«Որևէ ժամ ավելի հայը չի կարող անվտանգ գտնվել ադրբեջանական բանտում, ամոթալի են նման հայտարարությունները». Սիրանուշ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը

– Տիկի՛ն Սահակյան, դուք և Արտակ Զեյնալյանը օրերս մի տեսանյութ հրապարակեցիք՝ կից հայտարարելով, թե փնտրում եք ադրբեջանական գերության մեջ հայտնված նշված անձանց: Կներկայացնե՞ք՝ ինչ արձագանքներ ունեցավ ձեր հայտարարությունը:

– Մենք շատ բարձր մասնակցայնությամբ արձագանքներ ենք ունեցել, շատ կարևոր տեղեկություններ են մեզ փոխանցել նշված անձանց հարազատներն ու ընկերները, ինչպես նաև այլ անձինք:

Տեսանյութի տարածումը արդարացրեց իրեն և ծառայեց իր նպատակին: Իսկ նպատակների առումով ասեմ, որ մենք ունենք հստակ նույնականացված անձինք, բայց լինում են տեսանյութեր, որտեղ նույնականացումը վերջնական չէր կատարվել համեմատական նյութերի սակավության, վատ տեսանելիության և այլ հանգամանքների պատճառով:

Մենք առանձնացրել էինք այն տեսանյութերը, որոնք իրենց բնույթով ճանաչելի էին, բայց նյութի սակավության պայմաններում միանշանակ եզրահանգումների չէինք կարողանում գալ:

Նյութերը լրացվել են, և հիմա կարող ենք ասել, որ 80 տոկոսին մոտ արդյունք ունենք: Բայց աշխատանքներն ընթացքի մեջ են:

– Ճիշտ է, Ադրբեջանում գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց և զինվորականների վերջնական թիվ չկա, բայց դուք նման նույնականացումների արդյունքում ի՞նչ եք պարզել, որքա՞ն հայ է պահվում այնտեղ:

– Մենք միշտ որոշակի հստակություն մտցրել ենք: Այս պահին հաստատված գերիները 75-ն են, որոնց գերեվարված լինելը Ադրբեջան պետությունը հաստատել է: Կան անձինք, որոնց մասին Ադրբեջանը հրաժարվում է տեղեկություն տրամադրել՝ նշելով, որ նման անձինք իրենց զինված ուժերի կողմից չեն գերեվարվել և Ադրբեջանի հսկողության տակ ողջ չեն հայտնվել:

Մենք ունենք անհերքելի ապացույցներ, որոնք գնահատվել ու համոզիչ են մեր միջազգային գործընկերների մոտ: Մենք խոսում ենք 75-ից զատ շուրջ 80-ից ավելի անձանց մասին, որոնք ողջ են եղել, և որոնց ողջ վերադարձնելու ակնկալիքներ մենք ունենք: Ուստի, մեր ունեցած տեղեկություններով՝ 160-ից ավելի մարդիկ են պահվում Ադրբեջանում և պետք է հայրենադարձվեն:

Ունենք նաև շուրջ 40 գործեր, որոնց ապացույցների համադրությունը խոսում է գերեվարված լինելու կանխավարկածի մասին և ավելին, դրանք չեն հերքվել Ադրբեջանի կողմից:

Իրականում քանիսի՞ն կկարողանանք ողջ ստանալ՝ այս հարցի պատասխանը չեմ կարող տալ: Իմ դիրքորոշումն է, որ որևէ ժամ ավելի հայը չի կարող անվտանգ գտնվել ադրբեջանական հսկողության ներքո՝ մշտապես զուգակցվում են կյանքի հետ կապված սպառնալիքներ ներկայացնող գործողություններով, արտակարգ զարգացումների ռիսկերով: Արդեն իսկ բացահայտել ենք դեպքեր, երբ գերիները սպանվել են, և մենք չենք կարող երաշխավորված ասել, որ դա չի սպառնում չհաստատված ողջ հայ գերիներին:

– Հավանաբար տեղյակ եք՝ քարոզարշավի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որը նաև վարչապետի թեկնածու է, հայտարարել է, որ մեր գերիները կներեն իշխանություններին, եթե երկու ամիս ավելի մնան Բաքվի բանտերում: Սա ինչպե՞ս կարող է անդրադառնալ վերադարձման գործընթացի վրա:

– Ինձ համար մերժելի վարքագիծ է դա: Ամոթալի է, որ նման տեսակետ կրողներ կան, և, կարծում եմ՝ պետք է ամաչեին բարձրաձայնելուց ու հասարակությանը սխալ ազդակներ հաղորդելուց:

Եթե ես դա թարգմանեմ մարդկային ընկալմամբ, ապա դա նշանակում է, որ մի քանի ամիս թշնամու կողմից հայատյացության պայմաններում գտնվելը ու նրանց անպաշտպան վիճակը չեն մտահոգում Հայաստանի իշխանություններին: Սա գրեթե նույն թեզն է, ինչը առաջ են քաշել ադրբեջանցիները:

Նրանք բազմիցս այնտեղ պահվող ռազմագերիներին հայտնել են, որ նրանք անտեր եք, պետությունը նրանցով չի հետաքրքրվում, եթե նույնիսկ նրանք փրկվեն և վերադառնալու հնարավորություն ունեն, ապա դա ադրբեջանական բարեգթության արդյունք է, բայց ոչ երբեք Հայաստան պետության ներկայության:

Ինձ համար ամոթալի է, որ այդ թեզը սեփական հասարակության մեջ կարող է առաջ քաշել վարչապետի պաշտոնակատարը:

Ես վստահ եմ, որ եթե ռազմագերիների շարքում լինեին իր զավակները, իրենց հետ ազգակցական կապի մեջ գտնվող անձինք, սեփական մաշկի վրա զգային մարդկային դժբախտություններն ու տառապանքները, կհասկանային, որ նույնիսկ րոպե առաջ վերադարձը մեծ նշանակություն ունի նրանց անվտանգության, հոգեկան առողջության համար:

– Տիկի՛ն Սահակյան, Ադրբեջանում ընթացող հայ ռազմագերիների դատավարության մասին. արդյոք դա կարո՞ղ է որոշակիորեն նպաստել նրանց արագ հայրենադարձմանը: Կա՞ մեխանիզմ, որ կարող է դատապարտված անձին արագ վերադարձնել հայրենիք:

– Ամենևին, եթե դատապարտումների գործընթաց են ստեղծում, իրավական առումով արդարացնում են միջազգային կառույցների առջև հայրենադարձման ձգձգման գործընթացը: Իսկ արդարացված ձգձգումները պատերազմական հանցագործություններ են:

Իսկ հայրենադարձության չարդարացված ձգձգումն այն է, երբ անձին պահելու ողջամիտ արդարացման իրավական հիմք գոյություն չունի: Այսինքն՝ եթե մեր ռազմագերիներն այնտեղ են, նրանց առնչությամբ գործընթաց չկա, և Ադրբեջանը չի տրամադրում, նշանակում է չարդարացված ձգձգումներ է թույլ տալիս: Բայց եթե Ադրբեջանը շինծու քրեական գործերով ցույց է տալիս, որ իրավական գործընթացներ կան, անձանց կանգնեցնում է արդարադատության առջև և պետք է դեռ պահեն ռազմագերիներին, ապա սրանով արդարացնում ու նաև կոծկում է իր հանցագործությունները:

Հետագայում նույն տրամաբանությամբ կարող է ասել, որ պատիժը կրելուց հետո նրանց կվերադարձնի: Այս գործընթացները կարող են խոչընդոտել: Բայց, միաժամանակ, պետք է նշեմ, որ մենք ունենք նախադեպ, երբ Ադրբեջանը հայրենադարձրել է իրավական գործընթացում գտնված անձին:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am