«Մինչ այժմ չի գրանցվել դեպք, երբ լիարժեք պատվաստված մարդը մահացել է». «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի փոխտնօրեն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մեկ տարուց ավելի է՝ քովիդ կենտրոնում բժշկական օգնություն են ստանում ծանր, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քովից հիվանդները: Սակայն բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Պետրոս Մանուկյանի խոսքով՝ այդ հիվանդները կարող էին չհասնել այդ վիճակին, եթե պատվաստված լինեին:

«Այսօր բժշկական կենտրոնն աշխատում է գերլարված, համարյա բոլոր մահճակալները զբաղված են, ունենք բավականին մեծ թվով ծանր, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչի» բուժական գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը:

Նկատենք՝ այսօր Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1054 հաստատված դեպք, մահվան դեպքերը եղել են 37-ը: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մահերի թիվը գերազանցել է 200-ը:

ԲԿ-ում գրանցվող մահվան դեպքերը, ըստ Մանուկյանի, հիմնականում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մարդիկ են, իսկ նրանց թվում շատացել են միջին տարիքի անձինք: Այսինքն՝ ըստ Մանուկյանի, դելտա շտամով վարակվածությունը առավել շատ տարածվում է երիտասարդների շրջանում՝ անկախ նրանից, նրանք ունե՞ն ուղեկցող հիվանդություններ, թե՞ ոչ:

«Կորոնավիրուսի այս ալիքի դեպքում, երբ առավել տարածում ունի դելտա շտամը, նախորդ՝ ալֆա շտամի համեմատ բավականին ծանր ընթացք ունի, և ավելի երիտասարդ տարիքային խմբերն են ընդգրկված: Ցավոք, տարիքային խմբերի ընդգրկվածությունը երիտասարդացել է, նաև՝ մահվան ելքով դեպքերում»,- նշում է Մանուկյանը:

Նա ընդգծում է, բժշկական կենտրոնի քովիդ բաժանմունքում մինչ այժմ չի գրանցվել դեպք, երբ լիարժեք պատվաստված մարդը մահացել է: «Պնդում եմ՝ եթե մահացած անձինք պատվաստվեին, այո՛, միգուցե չունենայինք այսքան մահվան ելքերով դեպքեր, և երիտասարդների շրջանում չլինեին ծանր դեպքեր»,- շեշտում է Պետրոս Մանուկյանը:

Ինչ վերաբերում է պատվաստումների դեմ իրականացվող հակաքարոզչությանը, նա ասում է, որ Հայաստանում պատվաստումների դեմ իրականացվող հակաքարոզչությունը չունի որևէ իրական հիմքեր:

«Հակաքարոզչությանը, անկեղծ ասեմ, չեմ կարող գնահատական տալ, որովհետև որպես բժիշկ չեմ կարող պատկերացնել դրա նպատակն ու իմաստը, քանի որ ամբողջ աշխարհում ապացուցողական բժշկության մեջ, ընդգծում եմ՝ այո՛, այսօր համավարակի ճգնաժամային այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը կանխարգելիչ պատվաստումն է»,- նշում է նա:

Դիտարկմանը, թե Հայաստանում պատվաստումների դեմ հակաքարոզչության մեջ ընդգրկված են նաև իր գործընկեր բժիշկներ, Մանուկյանն արձագանքում է. «Եթե որոշ մասնագետներ այդպես են վարվում, դա ամբողջ բժշկական հանրությունը չէ: Բայց, էլի եմ կրկնում՝ ինձ համար անհասկանալի է, թե ինչ հիմքերով են նման բաներ արվում: Գուցե անձնական մոտիվներով՝ չգիտեմ, միևնույն է, դրանց տակ չկա ապացուցողական որևիցե բազա: Միայն՝ ենթադրություններ»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am