«18-ամյա անպաշտպան տղայի վրա փորձում են մեղադրանք բարդելով փրկել, իրենց պատկերացմամբ, բանակի պատիվը». Ժաննա Ալեքսանյան

«18-ամյա անպաշտպան տղայի վրա փորձում են մեղադրանք բարդելով փրկել, իրենց պատկերացմամբ, բանակի պատիվը». Ժաննա Ալեքսանյան
«18-ամյա անպաշտպան տղայի վրա փորձում են մեղադրանք բարդելով փրկել, իրենց պատկերացմամբ, բանակի պատիվը». Ժաննա Ալեքսանյան

Համացանցում լայն քննարկման, քննադատության է արժանացել «Զինծառայողին ծեծել են, բռնաբարել են, հիմա էլ դատո՞ւմ են. Վիգեն Սարգսյանը շարունակում է լռել» հոդվածը, որտեղ մայրը պատմում է, թե որդին բանակում ինչպես է պարբերաբար բռնաբարության ենթարկվել։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձել է հրապարակմանը, նշելով, որ հեղինակն ակնհայտորեն աղավաղել է փաստերը և որևէ փորձ չի կատարել ստանալու պատկան մարմինների պարզաբանումներ: Առերևույթ՝ նյութը խախտել է նաև անմեղության կանխավարկածը և նպատակ է հետապնդել թյուր հասարակական կարծիք ձևավորել սպայակազմի և ժամկետային զինծառայողների փոխհարաբերությունների մասին: Թեմայի շրջանակում «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

– Տիկի՛ն Ալեքսանյան, ավելի մանրամասն կարող եք ներկայացնել՝ ի՞նչ է տեղի ունեցել։ Փաստորեն Արծրուն Հովհաննիսյանը նշում է, որ գործից առանձնացվել է մի փոքր մաս։ Ինչպե՞ս եք գնահատում սա, և արդյոք դա ցույց չի՞ տալիս, որ ընդհանրապես, որքան էլ խոսում են բանակում արդիականացման ծրագրերի մասին, խնդիրները շարունակում են նույնաբովանդակ մնալ։

– Արծրուն Հովհաննիսյանի հրապարակած պարզաբանումներն ընդհանրապես ստահոդ տեղեկություններ էին, չստուգված փաստեր։ Մեր նյութում չստուգված փաստ չկա, այն 5 աղբյուրի վրա է հենվել, մեր կազմակերպության փաստաբանը մարտի 27-ին այցելել է Ստեփանակերտի ռազմական ոստիկանություն և այնտեղ հանդիպել է։ Շուրջ երկու ամիս է, որ նրա ծնողը մեզ է դիմել, բայց մենք դա չենք բարձրաձայնել, հույս ունենալով, որ պաշտպանության նախարարը կլուծի այդ հարցը։ Մենք երկու ամիս լռել ենք, չնայած իմացել ենք այդ կնոջ տառապանքները, սարսափները։ Մեզ համար էլ շատ դժվար օրեր են եղել։

Ընդ որում ասեմ, որ ես տեղեկացրել եմ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ավետիսյանին։ Դեպքերից դեռ 1,5 ամիս առաջ ես նրան ասացի, որ մենք նպատակ չունենք դա հրապարակել, ուղղակի տեղեկացնում եմ ձեզ, որ այսպիսի դեպք կա։ Ինքն ասաց, որ քննություն է կատարվում։ Դրանից հետո մայրը մեզ հետ կապի մեջ չէր մտնում, վախենում էր, շատ էր վախենում, որովհետև երբ ինքն այցելել էր որդուն, ոչ մի արդյունքի չէր հասել, կոպիտ վերաբերմունքի էր արժանացել։ Բայց երբ տեսանք, որ դեպքերը տանում են այնտեղ, որ այդ անպաշտպան զինվորին դարձնում են մեղադրյալ, քննիչի վերաբերմունքը, վարքագիծը, արդեն որոշեցինք դա հրապարակային դարձնել՝ փորձելով այդկերպ պաշտպանել նրան։ Մենք խոսել ենք նաև կասկածյալի հետ, այսինքն՝ եզակի դեպք է, որ դու կարողանաս զրուցել կասկածյալի հետ, զրուցել ենք մոր հետ, փաստաբանն այցելել է ոստիկանություն, որտեղ հերքել են, թե տղան ռազմական ոստիկանությունում է։

Ստացվում է, որ նա տուժող է ճանաչվել, բայց նրան պահում են ռազմական ոստիկանությունում։ Մարդուն իր ցուցմունքների հիման վրա տուժող են ճանաչել, բայց ապրիլի 5-ին նրան մեղադրյալի կարգավիճակ են տվել և մեղադրում են սուտ մատնության մեջ։ Անհավանական մի վարկած է դա, որովհետև ոչ մի 18 տարեկան զինվոր չի կարող գնալ և որևէ սպայի շանտաժ անել։ Էդ ի՞նչ առյուծի սիրտ էր կերել այդ խեղճուկրակ, հայր չտեսած զինվորը, որ գնար Մարտակերտի զորամասերում, որն այնքան էլ լավ համբավ չունի, ու նման բաներ հայտարարել։

Մենք շուտով կհրապարակենք նաև, թե ինչ հանցագործություններ են տեղի ունենում կոնկրետ այդ զորամասում։ Փոխանակ օբյեկտիվ քննություն կատարեին, և նախարարը նրան անմիջապես տեղափոխեր հոգեբանական, վերականգնողական կենտրոն, թեկուզ հոսպիտալ, ոչինչ չեն արել։ Վիգեն Սարգսյանի կողմից սա դաժան ու անմարդկային վերաբերմունք է։ Նա չի հետաքրքրվել, թե այդ արտառոց դեպքն ինչպե՛ս է տեղի ունեցել, ի՛նչ է տեղի ունեցել։ Նրանք բոլորը միասին հորինել են, որ սա սուտ մատնություն է, և ամբողջ համակարգը դուրս է եկել այս տղայի դեմ։ Մեր փաստերը ստուգված են, ես իմ ողջ աշխատանքային գործունեության ընթացքում չստուգված փաստ չեմ հրապարակել, որևէ մեկն ինձ նման բանում մեղադրել չի կարող՝ ո՛չ դատախազությունը, ո՛չ էլ որևէ մեկը։

– Դուք համարում եք, որ, ըստ էության, այսօ՞ր էլ բանակում խնդիրները լուծում չեն ստանում, թեև ՊՆ-ն 7-ամյա ռազմավարություն է մշակել։

– Ռազմական ոստիկանությունում, որտեղ զինվորը իր ցուցմունքները տալիս ներկայացուցիչ չի ունեցել, ամենահավանականն այն է, որ նրան ճնշել են, որ ցուցմունքները փոխի։ Ամենաարտառոցն այն է, որ այդ սպան ազատորեն ման է գալիս։ Ինձ համար շատ ցավալի է, որ նրանք չեն փորձում պատժել մեղավորին, իսկ 18-ամյա անպաշտպան տղայի վրա փորձում են մեղադրանք բարդելով փրկել, իրենց պատկերացմամբ, բանակի պատիվը։ Այո՛, բանակում լրջագույն խնդիրներ կան, և սա միակ դեպքը չէ։ Ես մեկ օրինակ բերեմ. երբ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար էր, ինձ և Արթուր Սաքունցին մի կին էր դիմել. Մարտակերտի զորամասերից մեկում նմանատիպ դեպք էր եղել։ Մենք խորհուրդ տվեցինք դիմել նախարար Սերժ Սարգսյանին, և հավատա, որ նա անհապաղ նրա որդուն կտեղափոխի Երևան: Ի վերջո, տղան տեղափոխվեց Երևան և զորացրվեց։

Թքած քննության վրա, բայց այդ տղան երկու անգամ փորձել է ինքնասպան լինել։ Ուզում եմ ասել, որ Սերժ Սարգսյանն անմիջապես լուծել է խնդիրը այդ ձևով։ Այնպես չի, որ բանակում սեռական բռնության դեպքեր չկան, ես Դատալեքսում տեսնում եմ սեռական բռնության դեպքերով քրեական գործեր, որոնք մուտք են գործել դատարան։ Հիմա Արծրուն Հովհաննիսյանն էժան հեղինակություն է փնտրում, հրապարակելով կեղծ հայրենասիրական մտքեր, շահարկելով այդ իրավիճակը և ասելով, թե մենք սուտ տեղեկություններ ենք հրապարակել։

Ո՞նց կարող ենք այդպիսի բան սուտ հրապարակել, երբ մարդը դիմում է գրել, եկել է մեզ մոտ և խնդրել օգնել։ Նա խոսել է երեխայի հետ, հրամանատարի մոտ է տարել նրան։ Նրանք ցնցված են եղել, որ երեխան պատմել է այդ դեպքը։ Իսկ հիմա ես շատ զարմացա, որ Վիգեն Սարգսյանը ոչ մի ընդառաջ քայլ չարեց այդ տղային։ Սա մի հարց է, որի նկատմամբ հնարավոր չէ անտարբեր մնալ։ Երբ հասարակությունը նման արձագանք է տալիս ու քննադատում, ես հասկանում եմ այդ ամենը, որովհետև մարդիկ չեն պատկերացնում բանակը այդ վիճակում և թողնում են անպատիժ։ Թող հրապարակային չխոսեր, բայց թող կանչեր մորը, մարդկային վերաբերմունք ցույց տար, տղային բերեին։ Օրինակ՝ Սեյրան Օհանյանի ժամանակ, երբ խնդրահարույց դեպքեր են եղել զինվորի հետ կապված, եղել են բազմաթիվ դեպքեր, որ կանչել է իր մոտ, արձագանքել է։

– Այսինքն՝ Վիգեն Սարգսյանն ավելի դժվա՞ր է արձագանքում նման հարցերին։

– Ընդհանրապես չի արձագանքում։ Ես չեմ տեսել, որ նա ինչ-որ բանի արձագանքի։ Իրոք, շատ դժվար է չարձագանքել այսպիսի դեպքին, բայց ինքը դա կարողանում է անել, և ես նրա մամուլի խոսնակի խոսքն ընդունում եմ որպես Վիգեն Սարգսյանի խոսք։ Հասկանալի է, որ այն, ինչ հրապարակում է Արծրուն Հովհաննիսյանը, համաձայնեցված է նախարարի հետ։ Ես չեմ պատկերացնում, որ կարելի էր այս դեպքին չարձագանքել, թող հրապարակային չլիներ, թող հայտնի չլիներ նրա արձագանքը, բայց ինքը աներ այդ քայլը, մխիթարեր երեխայի մորը կամ ինչ-որ կերպ արձագանքեր։ Դա իր պարտականությունն է։ Ես մի բան եմ հասկացել, որ Վիգեն Սարգսյանը պատասխանատվություն կրելու զգացողություն չունի։

Մանե Հարությունյան

MediaLab.am