«Իրիկունը 9-ի կողմերը, որ պիտի զանգեր, չզանգեց, հետո լուրը եկավ, որ զոհվել ա»․ կինն ասում է՝ ամենաշատը կարոտում է ամուսնու ծիծաղը

30-ամյա Սրբուհի Հովսեփյանն ասում է՝ ամուսնու զոհվելուց հետո միայն երեխաներն են ապրելու ուժ տալիս: Հովսեփյանների ընտանիքում ոչինչ արդեն առաջվանը չէ, չկան ուրախությունն ու ծիծաղը, փոխարենը՝ կարոտն է ու երջանիկ անցյալի մասին հուշերը:

«Առաջ մեզ համար ապրում էինք մեր փոքրիկ ընտանիքով, երջանիկ, ոնց ուզում էինք, մեզ համար ուրախ անցկացնում էինք, հիմա ոչ մի ուրախություն, ոչ մի բան»,- հուզմունքով ասում է Սրբուհին։

Սրբուհու ամուսինը՝ 34-ամյա Էմիլ Հովսեփյանը, մասնակցել է Արցախյան պատերազմին և զոհվել է Մարտունիում՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։ 

Կինը պատմում է, որ ամուսնու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 22-ի առավոտ, նույն օրը երեկոյան տեղի է ունեցել դեպքը․ «Իրիկունը 9-ի կողմերը, որ պիտի զանգեր, չզանգեց, հետո լուրը եկավ, որ զոհվել ա»,- ասում է Սրբուհին։

Սրբուհուն լուրն ասում է ամուսնու մայրը: 

«Մեր գյուղից երևում ա, որ 5-անց կեսի մոտերը էդ դիրքերի վրա խփել են: Սկեսուրենքս արդեն գիտեին, որ պոստի ուղղությամբ խփել են. առաջին անգամ անօդաչու սարքից են խփել, խրամատում վեց հոգի է եղել, ամուսինս մի քանի րոպե հետո հինգ հոգու հետ գնացել ա, որ օգնեն, երկրորդ անգամ ա էդ անօդաչուն խփել, ու ամուսինս զոհվել ա»,- ասում է կինը։

Սրբուհու համար լուրը շոկային էր, ասում է՝ չէր պատկերացնի, որ պատերազմն էդքան ծանր ու դաժան կլինի: Հիշում է, որ 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ իրադրությունն այլ էր․ «Ապրիլյանի ժամանակ իրավիճակը էդքան վատ չէր Մարտունու շրջանում, ես չէի պատկերացնում, որ էս պատերազմի ժամանակ կարա սենց լինի: Ամեն անգամ ամուսինս զանգելուց ասում էր, որ ամեն ինչ լավ ա, նորմալ ա, վախենալու բան չկա: Շոկի մեջ էի, որ միշտ ասում էր՝ լավ ա, լավ ա, ու տենց եղավ»,- նշում է կինը։

Սրբուհին ասում է, որ շատ է կարոտում անցյալը, իսկ ամենաշատը՝ ամուսնու ծիծաղը, երազում է, որ մի օր ամուսինը ներս մտնի՝ ժպիտը դեմքին․ «Ամենաշատը կարոտում եմ իրա ծիծաղը, ոնց էլ գալիս էր, իրա մոտ էդ ժպիտը կար, էդ եմ կարոտում, որ մի անգամ գա, ժպտալով ներս մտնի»։

Կինն ամուսնու մասին պատմում է, որ շատ հոգատար էր, ընտանիքին նվիրված, աշխատասեր ու մեծահոգի: «Իրա մոտ «չէ» բառը չկար։ Ով մի բան խնդրում էր, մի տեղից գտնում, տալիս էր, ոչ մեկին ոչ մի վատ բան չի արել։ Ծնողասեր էր, շատ ուշադիր»,- ասում է կինը։

Սրբուհին նշում է, որ ծանր ու դառը իրադարձություններից հետո միակ հույսը երեխաներն են, փորձում է իր մեջ ուժ գտնել, որ կարողանա այն, ինչ պլանավորել էին ամուսնու հետ, ինչ ծրագրել էին երեխաների հետ կապված, իրականացնի․ «Ինձ հույս եմ տալիս, ասում եմ երեխեքին՝ ձեր պապան լավ ա եղել, մենք միասին նենց պիտի անենք, որ պապան ինչ ցանկացել ա անի, չի կարողացել, մենք իրա ցանկությունը, նպատակները անենք»։

Սրբուհին ասում է, որ ամուսնու զոհվելուց հետո 6-ամյա տղան է ծանր ապրումներ ունեցել, մինչև անգամ հոգեբանի են դիմել, միայն հոր գերեզման գնալուց հետո է կարողացել փոքր-ինչ հանդարտվել:

«Միշտ ասում էր՝ պապան ուզում եմ գա, ամբողջ օրը լացում էր: Հոգեբանի մոտ էլ տարանք, եկան նայեցին, հետո որ ասեց՝ ես էլ գնամ իմ պապայիս գերեզմանը, բերեցինք: Եկավ, տեսավ, հանգստացավ, արդեն քանի օր ա՝ չի լացում։ Իրա աչքով տեսավ, հանգստացավ»,- պատմում է մայրը։

Պատերազմից հետո Սրբուհին երեխաների հետ վերադարձել է Ստեփանակերտ։ Ասում է, որ ամուսինն ամեն ինչով ապահովել էր մինչ չարաբաստիկ պատերազմը։ Ունեն սեփական տուն, մեքենաներ, հիմա ցանկությունն է, որ այլևս պատերազմ չլինի, որ կարողանան առանց սթրեսի ու բարդությունների երեխաներին մեծացնել:

«Ես երազում եմ ամենից շատ, որ մենակ խաղաղություն լինի, մենակ էդ եմ մտածում։ Եթե պատերազմ չլինի, մենք մեր նպատակին կկարողանանք հասնենք։

Հիմա Ստեփանակերտում ամեն կողմից թուրքերով շրջապատված ենք, եթե պատերազմ լինի, ո՞նց ենք դուրս գալու, եթե կռիվ լինի, չենք կարողանա դուրս գալ, կմնանք շրջափակման մեջ։ Գոնե էսքանից հետո խաղաղություն լինի, մեր հայրենիքի համար են զոհվել, չասենք՝ իզուր են զոհվել»,- ասում է Սրբուհին։

Արփինե Արզումանյան

MediaLab.am