«Այս փաթեթով ընտրակաշառքի ճանապարհը փակվում է, և ոստիկանությունն ստանում է գործուն հնարավորություն՝ պայքարելու». Նոր փաթեթի շուրջ

«Այս փաթեթով ընտրակաշառքի ճանապարհը փակվում է, և ոստիկանությունն ստանում է գործուն հնարավորություն՝ պայքարելու». Նոր փաթեթի շուրջ
«Այս փաթեթով ընտրակաշառքի ճանապարհը փակվում է, և ոստիկանությունն ստանում է գործուն հնարավորություն՝ պայքարելու». Նոր փաթեթի շուրջ

Ընտրախախտումների դեպքում պատիժների խստացման նոր օրենսդրական փաթեթով փակվում է ընտրակաշառք տվողների ճանապարհը:

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ, վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծերի փաթեթին:

«Դեռևս որոշակի թերություններ կան Ընտրական օրենսգրքում, որոնք կշտկվեն հետագայում: Բայց այս փաթեթով ընտրակաշառքի ճանապարհը բավական փակվում է, և ոստիկանությունն ստանում է գործուն հնարավորություն՝ պայքարելու ընտրական կոռուպցիայի դեմ: Այս ամենի շնորհիվ որակապես այլ ընտրություններ կունենանք»,- «Մեդիալաբին» ասում է Դանիել Իոաննիսյանը:

Նշենք, որ Ազգային ժողովը սեպտեմբերի 7-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց այս փաթեթը: Ամենաէական փոփոխությունն այն է, որ քրեականացվեց ոչ միայն ընտրակաշառք ստանալը կամ պահանջելը, այլ նաև այդ կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելը: Ընտրության գնալու և այս կամ այն թեկնածուի օգտին քվեարկելու համար կաշառք վերցնող անձն այսուհետ կտուգանվի 500-700 հազար դրամով կամ կդատապարտվի 1-3 տարվա ազատազրկման: Ընտրակաշառք տալու համար սահմանվել է 2-4 մլն դրամ տուգանք կամ 2-6 տարի ազատազրկում:

Դանիել Իոաննիսյանն ասում է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում լցոնումներ կամ թվանկարչություն չի եղել, բայց զանգվածային ընտրակաշառք է բաժանվել՝ հօգուտ ՀՀԿ-ական թեկնածուների:

«Ոստիկանությունը ո՛չ կամք ուներ ընտրակաշառքի դեմ պայքարելու, ո՛չ էլ հարմար օրենսդրություն»,- ասում է նա:

Նրա խոսքով՝ այս փոփոխությունները վաղուց պետք է արվեին, քաղաքացիական հասարակությունը վաղուց էր ասել, որ այսօրինակ փոփոխությունների կարիք կա: Բայց նախկինում իշխանությունները չէին գնում այս ճանապարհով, քանի որ հենց իրենք էին ընտրությունները կեղծողները:

«Իրենք իրենց դեմ օրենք չէին ընդունելու: Իսկ այս փաթեթով արմատապես հնարավոր է նվազեցնել ընտրակաշառքը»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:

Նա նկատում է, որ ընտրակաշառքը մի շարք այլ արտատեղամասային խնդիրների հետ Հայաստանում ընտրությունները դարձնում էր չընտրություն:

ՀՀԿ-ական պատգամավորները, չնայած հնչեցրած քննադատություններին, կողմ քվեարկեցին այս փաթեթին: Լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչո՛ւ քննադատեցին, եթե պետք է կողմ քվեարկեին, ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ երեկ քննադատել է այս նախագիծը, ասել է, որ Ազգային ժողովը կառավարության կցորդը չէ, գնացեք և ուղղեք:

«Այսօր կողմ եմ քվեարկել, որովհետև թե՛ Գևորգ Կոստանյանի, թե՛ Արփինե Հովհաննիսյանի կողմից հավաստիացումներ են եղել, որ կառավարությունն ընդունել է ՀՀԿ խմբակցության առաջարկությունները»,- նշեց Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովը թե համամիտ չէր այն գնահատականներին, որ ՀՀԿ իշխանության օրոք ընտրությունները համատարած խախտումներով են անցկացվել:

«Մեդիալաբի» հարցին, թե տեսակետներ կան, որ նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններում համատարած ընտրակաշառք է բաժանվել ՀՀԿ-ական թեկնածուների օգտին, Շարմազանովը պատասխանեց.

«Ես ձեր գնահատականների հետ համամիտ չեմ, որովհետև Հանրապետականի կառավարման շրջանում Հայաստանը կազմակերպել է պառլամենտական լավագույն ընտրությունները: Եվ դա ոչ թե Էդուարդ Շարմազանովի կարծիքն է, այլ միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների կարծիքն է: Եվ եթե Հանրապետականին եք ուզում գնահատական տալ, ապա, այո՛, ընտրական գործընթացի կազմակերպման առումով Հայաստանում չկա ՀՀԿ-ից ավելի մեծ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացրած ուժ»:

Շարմազանովի խոսքով՝ իրենք չեն ժխտում, որ ընտրական գործընթացներում եղել են թերություններ, բայց չպետք է անպատասխանատու հայտարարություններ անել, պետք է փաստերով խոսել:

«Աշխարհում չկա մի երկիր, որտեղ ընտրություններն անթերի են անցնում, բայց ստվեր գցել 2017 թվականի ընտրությունների վրա՝ որևէ մեկը չի կարող, որովհետև հենց ինքը՝ Փաշինյանն է ընդունել այդ ընտրությունների արդյունքները»,- ասում է Էդուարդ Շարմազանովը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am