Լոս Անջելեսը չեղյալ համարեց 845 հազար դոլար արժողությամբ պայմանագիրը Թուրքիայի վարձու լոբբիստական ընկերության հետ

Լոս Անջելեսը չեղյալ համարեց 845 հազար դոլար արժողությամբ պայմանագիրը Թուրքիայի վարձու լոբբիստական ընկերության հետ
Լոս Անջելեսը չեղյալ համարեց 845 հազար դոլար արժողությամբ պայմանագիրը Թուրքիայի վարձու լոբբիստական ընկերության հետ

Անցյալ տարի օգոստոսին իմ գրած խմբագրականում նախազգուշացրել էի, որ ամերիկահայ համայնքը և բարի կամքի տեր բոլոր մարդիկ կբոյկոտեն «Անհեսեր բուշ», «Բոինգ», «Շևրոն», «Ինթըրփրայս ռենթ է քար», «Ջեներալ էլեկտրիկ», «Գոլդման սաքս», «Գուգլ», Լոս Անջելեսի օդանավակայան, Ֆուտբոլի ազգային լիգա, Օքլենդի նավահանգիստ և «Յունայթեդ էյրլայնս» ընկերությունների ապրանքներն ու ծառայությունները, եթե նրանք չեղյալ չհամարեն իրենց պայմանագրերը Թուրքիայի տխրահռչակ լոբբիստական վարձու ընկերություններից մեկի՝ «Գեբարդ գրուպի» հետ:

Զարմանելիորեն, Ներկայացուցիչների պալատի մեծամասնության նախկին ղեկավար Դիկ Գեբարդը Կոնգրեսում իր երկարատև գործունեության ընթացքում պայքարել է ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման:  Սակայն պաշտոնաթողությունից շատ չանցած, նա դարձավ հայկական հարցերի մոլի հակառակորդ՝ փող աշխատելով Հայոց ցեղասպանության թուրքական ժխտումներից: ԱՄՆ արդարադատության նախարարության փաստաթղթերը բացահայտում են, որ «Գեբարդ գրուպին» վճարվել է տարեկան 1.4 միլիոն դոլար՝ Թուրքիայի շահերը Վաշինգտոնում առաջ մղելու համար:

Ըստ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի՝ Արդարադատության նախարարություն «Գեբարդ գրուպի» ներկայացրած փաստաթղթերը ցույց են տալիս, որ Գեբարդը և նրա գործընկերներն անցյալ տարի հանդիպումներ են ունեցել Ներկայացուցիչների պալատի և Սենատի տասնյակ անդամների հետ՝ աշխատանքներ տանելով ընդդեմ. 1) Կոնգրեսի բանաձևերի՝ Հայոց ցեղասպանության և Թուրքիայի կողմից քրիստոնեկան եկեղեցիները վերադարձնելու վերաբերյալ, և 2) բացահայտումների, որ Թուրքիան աջակցել է իսլամական ջիհադականներին՝ Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաք նրանց ներխուժման ժամանակ:

Ավելի նողկալի է, որ Արդարադատության նախարարության փաստաթղթերը ցույց են տալիս, թե ինչպես 2014 թվականի ապրիլի 24-ի հենց նախօրեին Գեբարդի գործընկեր Ջանիս Օ՛Քոնելը կապ է հաստատել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Բրայան ՄաքՔեոնի և Պետքարտուղարի օրենսդրական հարցերով տեղակալի օգնական Չադ Քրեյկեմիերի հետ, որպեսզի ձևափոխի Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահ Օբամայի ամենամյա հայտարարությունը՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանի խեղաթյուրված և կեղծավոր ներողությունից հետո, որ նա հայտնել էր Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բոլոր զոհերի համար:

Արդարադատության նախարարության փաստաթղթերը նաև բացահայտում են, որ Գեբարդը և Օ՛Քոնելը  2014 թ. մարտի 3-ին «Թուրքական ավիաուղիներով» մեկնել են Ստամբուլ և Անկարա՝ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդականի հետ հանդիպելու նպատակով: Գեբարդը Ստամբուլ և Անկարա է մեկնել Փարիզից, երթուդարձի համար ծախսելով 1513 դոլար, իսկ  Օ՛Քոնելը Ստամբուլ և Անկարա է մեկնել Վաշինգտոնից՝ ծախսելով 6986 դոլար երթուդարձի համար: Երկու լոբբիստները երեք օր գիշերել են Ստամբուլի «Կոնրադ» հյուրանոցում, և յուրաքանչյուրի ծախսը կազմել է 710 դոլար: Թուրքիայում եղած ժամանակ նրանք ծախսել են 600 դոլար լիմուզինների ծառայության վրա:

Անցյալ ամիս Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, Ամերիկայի հայկական համագումարը և Հայ երիտասարդաց դաշնակցությունը (Արևելյան և Արևմտյան ԱՄՆ) ավելի քան 200 նամակ են ուղարկել «Գեբարդ գրուպի» և Թուրքիայի համար աշխատող չորս այլ լոբբիստական ընկերությունների՝ «Դիկշտայն շապիրո» ՍՊԸ-ի, «Գրինբերգ թրորիգ», «Ալփայթակ» և «Միջազգային ԼԲ» հաճախորդ հանդիսացող գործարարներին, համալսարաններին և հասարակական կազմակերպություններին: Նման մի նամակով նրանք  խնդրել են «Յունայթեդ էյրլայնսից» պահանջել լոբբիստական ընկերությունից դադարեցնել իր  պայմանագիրը Թուրքիայի կառավարության հետ, հակառակ դեպքում ավիաընկերությունը պետք է խզի իր պայմանագիրը լոբբիստական ընկերության հետ: Եթե մինչև փետրվարի 28-ը ոչ մի գործողություն չձեռնակվի՝ ամերիկահայերը պետք է բողոքի ակցիա անցկացնեն ինչպես լոբբիստական ընկերության, այնպես էլ «Յունայթեդ էյրլայնսի» դեմ:

Թուրքիայի լոբբիստական ընկերություններին հակազդելու ջանքերը տվեցին իրենց առաջին պտուղները: Փետրվարի 23-ին Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հայտարարեց, որ Լոս Անջելեսի «Միջազգային օդանավակայանները» [LAWA], որն ամբողջությամբ պատկանում է Լոս Անջելես քաղաքին, որոշել է խզել իր 845 հազար դոլար արժողությամբ պայմանագիրը «Գեբարդ գրուպի» հետ, այն բանից հետո, երբ  անցյալ տարվա դեկտեմբերին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը կոչ է արել քաղաքապետ Էրիկ Գարսետիին՝ «վերջ դնել Լոս Անջելես քաղաքի և Դիկ Գեբարդի միջև եղած բոլոր կապերին»:

Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Նորա Հովսեփյանը ողջունեց «LAWA-ի և Լոս Անջելես քաղաքի պաշտոնատար անձանց՝ զրոյական հադուրժողականության քաղաքականություն ցուցաբերելու սկզբունքային դիրքորոշման համար ընդդեմ ցեղասպանության ժխտողականության: LAWA-ի որոշումն արտացոլում է ճիշտ կառավարման ամենաբարձր չափանիշները և ավելի է ամրապնդում Լոս Անջելեսի՝  պետական և միջազգային առաջնորդ հպարտ դիրքորոշումը ցեղասպանության կանխարգելման և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով: Որպես ցեղասպանությունը ժխտող անձ՝ Գեբարդն արժանի չէ Լոս Անջելեսի բնակիչների անգամ մեկ դոլարին, և չպետք է որևէ կապ ունենա մեր քաղաքի հետ»:

Ըստ Արեմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ձեռք բերած փաստաթղթերի՝ «Գեբարդ գրուպ» ընկերությունը «845 հազար դոլար արժողությամբ պայմանագիր է ունեցել LAWA-ի հետ, որի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2012 թ. Լոս Անջելեսի նախկին քաղաքապետ Անտոնիո Վիլարագոսայի պաշտոնավարության ժամանակ: LAWA-ի հետ պայմանագրի հաստատումից հետո, «Գեբարդ գրուպը» ստանում էր ամսական ավելի քան 23 հազար դոլար վարձատրություն իր աշխատանքի դիմաց օդանավակայանի համար, միաժամանակ ներկայացնելով Թուրքիայի կառավարության շահերն ընդդեմ ամերիկահայ համայնքի շահերի»:

Այս առաջին խոշոր հաղթանակից հետո ամերիկահայերը պետք է շարունակեն կոչ անել մնացած 200 ընկերություններին՝ «Գեբարդ գրուպի» և Թուրքիայի կողմից վարձու այլ լոբբիստական ընկերությունների հաճախորդներին՝ խզել իրենց պայմանագրերը, քանի որ ցեղասպանության ժխտողներին վարձելը թե անբարոյական է, թե վատ բիզնեսի որոշում… 

Հարութ Սասունյան       

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com