Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է ընտրությունների գնալ առանց Փաշինյանի

Մհեր Արշակյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր քաղաքական ուժերին զգուշացրել է, որ խորհրդարանի առաջիկա ընտրությունները հակասահմանադրական են։

Նա վկայակոչել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի «Համաձայն Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի» վերնագիրը կրող հոդվածը, որի հիմնական դրույթն այն է, որ հրաժարականից հետո Փաշինյանն իրավունք չունի պաշտոնավարել որպես վարչապետի պաշտոնակատար, այլ «անհապաղ պետք է ազատի կառավարական շենքի իր աշխատասենյակը, կառավարական կեցավայրը, իրավունք չունի օգտվել վարչապետին հատկացվող տրանսպորտային միջոցներից, թիկնազորից (այլևս չի հանդիսանալու պետական պահպանության օբյեկտ), իրավունք չի ունենալու կատարել վարչապետի լիազորություններից բխող գործողություններ, ընդունել որոշումներ և այլն»։ 

Ըստ Էդգար Ղազարյանի՝ ընտրությունները հակասահմանադրական են, որովհետև նախ՝ դրանց օրը չի հայտարարել ՀՀ նախագահը, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երկրորդ՝ դա հայտարարել է ռազմական դրության ժամանակ, երրորդ՝ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը մտել են Փաշինյանի վերարտադրման դավադիր ծրագրի մեջ։ 

Հիմա փորձենք հասկանալ, թե իրականում ինչի մասին է խոսքը։ Իրավիճակն այսպիսին է՝ Փաշինյանն իրավունք չունի աշխատել վարչապետի պաշտոնակատար, վարչապետի ու կառավարության հրաժարականից հետո իրենց գործառույթները կատարելը վերաբերում է Կառավարությանը: Այսինքն՝ նախարարները որպես պաշտոնակատար մնում են իրենց տեղում, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «իր փասա-փուսեն հավաքում է» կառավարությունից։ Նա արդեն ՀՀ շարքային քաղաքացի է, ինչպես, ասենք, ես։ Փաշինյանը գնում է, որովհետև իր հրաժարականը միայն իր գնալով է հրաժարական, ոչ թե մնալով: Այսինքն՝ եթե մնում է, դա հրաժարական չէ, այլ ընտրությունների գնալու պսևդոպրոցեդուրա։ 

Եթե նա գնում է՝ իրերը հավաքելով, խորհրդարանին ի՞նչ է մնում՝ չընտրել նոր վարչապետ ու գնալ ընտրությունների: Բայց եթե Փաշինյանն առաջադրվում է այդ ընտրություններում, քաղաքական իրավիճակի հանգուցալուծում տեղի չի ունենում՝ մարդը նորից հաղթում է, և վերադառնում ենք դարձ ի շրջանս յուր:

Ուրեմն ընտրության գնալն իմաստ ունի, եթե Նիկոլ Փաշինյանը չի առաջադրվում: Բայց ո՞վ կամ ո՞ր օրենքը նրան կարող է խանգարել չառաջադրվել: Չկա օրենքի այդպիսի կետ: Փաշինյանը «գժի թուղթ» չունի, որևէ մեղադրանքով դատապարտված չէ, հետևաբար ոչինչ նրան չի խանգարում առաջադրվել: 

Ընտրությունները, սակայն, դառնում են մրցակցային, եթե Փաշինյանը չի մասնակցում դրանց: Բայց սա քիչ հավանական է: Ընտրությունների հակասահմանադրականությունն ավարտվում է այն պահին, երբ հայտնի է դառնում, որ՝ կա՛մ խորհրդարանը Փաշինյանին մինչև ընտրությունները կրկին ընտրում է վարչապետ, կա՛մ, եթե չի ընտրում ու օրենքի ուժով լուծարվում է, Փաշինյանը չի առաջադրվում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով:

Ահա այն ամենը, ինչ կարելի է կարդալ Տեր-Պետրոսյանի տեքստի տողատակում: Տեր-Պետրոսյանն ակնարկում է՝ ընտրությունները պետք է տեղի ունենան առանց Նիկոլ Փաշինյանի, նա խանգարում է Հայաստանի հետագա առաջընթացին իր սոսկ պաշտոնավարմամբ։

Սահմանադրությունը Նիկոլ Փաշինյանին հրաժարականից հետո թույլ չի տալիս պաշտոնավարել որպես վարչապետի պաշտոնակատար, բայց չի խանգարում, որ պաշտոնակատար չպաշտոնավարելուց հետո առաջադրվի «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով։

Հիմնական եզրահանգումը հետևյալն է՝ ընտրություններ առանց Նիկոլ Փաշինյանի։ Եթե այստեղ կոնսենսուս ձևավորվի, սկսվում է երկրորդ սերիան։

Իսկ երկրորդ սերիայի խորագիրը սա է՝ Նիկոլ Փաշինյանը հեռացող չէ:

Տեր-Պետրոսյանն ամբողջ քաղաքական դաշտին ու պետական ինստիտուտներին հասկացնում է՝ հասնել այն բանին, որ Փաշինյանը չմասնակցի ընտրություններին, կամ խորհրդարանն «Իմ քայլի» անխուսափելի աջակցությամբ մինչև ընտրություններն ընտրի նոր վարչապետ։

Տեր-Պետրոսյանն էլ գիտի, որ քաղաքագիտական իմաստով ոչինչ Փաշինյանին չի խանգարում խորհրդարանում վերընտրվել վարչապետ ու շարունակել պաշտոնավարել՝ հանելով այն հարցը, թե ինչպե՛ս փակել այս ամբողջ պրոցեսի օրինականությունը։

Բայց դա քաղաքական իրավիճակի հանգուցալուծումն է և ոչ թե ամբողջ պետության քաղաքական հրամայականների ձևակերպումը։ Քաղաքական իրավիճակը կարող է հանգուցալուծվել Փաշինյանի վերընտրվելով ԱԺ-ում:

Քաղաքական դաշտի առողջացումը՝ ԱԺ ընտրությունների գնալ առանց Փաշինյանի։ Ի վերջո, ո՞ր հրամայականը կհաղթի՝ կերևա խիստ մոտ ապագայում։

Սպասենք։

Մհեր Արշակյան

MediaLab.am