Ալեն Սիմոնյան. իր երազանքների տղան

Մհեր Արշակյան

Կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար 90 մլն դրամ արժողությամբ BMW 750Li xDrive LCI դասի մեքենա ձեռք կբերի։ 

Նախորդ BMW-ն շահագործվում էր 2010 թվականից։ Կառավարությունն ասում է, որ նախորդ BMW-ի «ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար, և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս արդյունավետ ու նպատակահարմար չեն»։ Հասկացա՞ք: Մի՛ շտապեք ասել՝ հասկացանք։ 

Ալեն Սիմոնյանի աչքը ամեն օր տեսնում է մի մեքենա, որի մեջ նստել են Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը, Արարատ Միրզոյանը։ Էս տղան իրեն նախկին է զգում էդ մեքենայի մեջ, Արարատ Միրզոյանի դեպքում՝ հիշում է, թե ինչպես մեքենան չփրկեց նրան, գազազած ամբոխը ինքնադատաստանի ենթարկեց Ալեն Սիմոնյանի չտեսությունը չունեցող ԱԺ նախագահին։ 

Ալեն Սիմոնյանի աչքը չի տեսնում հասարակական տրանսպորտը, ուսուցիչներին, զինվորների սահմանային պայմանները։ Ինքը թարմացնում է այն, ինչը վերաբերում է իրեն։ Իսկ այն, որ կյանքն այս երկրում սոցիալական իմաստով արդեն նույնիսկ անտանելի է, նրան հետաքրքիր չէ, մեքենան հնացել է, ծախսատար է։ Ինքը պետք է նախորդներից լավը լինի։ Իր երազանքների տղան հո էսպիսի BMW-ով չի՞ բավարարվելու։

Էդ տղան ամբողջ կյանքում ապրել է շքեղության ծարավով։ Աչքը պետք է հագենա։ Էդ տղան արտասահմանյան ոչ մի գործուղում բաց չի թողնում։ Ու ձեր կարծիքով ինչու՞ է ընդդիմությանը հնարավորինս հեռու պահում այդպիսի գործուղումներից՝ որ չտեսնեն իր քաղքենիական անկշտությունը։ 

Բայց սա Ալենն է, նա չի խոստացել, որ մեր կյանքը կլավացնի։ Նա պաշտոնն ընկալել է որպես իր կյանքի լավացման երաշխիք ու ինքն իր պատկերացումներին անդավաճան է։ Մեզ հետաքրքիր է Նիկոլ Փաշինյանը։

Ընկե՛ր, ոչ աշխատավարձ ես բարձրացնում ուսուցչի, ոչ էլ զինվորի կյանք ես երաշխավորում: Ալեն Սիմոնյանն ո՞վ է, որ նոր ծառայողական մեքենա ունենա: Քաղքենիությունն էդ երիտասարդի դեմքից թափվում է, նյութի հանդեպ ստրկությունն է նրա գոյության շարժիչ ուժը, պետությունը որպես փողի տոպրակ ընկալելու «առողջ բանականությունն» է նրա տեսլականը։ 

Բայց, ասեմ ձեզ, սա էլ ինձ համար խնդիր չէ։ Թող պարոն Սիմոնյանը լինի քաղքենի, թող թքած ունենա պետության հնարավորությունների վրա։ 2016-ին Փաշինյանը չէ՞ր ասում՝ մարդիկ «ԳԱԶել»-ների մեջ կռացած են երթևեկում, կարտոշկա տեղափոխող գռուզավիկի նմանվող ավտոբուսով են գործի գնում։ 

Հարգելի՛ վարչապետ, հիմա «ԳԱԶել»-ների մեջ կռացած չե՞ն երթևեկում, հիմա ուղևորներն իրենց կարտոշկա տեղափոխող գռուզավիկի նմանվող ավտոբուսով չե՞ն գործի գնում: 

Հլը Ալեն Սիմոնյանին ուղարկեք Ավան ու ասեք՝ թող 20 համարի կամ 41 համարի ավտոբուսով գործի գնա: Իսկ 20 համարի «ԳԱԶել»-ն արդեն ավելի սարսափելի է ստալինյան ճամբարների բանտապահների կտտանքներից: Գիտե՞ք ինչու եք Ալենի դարդը լացում ավելի, քան՝ ժողովրդի: Դուք ձեռքներդ լվացել եք հեղափոխությունից, ձեզ ասել են, որ հեղափոխությունն իբրև խաղալիք իրեն մաշել է, հեղափոխության ամորտիզացիան վերականգնվող չէ, քե՛ֆ արեք, ուսուցչի ու բժշկի հերն էլ անիծած:

Իսկ զինվորի վրա դուք արդեն հրապարակային թքած ունեք: Ո՞վ էր ասում՝ գերիները մեզ կներեն, եթե մեկ-երկու ամիս ավելի մնան գերության մեջ: Ալեն Սիմոնյանի ավտոմեքենան ավելի շուտ փոխվեց, քան գերիները տուն վերադարձան: Ի՞նչը ձեզ ներեն: 

Երկու օր առաջ Փաշինյանն էր, չէ՞, ասում՝ գուցե մեզ անկախություն պետք չէ՞ր: Եթե Ալենի նմանին բերել ես առաջին պլան, կարիք կա՞ր, որ էդ միտքն ասեիր: 

Իհարկե պետք չէր: Բոլոր հանցագործներին հերոսացրեցիր, որպեսզի ցանկացած հանցագործություն կարողանաս մարսել: Ահա էս օրին է Հայաստանը: Հետևաբար, Ալենը կարող է նույնիսկ ԱՄՆ նախագահի 16 միլիոն դոլար արժողությամբ Cadillac One-ից պահանջել, ու որ ամենևին ծիծաղելի չէ՝ ստանալ։ 

Ամեն։

Մհեր Արշակյան

MediaLab.am