«Պահ ա լինում՝ ասում եմ, որ ուժեղ եմ, բայց պահ էլ ա լինում՝ խելագարվում եմ»․ ամուսնու զոհվելուց հետո Անահիտի օրը «ցավով ու լացով է անցնում»

29-ամյա Անահիտ Սարգսյանի համար հոկտեմբերի 30-ից հետո կյանքը կանգ է առել, ասում է՝ հիմա չկա կյանք․ «Ամեն օրս ցավով ու լացով ա անցնում»։

Հոկտեմբերի 30-ին հայրենիքի պաշտպանության համար Մարտունիում ընկել է Անահիտի ամուսինը՝ 31-ամյա մայոր Եղիշ Հովհաննիսյանը։

Անահիտը մինչ օրս չի համակերպվում, նշում է՝ խելագարվելու ցավ է։ 

Մայոր Եղիշե Հովհաննիսյանը 10 տարվա պայմանագրային զինծառայող է եղել, Մարտունի 2-ի շտաբի պետ։ Պատերազմի առաջին օրից առաջնագծում է եղել․ «Իրանց ամսի 25-ին համար 1 էին տվել, դա նշանակում է, որ լարվածություն կա։ Պատերազմի ժամանակ Մարտունի 2-ում է եղել, ամսի 25-ին գնացել ա, էլ տուն չի եկել, հեռախոսով վերջին անգամ խոսել ենք հոկտեմբերի 29-ին»,- պատմում է Անահիտը։

Ասում է՝ հեռախոսազրույցների ընթացքում ամուսինը մշտապես ասում էր, որ լավ է լինելու․

«Ասում էր՝ լավ ա, ասում էր՝ արխային եղի, սաղ լավ ա, մենք առաջ ենք, մենք հաղթելու ենք: Ես որ նեղվում էի, ջղայնանում էր վրես»,- հուզվում է կինը։

Վերջին զրույցից մեկ օր անց՝ հոկտեմբերի 30-ին, Անահիտը ստանում է ամուսնու զոհվելու մասին դաժան լուրը։ Ամուսնու ընկերներից մեկը կնոջը պատմել է, որ հակառակորդը միաժամանակ մի քանի զինատեսակներ է օգտագործել, որի հետևանքով վիրավորումը շատ ծանր է եղել, կյանքի հետ անհամատեղելի։

«Առավոտից մինչև իրիկուն զանգում էի, անհասանելի էր… Հետո էդ օրը իրիկունը զանգեցինք, ընկերը պատասխանեց, ասեցի՝ ո՞վ ա խոսում, անջատեց… Իմացել ա, որ կինն եմ, չի ուզել ինձ ասի։ Մեր հարևանը մեր տանն էր, ասեցի՝ էս Եղոյի ձենը չի, իմ ամուսնու ձենը չի, ինքը իրա համարով զանգեց, իրան ասեցին»,- արցունքն աչքերին հիշում է Անահիտը։

Ասում է՝ այդ պահից սկսած շոկային ապրումների մեջ է․ «Երեք տարեկան տղես ամեն օր ասում ա՝ ուզում եմ պապան գա, պապան գա, էդ խոսքերից վաբշե եմ նեղվում»,- հուզվում է մայրը։

Անահիտն ու Եղիշեն ծանոթացել են 2011-ին, 2013-ին ընտանիք են կազմել, երկու երեխա ունեցել:

«Ես ուսանող էի, ինքն էլ Ստեփանակերտ էր ծառայում: Իրա զինվորի ընկերուհին մեր կուրսից էր, էդ զինվորի հեռախոսում ա տեսել մեր նկարը, ես մեր կուրսի աղջիկների հետ նկար ունեի։ Ինձ տեսել, հավանել ա, ասել ա՝ կուզի ծանոթանալ էս աղջկա հետ, ու էդ տղեն ծանոթացրել ա»,- կարոտով պատմում է Անահիտը։

Ասում է՝ մինչև պատերազմը կյանքը երջանիկ էր, ամեն օրը հետաքրքիր էր անցնում․

«Միշտ հետաքրքիր են եղել մեր օրերը, հիմա ա, որ անտանելի ա։ Զզվելի ու անտանելի ա կյանքը»,- կսկիծով ասում է Անահիտը։

Ընդգծում է՝ ամուսինը տան հենարանն էր, ամեն ինչն էր, գործին ու ընտանիքին նվիրված․ «Հանգիստ էր, համեստ, իրա գործին նվիրված, երեխեքին նվիրված, ամեն ինչով լավն էր»։

Անահիտն ասում է, որ պահեր են լինում, որ ուժ է գտնում իր մեջ, պահեր են լինում՝ թևաթափ է լինում, իսկ ապագան դեռ անորոշ է ու անպատկերացնելի:

«Պահ ա լինում՝ ասում եմ, որ ուժեղ եմ, էս պիտի անեմ, էն պիտի անեմ, բայց պահ էլ ա լինում՝ գժվում եմ, խելագարվում, չգիտեմ ինչ անեմ։

Չեմ պատկերացնում ապագան վաբշե, էնքան վատ եմ լինում, որ հաջորդ վայրկյանս չեմ պատկերացնում՝ ինչ ա լինելու։ Հոգեբանների մոտ էլ եմ գնացել, բայց չի օգնում։ Մարդու ցավը իրա մեջ ա, ուզում ա՝ հազար հոգեբան լինի»,- հուզմունքը զսպելով հավելում է նա։

Արփինե Արզումանյան

MediaLab.am