«Ամուսինս գնացել է վիրավոր ընկերոջը փրկելու ու չի հասցրել, թուրքի սնայպերը խփել է գլխին»․ Ինգա Հայրիյանն ասում է՝ ապրում է հանուն երեխաների

39-ամյա Ինգա Հայրիյանը պատերազմի օրերի ու կորուստների մասին խոսելիս չի կարողանում արցունքները զսպել, ցավն անչափելի է, կսկիծը՝ մեծ։ Ասում է՝ կյանքը լիովին շրջվել է: Պատերազմի ժամանակ զոհվել է Ինգայի ամուսինը, կորցրել է տունն ու ապրուստը:

«Մինչև պատերազմը իմ կյանքը շատ լավ էր, ամուսինս, երեխեքս, սկեսուր մայրիկս, մեզ համար ապրում էինք՝ հողագործությամբ, մեր առօրյայով, մինչև սկսվեց էս չարաբաստիկ պատերազմը, կյանքս միանգամից փոխվեց։ Ամենասարսափելի ապրումներն են, ամուսինս զոհվեց՝ երկու երեխա անհեր թողեց, հաշմանդամ մայր»,- հուզմունքով ասում է Ինգան։

Ինգան և իր ընտանիքը մինչ պատերազմը բնակվել են Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղում։ Պատերազմի առաջին օրերին երեխաները գյուղի մյուս երեխաների հետ տարհանվել և տեղափոխվել են Երևան, ամուսինը՝ 44-ամյա Բորիս Հայրիյանը, մեկնել է առաջնագիծ: Ինգան ամուսնու մոր հետ մինչև հոկտեմբերի 10-ը մնացել է գյուղում, մինչև հակառակորդը մոտեցել է գյուղին, և ստիպված թողել են տունն ու տեղափոխվել Գորիս։

«Սեպտեմբերի 27-ին ամուսինս գնաց առաջնագիծ։ Առաջին 3 օրը ոչ մի տեղեկություն չունեի, չգիտեի՝ թե ո՛ր հատվածում է: 3 օրից զանգեց, ասեց, որ 3 օր տարբեր շրջափակումների մեջ ա եղել, մի կերպ ազատվել է շրջափակումից։ 

Ամսի 29-ի երեխաներին տարհանեցին ու տեղափոխեցին Երևան: Երեխեքը չէին ուզում, աղջիկս ասում էր՝ ես պապային չեմ կարող մենակ  թողնել ու գնամ, պապան պոստերում ա: Մի կերպ համոզեցինք, աղջկաս էլ, տղայիս էլ՝ որ միայն դուք չեք, գյուղի բոլոր երեխեքին տեղափոխում են, ասեցինք՝ պապայի հետ ամեն ինչ լավ կլինի»,- հիշում է Ինգան՝ փորձելով զսպել հուզմունքը։

Պատմում է, որ ինքն ու ամուսնու մայրը դուրս են եկել տնից, երբ արդեն գյուղում մնալն անհնար էր: 

«Գյուղից դուրս էինք գալիս, ամբողջը՝ սաղ վառված մեքենաներ, ծխի մեջ կորած։ Գալիս ենք՝ Լաչինի մոստն էլ պայթեցրած, մի կերպ անցնում ենք ուրիշ հատվածով։ Գնացինք Գորիս, ամուսնուս ընկերոջ տանը մնացինք։ Հետո ծնողներս միացան»,- պատմում է Ինգան։

Ասում է, որ փորձում էր ընթացքում ամուսնու հետ կապ պահել, երեխաներն էլ ավելի հանգիստ էին զգում, երբ հայրն ինքն էր զանգում:

«Ամուսնուս հարցնում էի՝ ջուր-բան ունե՞ք, ասում էր՝ չէ, մեր մոտ վիճակն էնքան վատ ա , որ չեն կարում ջուր ու հաց բերեն, կես լիտր ջուր են բերել, տվել, ասել են՝ 5 հոգով կում-կում խմեք։ Տեգրոջս որ ասացի՝ սենց ա վիճակը, ինքը հաշմանդամ ա, իրենց պոստեր չեն տանում: Ասում էր՝ ինքն ինձ տենց չի ասում, որ հետը խոսաս, ասա՝ գոնե հող վերցրու կեր, որ ստամոքսդ աշխատանքի… Ես էլ իրան տենց էի ասում»,- հոգոց հանելով պատմում է կինը:

Ինգան ամուսնու հետ վերջին անգամ կապ է հաստատել է հոկտեմբերի 20-ի առավոտյան, կեսօրին որոշել է գնալ Երևան, երեխաներին այցելել, զանգել է, որ տեղեկացնի որոշման մասին, բայց զանգերն անպատասխան են մնացել:

«Առավոտյան զանգեցի, ասեց, որ տեղափոխվել են գյուղ՝ Մարիամաշեն, բայց թշնամին արդեն հարևան գյուղում ա: Հարևան գյուղից էլ մեր գյուղ 3 կմ ա, ասեցի՝ տենց ո՞նց կլինի, ասեց՝ մի՛ մտածի, գյուղում շատ ենք՝ մի 20 հոգի կանք, կհսկենք։

Կեսօրին զանգեցի, չպատասխանեց: Գնացի Երևան, համ գնում եմ, համ զանգում, մտածում եմ՝ երևի վիճակը լավ չի, կզանգի։ Արդեն ուշ երեկոյան հասնում եմ Երևան, երեխեքին տեսնում ու սկսում նորից զանգել: Էլի չի պատասխանում, արդեն սկսում եմ անհանգստանալ: Իրանից չի, որ չպատասխանի, գոնե կվերցներ, կասեր՝ մի՛ զանգի»,- ասում է Ինգան։

Պատմում է, որ զանգում է ամուսնու ընկերներին, փորձում տեղեկություն ստանալ, բայց ապարդյուն:

«Կա՛մ չէին վերցնում, կա՛մ ասում էին՝ գյուղի վիճակը լավ չէր, ամեն մեկս մի տեղով դուրս ենք փախել գյուղից։ Ասում եմ՝ իսկ Բորի՞սը, ասում են՝ դե ինքն էլ մի տեղ փախած կլինի։ Հետո զանգում եմ ընկերների կանանց. էդ ընթացքում արդեն բոլորը գիտեին, որ ինքը չկա, նույնիսկ քուրս, բայց չէին ասում։

Հետո քուրս զանգեց, ասեց՝ ուզում եմ գամ քո մոտ, ասեցի՝ ինչի՞: Ասեց՝ դե, մեքենա կա, տեղահանվածներ կան դեպի Երևան եկող, իրենց հետ գալիս եմ մոտդ մնամ: Ամեն ինչ արդեն պարզ էր դառնում ինձ համար։ Էդ գիշերը անցկացրի, քույրս գալիս ա, մնում, բայց ոչ մի բան չի ասում։ Վաղ առավոտը զանգում եմ, մի գյուղացի էր մնացել, որ ճշտեմ, ասեց՝ ով քեզ ինչ ա ասել, ես չգիտեմ, բայց ես տեսել եմ, որ ինքը զոհվել ա»,- պատմում է կինը: 

Ինգայի ամուսինը՝ Բորիս Հայրիյանը, զոհվել է վիրավոր ընկերոջը օգնության հասնելիս: 

«Հետո զանգեցի մի ուրիշ տղայի, որ վիրավորվել ա էնտեղ: Ասեց՝ գյուղամեջում կանգնած խրամատ էին փոխում, իրանց հերթն էր էդ ժամանակ: Էդ տղան էլ էնտեղ իրենց հետ կանգնած է եղել, ասում ա՝ զգացի որ վիրավոր եմ, ասեցի՝ Բորի՛ս, ես վիրավոր եմ, արի հետ գնանք, դուրս գանք, վիճակը լավ չի: Բորիսը շրջվեց, ասեց՝ ես էլ եմ վիրավոր, աջ թևս արյան մեջ ա, բայց չեմ կարա քո հետ գամ, ընկերս վիրավոր պառկած ա, սպասի, գնամ իրան էլ վերցնեմ: Վազելով գնացել ա վիրավոր տղու հետևից ու չի հասցրել։ Միանգամից թուրքի սնայպերը խփել է գլխին, ու ընկել է։

Գնաց վիրավոր ընկերոջը փրկի ու չհասցրեց։ Բորիսը միանգամից ա զոհվել, իսկ ընկերը արնաքամ լինելով ա զոհվել»,- պատմում է Ինգան։Ինգան ասում է, որ հաճախ երազում է, որ այս ամենը, ինչ կատարվեց, իրական չլիներ, կյանքն այնպիսին լիներ, ինչպիսին մինչև պատերազմն էր․ «Երանի եմ տալիս, որ այս ամենը սուտ լիներ, բայց…»- խոսքն ընդհատում է կինը:

Այժմ Ինգային ուժ է տալիս երեխաների ներկայությունը։ Ասում է՝ գլխավոր նպատակն է, որ կարողանա երեխաներին կրթության տալ։

«Հիմա նպատակս էն ա, որ Աստված ինձ էնքան առողջություն տա, որ իմ երեխեքիս կարողանամ կրթություն տալ։ Ուզում եմ նույնիսկ Ղարաբաղ վերադառնալ, երեխեքս էնտեղ սովորեն, բայց Ստեփանակերտում վարձով տուն չկա, կամ եղածը շատ թանկ ա, դեռ որպես զոհվածի ընտանիք ոչ մի կոպեկ չեմ ստացել։

Հիմա շատ դժվար ա, երեխան 12-րդ դասարանն ա ավարտում, պիտի բարձրագույն ուսման տամ: Հերը միշտ ասում էր երեխուն՝ լավ սովորի, ինչքան վարձ պահանջեն՝ տալու ենք։

Ասում էր՝ մարտի 8-ին երեխայի 18-ամյակը մեծ սրահում ենք նշելու, բայց ի՛նչ ստացվեց։ Պիտի ապրեմ հանուն երեխաների»,- ասում է Ինգան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am