«Քննական թեստերը պարզապես թակարդներ են և գիտելիք չեն ստուգում». ԵՊՀ դասախոս Թադևոս Տոնոյան

ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը ողբերգական չի համարում այն, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունից դիմորդների 13 տոկոսը չի հաղթահարել անցողիկ շեմը:

«Իրականում, 12-ից մինչև 14 տոկոսը օրինաչափ է համարվում, այնպես որ, այդպես մտահոգիչ չէ»,- «Մեդիալաբին» ասում է Ավետիսյանը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երեկ տեղեկացրել էր, որ քննությունների հիմնական փուլում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել է 4005 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 519 դիմորդ կամ մասնակիցների 13%-ը: Միասնական քննությունների երկրորդ փուլում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել է 98 դիմորդ:

Դրական միավորի շեմը չի հաղթահարել 46 դիմորդ կամ մասնակիցների 46.9%-ը: Ընդհանուր առմամբ, հիմնական և երկրորդ փուլերի արդյունքում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննություններին մասնակցել է 4103 դիմորդ, և դրական միավորի շեմը չի հաղթահարել 565 դիմորդ կամ մասնակիցների 13.77%-ը:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Թադևոս Տոնոյանը նման ցուցանիշը ողբերգություն է համարում:

«Անկախ այն բանից՝ քննությունների հիմնակա՞ն փուլ է, թե՞ երկրորդ փուլ, անցողիկ շեմը չհաղթահարածների թիվը շատ մեծ է: Այս ցուցանիշը հետևանք է այն բանի, որ հայագիտության նկատմամբ գործնականում վերաբերմունքը շատ վատ է:

Գործնական, նյութական որևէ միջոց չի ձեռնարկվում առանձնացնելու հայագիտությունը՝ որպես մեր ինքնության մաս»,- «Մեդիալաբին» ասում է Տոնոյանը:

Կրթության ոլորտում տարբեր տարիներին ձեռնարկված բարեփոխումները, ըստ դոցենտի, արդյունքներ չեն տվել կամ մնացել են անավարտ: Իսկ հեղափոխությունից հետո, նրա խոսքով, ԿԳՄՍ նախարարության քաղաքականությունը՝ ներմուծվող չափորոշիչներով հանդերձ, անորոշ էր ու անընկալելի, և, բացի այդ, արդեն երկու տարի կրթության որակի վրա մեծ ազդեցություն է թողնում կորոնավիրուսի համավարակը, ինչի հետևանքով ուսուցման գործընթացը ամբողջովին փոխվեց:

Հարցին, թե հնարավո՞ր է նաև քննական թեստերի մեջ է խնդիրը, Թադևոս Տոնոյանը արձագանքում է. «Քննական թեստերը բոլոր ժամանակներում են շատ վատը եղել: Դրանք պարզապես թակարդներ են և ոչ թե գիտելիք են ստեղծում, այլ կողմնորոշվելու խնդիր է առաջադրվում»:

Նա քննադատում է ԿԳՄՍ նախարարության քաղաքականությունը քննության ժամանակ դիմորդին մայրենի լեզվի և օտար լեզուների միջև ընտրություն կատարելու հնարավորություն տալու համար:

«Շատ դիմորդներ գերադասում են պարապել, հանձնել քննություն անգլերենից, քան հայերենից՝ օգտվելով նախարարության կայացրած նման անօրինական որոշումներից: Թույլ տալ ընտրել կամ անգլերեն, կամ հայոց լեզու, անօրինականություն է, հակասում է «Լեզվի մասին» օրենքին: Հայոց լեզվի քննությունը պետք է պարտադիր լինի: Մարդկանց, կոնկրետ նախկին նախարար Արայիկ Հարությունյանին թվում է, թե լեզուն միայն հաղորդակցության միջոց է, դպրոցում սովորել են հայերենը և ինչ կարիք կա բուհում էլ սովորել: Չի պատկերացնում, որ լեզուն մտածողության գործիք է, գիտությունը պետք է զարգանա մտածողության հենքի վրա: Էլ չեմ ասում, որ լեզուն հոգեբանություն է»,- նշում է Տոնոյանը:

Հայոց լեզվի նկատմամբ պետության նման վերաբերմունքը, ըստ Թադևոս Տոնոյանի, դիմորդն զգում է, ու ինքն էլ շարժվում է այդ ուղղությամբ՝ չցանկանալով ուսումնասիրել, ջանք գործադրել սովորել մայրենին:

«Քննական կարգը վերանայելու մասին նոր իշխանությունների խոստումները այդպես էլ թղթի վրա մնացին, և ահա արդեն երկու-երեք տարի է՝ նույն կերպ շարունակվում են: Կոնկրետ քննական թեստերի հետ կապված ասացին՝ կփոխեն ու չփոխեցին»,- ընդգծում է ԵՊՀ դոցենտը:

Միասնական քննությունների անբավարար միավորների ցուցանիշները կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ևս մտահոգիչ էր համարել: «Այդ նպատակով նախարարությունն իրականացնում է մի շարք բովանդակային բարեփոխումներ, որոնց առաջնային նպատակը կրթության որակի բարելավումն է», -նշված էր նախարարության տարածած հայտարարության մեջ:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am