չի էլ կարող լինել։ Իսկ հետաքրքիր է, ի՛նչ գործողությունների կդիմեր պարոն Մանուկյանը, եթե իմանար, որ Հնդկաստանում օրենքով արգելված է փղի հետ զրուցել քաղաքականությունից։

Իհարկե նա հետո փորձեց ինքն իրեն խմբագրել՝ պնդելով. «Շենքեր գրավելը և զոռով իշխանությունը փոխելը, իհարկե, առանց ֆիզիկական բռնության» և դրանով ավելի մոտեցավ Սերժ Սարգսյանի դասական բնութագրմանը։

Այո՛, սիրելի՛ ընթերցող։ Շենքերը պետք է գրավել նուրբ՝ բալետի շարժումներ կատարելով, իսկ իշխանությանը (որը բնավ աչքիս լույսը չէ) հեռացնել՝ ուսին թեթև թփթփացնելով, ու դա չի դիտարկվի որպես ֆիզիկական բռնություն։ Հետաքրքիր է, Մանուկյանն այս մտքերն արտացոլել է «Ինչպե՞ս անել» քերթվածում, որը, ըստ մամուլի հրապարակումների, գտել էին 96-ի խուզարկության ժամանակ։ 

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը շենքեր գրավվեցին։ Ի՞նչ եղավ։ Բոլորդ ականատեսն եք, չմանրամասնենք։

Թերևս մնում է հուսալ, որ ապագայի պատմաբանները, խոսելով մեր օրերի մասին, չեն գործածի Վազգեն Գրավիչ պատվանունը։ Ինչ լավ է հնչում՝ Վազգեն Գրավիչ, գրավիչ՝ սույն պարագայում շատ բազմիմաստ է…

Հ․ Գ․ Ես շատ բարդ եմ խոսում մեր անկախության ակունքներում, Արցախյան շարժման ակունքներում կանգնած, հաղթական պատերազմում որևէ դերակատարում ունեցած մարդկանց մասին։ Բայց հարկ է, որ այդ մարդիկ նույնպես հարգեն իրենց վաստակը և անցյալի անձնական ձախողումները չփաթաթեն հասարակության վզին։ Դուրս գան կործանարար անցյալականությունից։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am