«Ինչո՞ւ ՀՀԿ-ն պետք է փոխվի, եթե չկա մրցակցություն, չկա վախ, որ ինչ-որ բան կկորցնեն, վարվում են այնպես, ինչպես ուզում են». Վիգեն Ավետիս

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քանդակագործ Վիգեն Ավետիսը:

– Պարոն Ավետիս, ապրիլից Հայաստանում կառավարման համակարգ է փոխվում, բայց վերլուծաբաններն արդեն կանխատեսում են, որ Սերժ Սարգսյանը նորից կղեկավարի երկիրը՝ այս անգամ վարչապետի պաշտոնում: Ի՞նչ փոփոխություններ եք նկատում դուք:
– Դա պարզ էր, որ ՀՀԿ-ն շարունակելու է իշխել, քանի որ խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը չհասկացավ, թե ինչու է քվեարկում, բայց իրականում քվեարկեց այնպես, որ Սերժ Սարգսյանն այսօր իր թիմով շարունակի իշխանությունը պահել իր ձեռքում:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներից արդեն դա պարզ էր: Հիմա, թե Սերժ Սարգսյանը կմնա՞ վարչապետ, թե՞ չի մնա՝ դա ոչինչ չի փոխում: Դա նույն կուսակցությունն է, իսկ կուսակցության ղեկավարը Սերժ Սարգսյանն է: Եթե Սերժ Սարգսյանը վարչապետ էլ չլինի, մնա կուսակցության ղեկավար, կուսակցության ղեկավարը նման կառավարման համակարգում ամենաբարձր դիրքում է գտնվելու: Հենց կուսակցության ղեկավարն է ղեկավարում վարչապետին, նրան նշանակում ու ազատում աշխատանքից: Այսինքն՝ եթե Սերժ Սարգսյանը վարչապետ էլ չդառնա, որպես կուսակցության նախագահ՝ նա է ղեկավարելու կառավարությունն ու իշխանությունը:

– Հետևաբար, ապրիլից հետո փոփոխություններ չպե՞տք է սպասել երկրում, բարեփոխումներ, արատավոր երևույթներ դեմ իրական պայքար չի՞ լինի:

– Մարդ պետք է ստիպված լինի, որպեսզի բարեփոխումներ անի: Եթե ստիպող չկա, փոփոխություն չեն անում: Ընդհանրապես կուսակցությունը վախենում է կորցնել իր իշխանությունն այն դեպքում, երբ կա մեկ այլ ուժ, որն առաջին իսկ սայթաքման դեպքում կփոխարինի իրեն:

Եթե այսօր Հայաստանում չկա այդ երկրորդ ուժը, ինչո՞ւ ՀՀԿ-ն պետք է փոխվի: Ես զարմանում եմ, որ փոփոխություններ ենք սպասում մի ուժից, որը չունի մրցակից: Եթե չկա մրցակցություն, չկա վախ, որ ինչ-որ բան կկորցնեն, վարվում են այնպես, ինչպես ուզում են:

– Այսինքն՝ Հայաստանում չունե՞նք ՀՀԿ-ին փոխարինող ուժ:

– Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներից սկսած բոլոր ուժերը ոչնչացվում են, չստեղծված՝ դրանք վերանում են: Իհարկե, այսօր ՀՀԿ-ին այլընտրանք ուժ չկա: Հայաստանում երկրորդ ու երրորդ ուժերը «Ծառուկյան» դաշինքն ու ՀՅԴ-ն են: Իսկ այսօր ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա է կազմել, իսկ «Ծառուկյան» դաշինքն անհասկանալի մի կառույց է: Այսինքն՝ շատ սպասելի էր «Ծառուկյան» դաշինքի վերաձևակերպումը, որպեսզի ձայներ տանեին, որպեսզի չստեղծվի իրական այլընտրանք:

– «Հանուն Հայաստան պետության» ճակատ է ձևավորվել այս փուլում, հանրահավաքների շարք է սկսվել, նպատակ է դրվել անցումային կառավարություն ձևավորել, թույլ չտալ, որ իշխանությունը վերարտադրվի: Ձեր կարծիքով՝ կհաջողի՞ ինչ-որ բան փոխել:

– Թող փորձեն, բայց իմ կարծիքով ոչ մի լուրջ արդյունքի չեն հասնի, քանի որ այն գործիչները, որոնք սկսել էին այդ աշխատանքը, այսօր բանտերում են: Նրանք ինչ-որ չափով ներդրում ունեին քաղաքական պայքարի մեջ, շարժում էին սկսել, բայց նրանց մեծ մասն այսօր բանտերում է:

Խոսքը Ժիրար Սեֆիլյանի ու իր ընկերների, Շանթ Հարությունյանի, Անդրիաս Ղուկասյանի, Կարո Եղնուկյանի ու այլոց մասին է: Եվ այս իրավիճակում մի բան է պետք պահանջել՝ համաներում: Ես հույս ունեմ, որ նոր նախագահը, ում փաստացի Սերժ Սարգսյանը ընտրեց, գոնե համաներում կհայտարարի, և այդ գործիչներին բաց կթողնեն:

– Բայց Արմեն Սարգսյանն արդեն հայտարարել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, հետևաբար, դժվար այդ անձանց համաներեն:

– Լավ, քաղբանտարկյալ չկա, բա Եղնուկյա՞նը, Անդրիաս Ղուկասյա՞նը, հենց Ժիրայր Սեֆիլյա՞նը: Լավ, նրանք քաղբանտարկյալներ չեն, բայց հալածյալներ են, եկեք հալածենք բոլորին, ովքեր համաձայն չեն իշխանությունների տեսակետին, դա ճի՞շտ է: Պետական համակարգում հարցերը նման կերպ չեն լուծվում: «Ով ինձ հետ չէ, իմ թշնամին է» սկզբունքը պետական մոտեցում չէ, փողոցային մոտեցում է:

– Վա՞խ կա իշխանությունների մեջ, որ ընդդիմադիր գործիչներին բանտեր են նետում ու բռնության մթնոլորտ տարածում երկրում:

– Ինձ թվում է՝ վախ չկա, քանի որ նրանց դիրքերը շատ հզոր են: Դրանք ավելի շատ քմահաճություններ են, որոնք ցուցաբերվում են իշխանության կողմից:

– Իսկ ինչո՞ւ է հասարակությունը պասիվ: Մենք տեսնում ենք, որ մարդիկ պայքարելու փոխարեն հեշտ ճանապարհ են ընտրել՝ արտագաղթում են երկրից:

– Դա հեշտ ճանապարհ չէ, շատ դժվար ճանապարհ է: Ես ինքս ապրում եմ հայրենիքից հեռու, ինչը շատ դժվար է: Հուսահատությունը մեծ է, դրա համար էլ գնում են, բայց ինձ թվում է՝ բոլորն էլ ժամանակավոր են տեղափոխվում ինչ-որ տեղ ապրելու, ուժերը փորձելու:

Գնացողների մեծ մասը, ես կարծում եմ, երազում է հետ գալու մասին: Ուղղակի պետք է հետ գալ, մեր հողին տեր կանգնել: Երկիրը կառավարությանն ու իշխանությանը չէ, մերն է: Ես եկել եմ Հայաստան ու իմ հողն եմ մշակում և հասկանում եմ, որ իմ փոքրիկ հողը մշակելով՝ մեծ օգուտ եմ տալիս իմ երկրին:

Իրավիճակը կլավանա միայն այն դեպքում, երբ հայերը արտերկրից հետ գան: Ես տեսել եմ որոշ հայերի, ովքեր վերադարձել են Հայաստան, խաղողի այգիներ են հիմնել, գինի են արտադրում: Ես էլ կգամ, ինձ հետ շատերը կգան, դա է փրկությունը, հակառակ դեպքում վիճակն աղետալի է դառնում:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am