Շենավանի գյուղապետ. Լակոտը

Շենավանի գյուղապետ. Լակոտը
Շենավանի գյուղապետ. Լակոտը

Շենավանի գյուղապետը երեխաներ չունի, այլ՝ պապայի ազիզ բալեք կամ բալա։ Պապայի ազիզ բալեն հրացանով արված որսով հիանալու համար է։ Այլ խոսքով՝ սպանությամբ հիանալու համար է։

Լուսանկարը՝ Econews

Պապայի ազիզ բալեն սպանելը համարում է տղամարդկություն։ Նա արդեն հանրապետական է, ուղղակի «վրան խաբար չկա»։ Նրան ոչ ոք թույլ չի տալու երեխա լինել, որովհետև հայրը գյուղապետ է, գյուղի նախագահը։ Պապայի ազիզ բալեն պապայի մասին պատմելու համար է։ Գյուղն էլ թույլ չի տալու, որ իր գյուղապետի երեխան երեխա լինի։ Որովհետև իր գյուղապետը թագավոր տղա է, փողեր յուրացնելու համար քրեական հետապնդման տակ էր, բայց նորից ընտրել են։ Շենավանի գյուղապետը կին էլ չունի, այլ կնիկ։ Կինը սիրելու համար է, կնիկը՝ խփելու։ Իսկ Շենավանի գյուղապետը կնոջը խփում է «ազիզ բալեքի» աչքի առաջ։ Դա անում է հաց ուտելու նման։

Որովհետև խփելը սպանել չէ։ Այնպես չէ, որ չի սպանի, բայց կինը դեռ կա, որովհետև սպանելու բան չի արել։ 

Ընտրություններ կեղծելը սպանել չէ, կենդանիներ խփելը սպանել չէ։ Ինքը չի թողնելու, որ իր բալեքը ծիտիկ իմաստավորեն, պարսատիկը տալու է ձեռքներն ու ասի՝ հլը էն ղըշին խփի։ Բալեքի դեմն է դնելու որսի նկարները, որ էրեխեքը պապայի մասին պատմելու բան ունենան։ Դա որս չէ, որովհետև ինքը հո սպիտակագլուխ անգղ չի խփում, էդ տղան «սաղ» կյանքում այբբենարան չի բացել, որտեղի՞ց իմանա, որ սպիտակագլուխ անգղը գրանցված է Կարմիր գրքում։

Անձամբ ինձ համար մեկ է՝ գրանցվա՞ծ է, թե՞ ոչ, ես ատում եմ որսի ցանկացած դրսևորում։ Ես նույնիսկ ձկնորսությունն եմ համարում սպանություն։ Ըստ իս` կենդանի խփելու համար ձեռքը հրացան վերցնելը հավասար է ինձ խփելուն։ Որովհետև անձամբ ես հրացանավոր մարդուն ոչինչ չեմ արել։ Մարդը որսը հնարել է, երբ այսօր ապրելուց բացի ուրիշ ոչինչ իմաստավորելու կարիք չկար։ Մարդը որսը հնարել է, երբ վաղվա ընկալում չուներ։ Մարդը նույնպիսի գազան էր, ինչպես զոհը։ 

Մարդը նույնիսկ այն ժամանակ հենց այնպես չէր սպանում։ Այսինքն` որսը սպանություն չէր։ Որովհետև մարդը մյուս գազաններից չէր տարբերվում։ Հետո սկսեց տարբերվել։ Որովհետև գուցե տեսել է մի արջի, որը խնամում է գայլի ձագին։ Գուցե էդ արջն էլ մարդու մեջ ծնել է մարդուն։ Կենդանական աշխարհի հիմնական ողբերգությունն այն է, որ մարդու հանդեպ ոչ ոք Շենավանի գյուղապետ չէ։

Այս մարդը չի կարող ասել, որ ինքը որսորդ է, ես դա չեմ հասկանում, նույնիսկ եթե դա հասկանում է ամբողջ աշխարհը։ Ես հասկանում եմ միայն՝ երբ մարդն ասում է, որ ինքը հանրապետական է։ Որովհետև Շենավանի գյուղապետը կյանքում չի անի մի բան, որով չի կարող հպարտանալ «բալեքի» առաջ։ Էս մարդը ընտրություններին «քվեներ» է որսում, այսինքն` մարդիկ, որոնք իրեն պիտի ապահովեն «բալեքի ազիզ պապա» լինելու անքննելի զգացողություններով։ 

Որովհետև ցանկացած հանրապետական, ցանկացած դատավոր, դատախազ անպատժելի է։ Ինքը հենց անպատժելիությունն է յուրացրել։ Փասիանի ձագին սպանելն ի՞նչ է։ Այս մարդու միջից հանված է որևէ օրգանիզմի ապրող լինելու զգացողությունը։ 

Եթե երեխա է, չի նշանակում, որ ապրող է, ինչպես «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ապրող չէ, բայց այն խնամում ես։ Փասիանի ձագն ի՞նչ է, լակոտ է, էլի։ Գայլի ձագին նույնիսկ առանց էթիկայից շեղվելու են լակոտ ասում։ Նույնիսկ որբը լակոտ չէ։ Լակոտը նա է, որը ներաշխարհ չունի։ 

Այսինքն` աշխարհն իր մասին է, ինքը` ոչ մեկի։ Գայլի ձագը մի օր կունենա էդ ներաշխարհը։ Գայլը հաստատ արտասվել գիտի։ Մարդու լակոտը չգիտի։ Մարդու լակոտը պատասխան չի տալիս ոչնչի համար։ Նրա միակ բնությունը լակոտ լինելն է։ Այլ բնություն չկա, փասիանի ձագ չկա, սպիտակագլուխ անգղ չկա, գայլի ձագ չկա, աղվես չկա։ 

Լակոտ կարելի է լինել `մայր ու քույր ունենալով։ Բայց երբ ամբողջ «էությամբ» ես լակոտ, ՀՀԿ կանանց խորհուրդն էլ քեզ մայր ու քույր դառնա, ավելին չես լինի։ Շենավանի գյուղապետը երբեք մայր չի ունեցել։ Իսկ փասիանի ձագն ունեցել է, փասիանի ձագը որդի է, որովհետև, եթե ամբողջ աշխարհն էլ վերածվի դժոխքի, ինքը որսորդ չի դառնա, գայլը որսորդ չի դառնա։ Լակոտ կարող է լինել միայն մարդը։ Որովհետև լակոտը գոյացություն է կամ մարդը՝ հենց այնպես։

Մհեր Արշակյան

MediaLab.am