««Զարթիր, լաո, մեռնիմ քըզի», այսինքն՝ վեր կենալու, արթնացնելու գաղափարն է այս ալբոմում, դա վերաբերում է մեր երիտասարդ սերնդին». Վահան Պողոսյան

««Զարթիր, լաո, մեռնիմ քըզի», այսինքն՝ վեր կենալու, արթնացնելու գաղափարն է այս ալբոմում, դա վերաբերում է մեր երիտասարդ սերնդին». Վահան Պողոսյան
««Զարթիր, լաո, մեռնիմ քըզի», այսինքն՝ վեր կենալու, արթնացնելու գաղափարն է այս ալբոմում, դա վերաբերում է մեր երիտասարդ սերնդին». Վահան Պողոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Որդան կարմիր» ռոք խմբի մեներգիչ Վահան Պողոսյանը:

– Վահա՛ն, օրերս կայանալու է ձեր խմբի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը: Կմանրամասնե՞ք` ի՛նչ է ենթադրում այն:

– Սա մեր առաջին ամբողջական հայալեզու ալբոմն է, որը մենք անվանել ենք «Լաո»: Մեր խումբը, որը հանդես է գալիս ալտերնատիվ ֆոլկ ռոք երաժշտական ոճում, այս տարվա սեպտեմբերին է թողարկել «Լաո» ալբոմը: Այս ձայնասկավառակը ներառում է ժողովրդական երգերի մշակումներ «Որդան կարմիրի» արդեն հայտնի յուրահատուկ ռոք ոճով։ Այս մշակումները վաղուց արդեն սիրված են հանդիսատեսի կողմից և կարևորագույն տեղ են զբաղեցնում հայկական ռոք մշակույթի զարգացման գործում։ Ձայնասկավառակում կան նաև հեղինակային երգեր, որոնք ժամանակակից շունչ ու դրայվ են հաղորդում ողջ ալբոմին: Քանի որ սա մեր առաջին հայալեզու ալբոմն է, մենք ասում ենք՝ մեր լաոն ծնվեց: Ձայնասկավառակի շնորհանդես- համերգը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին՝ ժամը 21։00-ին, Պուշկինի 3ա հասցեում գտնվող «Վիտամին» ակումբում: Այժմ «Լաո» ալբոմը թվային տարբերակով հասանելի է https://soundcloud.com/vordan-karmir/sets/lao, cdbaby, itunes կայքերում և այլուր։

– Ի՞նչ ուղերձ է հղում այս նոր ձայնասկավառակը:

– Ընդհանուր ուղերձն այն է, որ լաո ասելով՝ նկատի ունենք մանուկ: Դա նշանակում է, որ  մենք ավելի շատ սպասումներ ունենք մեր նոր սերնդից, մենք փորձում ենք ոգևորել նոր սերնդին, երգի միջոցով նրանց փոխանցել պայքարի գաղափարներ: Երգում ասվում է` «Զարթիր, լաո, մեռնիմ քըզի», այսինքն՝ վեր կենալու, արթնացնելու գաղափարն է այս ալբոմում: Եվ դա վերաբերում է մեր երիտասարդ սերնդին:

-2017-ը մոտենում է ավարտին, ինչպիսի՞ն էր այն ձեզ համար, ի՞նչ կարևոր իրադարձություններ տեղի ունեցան:

– Նախ՝ այս տարի մեզ համար մի քանի կարևոր իրադարձություններ եղան: Տարին «Մեդիալաբի» հետ համատեղ սկսեցինք մարզերում «Քայլ արա» համերգաշարով: Դա տեղի ունեցավ նախընտրական շրջանում՝ գարնանը, և կարևոր ուղերձն այն էր, որ մարդիկ մարզերում չվաճառեն իրենց ձայնը, իրենք իրենց ձեռքով կառուցեն իրենց ապագան: Մարդկանց փորձեցինք համոզել, որ իրենց ձայնը մի քար է պետականաշինության կառույցում: Ես համոզված եմ, որ մեր այդ շրջագայությունն իր ազդեցությունը թողնեց: Իհարկե, մենք ընտրություններում դարձյալ տեսանք այն պատկերը, որը նախորդ ընտրություններում էլ կար, բայց նաև փոփոխություն էր նկատվում մարդկանց մոտ:

Չեմ կարող ասել, որ դա մեր շնորհիվ էր, բայց մենք հավատացած ենք, որ նաև մեր ասելիքը երիտասարդության մեջ թողեց իր հետքը:
Դրանից հետո կարևոր իրադարձություն էր այն, որ մեզ հրավիրեցին ԱՄՆ՝ Հարավային Կալիֆորնիայի համալսարան՝ USC՝ մասնակցելու INNOVATE ARMENIA 2017 փառատոնին: Եվ դա համընկավ մեր «Լաո» ալբոմի թողարկման ժամանակահատվածին: Մենք մեկնեցինք ԱՄՆ և առաջին շնորհանդեսը հենց արեցինք INNOVATE ARMENIA 2017 փառատոնի ժամանակ: Մեզ հրավիրել էին Կալիֆորնիայի համալսարանի հայկական բաժնից: Այնտեղ մեծ փառատոն էր, որը նվիրված էր հայկական մշակույթին, բարձր տեխնոլոգիաներին, գիտությանը: Մենք մեր արվեստը ներկայացրեցինք այնտեղի հայությանը, ասելով, որ նման ֆոլկ ռոք երաժշտություն էլ կա Հայաստանում, որն ունի կոնկրետ դիրքորոշում: Այդ ամենը շատ լավ ընկալվեց:

Մեր խումբը նոր է վերադարձել Միացյալ Նահանգներից, որտեղ համերգային շրջագայությամբ ելույթ ունեցավ բազմաթիվ բեմերում։ Համերգային շրջագայության ընթացքում ելույթ ունեցանք լեգենդար, աշխարհահռչակ երաժշտական Whisky a GO GO ակումբում և Texas Music Cafe PBS TV Show-ում:

Մենք երկրորդ անգամ էինք ԱՄՆ-ում, առաջին անգամ եղել էինք 2015 թվականին և մասնակցել էինք SXSW 2015 (South by Southwest) փառատոնին, որտեղ Հայաստանը ներկայացվել էր առաջին անգամ: Այդ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն էր, մենք այնտեղ ներկայացրեցինք երկու նոր տեսահոլովակ՝ «Լեբլեբիջիների խմբերգի» և The Voice of Tomorrow երգի հիման վրա: Վերջինը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, այն ԱՄՆ-ում մեծ արձագանք ստացավ: Այնտեղ կային մարդիկ, որ եկել էինք հենց «Որդան կարմիրի» համար, մեր ուղերձները լսելու համար:

– Դուք ի՞նչ եք նկատում՝ Հայաստանում սեփական դիրքորոշում ու կարծիք ունեցող արվեստագետի համար դժվա՞ր է ստեղծագործել:

– Բնականաբար, մեզ համար այնքան հեշտ չէ, ինչքան փոփ և ռաբիս երաժշտություն մատուցող արվեստի գործիչների համար է: Մեր երաժշտությունը, որն ունի դիրքորոշում և իր մեջ որոշակի ըմբոստություն է պարունակում, այնքան էլ ձեռնտու չէ որոշ ուժերի: Դա միայն Հայաստանում չէ, հետխորհրդային տարածքում է այդ իրավիճակը: Բայց մենք արդեն ավելի քան 12 տարի է՝ պայքարի մեջ ենք և համոզված ենք, որ հետագայում էլ կշարունակենք մեր գործունեությունը: Կոնկրետ խոչընդոտներ մեզ համար չկան, ուղղակի այնքան էլ հեշտ չէ նման ժանրի մեջ գոյատևել ու այսքան շատ գործ անելը:

– Ինչո՞ւ է Հայաստանում արվեստագետների, մշակույթի գործիչների մեծ մասը խուսափում կարծիք հայտնելուց, կարևոր իրադարձությունների ժամանակ ինչո՞ւ է լռում:

– Որովհետև նման երևույթներն այդքան էլ ձեռնտու չեն որոշակի կառույցների ու ուժերի, որովհետև հասարակությունը կսկսի սևեռվել որոշ հարցերի վրա, կոնկրետ հարցադրումներ անել: Եվ դա, բնականաբար, կարող է խնդիրներ առաջացնել: Դրա համար էլ, կարծում եմ, որոշ արվեստագետներ կուզեին, բայց համարձակություն չեն ունենում կարծիք հայտնել: Դա նրանից է, որ այդ մարդիկ ուզում են իրենց մի կտոր հացից չկտրվել:

– Այս տարի Հայաստանում ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը կարծես է՛լ ավելի վատացավ, աղքատությունն ու արտագաղթն աճում են, արդեն հայտնի է, որ թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրանալու, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գները բարձրանում են: Ի՞նչ է կատարվում:

– Սա բավական վատ ցուցանիշ է կառավարության համար: Եթե աղքատությունը գնալով ավելանում է, ապրանքները թանկանում են ու մարդկանց համար դառնում անհասանելի, դա նպաստելու է, որ այս համատարած դեպրեսիան ու հիասթափությունն ավելի խորանան: Եվ մարդկանց այլ բան չի մնում, քան երկրից դուրս գալ ու արտագնա աշխատանքի գնալ: Դա վտանգավոր միտում է, որովհետև առանց այն էլ այս ամեն ինչը շատ է խորացել, համատարած իրավիճակը գնալով վատանում է: Կարծում եմ՝ իշխանությունները կամ դասեր չեն քաղում այս ամենից, կամ էլ ուշացնում են գործողությունները: Կոնկրետ չեմ կարող ասել, այս կառավարության գործունեության արդյունքի մասին կարող ենք խոսել մի քիչ ավելի ուշ՝ հաջորդ տարի: Այդ ժամանակ կերևա՝ գործ արվե՞լ է, թե՞ ոչ:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am

http://www.youtube.com/watch?v=h5NIVcwMGiU&feature=youtu.be