«Երեխուս զոհվելու օրերին երազ տեսա, Դավս ասեց՝ մամա՛, էնքան տանջվել, տառապել եմ, ասեցի՝ բալե՛ս, եկե՞լ ես, ասեց՝ հլը ուր ա, հազարներով են գալու հետևիցս..»․ Դավիթը՝ մինուճարը

Արցախյան վերջին պատերազմում 21-ամյա մինուճար որդուն՝ Դավիթ Մնացականյանին, կորցնելուց հետո Շուշան Մնացականյանի տուն արդեն մեկ տարի ոչ ոք գրեթե չի մտել։ Ասում է՝ որդուց հետո ոչ միայն աշխարհի հետ կապը, այլև կյանքի հանդեպ ունեցած ողջ հետաքրքրությունն է կորցրել։ 

«Դավս գործերը տվել էր իրավագիտական ֆակուլտետ, որոշել էր նոտարական գործերով զբաղվեր։ Ասում էր՝ մա՛, ես պատմություն եմ շատ սիրում, հետո էլ՝ հանգիստ գործ ա, իմ համար հանգիստ կաշխատեմ։ Ես ուզում էի, որ ծրագրավորում սովորեր, որ լավ ապագա ունենար, որովհետև ինքը մի քիչ շատ համեստ տղա էր, շուստրի չէր, որ կարողանար տենց իրա գլուխը պահեր»,- պատմում է մայրն ու հավելում՝ «իր լրջությունից ու հավասարակշռությունից ոչ ոք չուներ»։ 

«Ընկերները միշտ ասում էին՝ Դավոն չլիներ, մենք անընդհատ կռիվների մեջ կխառնվեինք։ Իրա մոտ ընկերոջ՝ Արայիկի մաման մենակ էն ժամանակ էր հանգիստ, երբ Արայիկը Դավոյի հետ էր, որովհետև Դավոն երբեք չէր թողում, որ Արայիկը խնդիրների մեջ ընկներ»։

Մնացականյաննների ընտանիքը երկար տարիներ ապրել է եվրոպական տարբեր երկրներում, բնակություն են հաստատել նաև Դուբայում, որտեղ հաճախ էին լինում։ Շուշանի խոսքով՝ որդին ոչնչի կարիք չուներ, որովհետև ինքն ու ամուսինն ամեն ինչով ապահովում էին։

«Ամուսինս մինչև հիմա Դուբայում ա, էնտեղ ա աշխատում ու Դավոյին միշտ ասում էր՝ քեզ «Ֆորդ» առնեմ, էս առնեմ, էն առնեմ, բայց Դավոն մեզնից երբեք ոչ մի բան չէր վերցնում, ինքն էր իրա համար ամեն ինչ անում։ Ավտո ուներ, բայց ասում էր՝ մա՛, ես սիրում եմ ոտքով քայլել։ Ինքը ցուցամոլ չէր, երբեք ոչ մի ցուցադրական բան չէր անում»։

Մայրն ասում է՝ իր համար միշտ հարցական էր մնում, թե որդին որտեղի՛ց էր իր համար գումար ճարում, որովհետև իրենցից երբեք չէր վերցնում։ 

«Ասում էի՝ Դա՛վ, քեզ փող որտեղի՞ց, պարզվում էր՝ ժամով տարբեր մարդկանց շների էր ման տալիս, իրան էնքան էին սիրում էդ մարդիկ, իրա համար հերթ էին կանգնում, որովհետև ինքը ձևերը գիտեր՝ ոնց աներ, ինչ աներ, որ լավ լիներ։ Զանգում, ասում էին՝ ուզում ենք, որ մենակ դու գաս, մենակ Դավոյին էին վստահում»։

Շների լեզուն լավ էր հասկանում։ Երազում էր Հայաստանում շների համար հյուրանոց ու վարժեցման համար նախատեսված այգիներ կառուցել։ Մայրն ասում է՝ մի օր դրսից շուն էր գտել, բերել էր շենքի տանիքում պահում էր։ Շունը շատ էր աղմկում, բայց հարևանները երբեք ձայն չէին հանում, ասում էին՝ ոչինչ, խելոք Դավոյի շունն ա, ինքն ա պահում։ 

«Որ Դուբայից նոր էինք եկել, հարևաններն ինձ հլը չէին ճանաչում, որ ասում էի՝ Դավոյի մաման եմ, ասում էին՝ հա, խելոք Դավոյի մամա՞ն եք։ Իրան խելոք Դավո էին ասում մեր հարևանները»,- ասում է մայրը։

Դավիթին զորակոչել են 2020-ի հուլիսի 2-ին, Մարտունի 2։ Մայրն ասում է՝ բանակ մինչև 24 տարեկանը չպիտի գնար, որովհետև ոտքի խնդիր ուներ, պիտի սպասեր, մինչև ոտքի աճը կանգներ, բայց չի լսել, գնացել, ասել է՝ տարեք ինձ, ու տարան։ 

«Կռվի ժամանակ, երբ նահանջի հրաման են ստացել, էդ ոտքն իրան շատ ա նեղել, հետ ա ընկել, ընկերներն ասել են՝ Դավո՛, արա՛գ արի, ասել ա՝ թողե՛ք ինձ, գնացե՛ք, բայց չեն թողել»։

Պատերազմը սկսվելուն պես Դավիթենց 13-րդ վաշտին, որտեղ բոլորը նորակոչիկներ են եղել, տարել են Մարտունի 2-ի առաջնագիծ։ Հենց առաջին օրը ռումբն ընկել է տղաների վրա, ու 5 զոհ են տվել։ 

«40 օր կռվեց, 40 օր երեխես դիմացավ; Ասում էր՝ ջուրը կում-կում ենք խմում, իսկ հոկտեմբերի 30-ից հետո, երբ իրանց ուտելիք տանողը զոհվել է, երեխեքը մնացել են սոված-ծարավ։ Մեզնից էին շորեր, ուտելիք ուզում, անգամ հեռադիտակ էր ինձնից ուզում։ Մենք ծնողներով առանք ամեն ինչ, որ ուղարկենք, բայց հիմա էդ ուտելիքները իմ սենյակում են, հետ են տվել ամեն ինչ, որովհետև իրանց չհասավ, չհասցրինք, տենց սոված-ծարավ զոհվեցին երեխեքը․․․»

Ամենածանրը եղել է հոկտեմբերի 26-ին, երբ թշնամին կիրառել է ֆոսֆորային զենք։ Դավիթենց վաշտը հազիվ է կարողացել փրկվել, իսկ այդ օրվանից հետո մի քանի օր նրանց հետ կապը կորել է։

«Կողքի վաշտի երեխեքից մեկի հետ խոսեցի, ասեց՝ Դավոյենց վաշտը ամենատանջված վաշտն ա եղել, ֆոսֆորների միջից մի կերպ, ցեխերի միջով սոթ տալով էին փախել»,- ասում է մայրն ու հավելում՝ տղաները հրամանատար չեն ունեցել, մենակ են որոշումներ կայացրել։

«Ասում էր՝ մա՛մ, գիտե՞ս՝ ստեղ սաղ իրանց-իրանց խոսում են, հալյուցինացիաներ են տեսնում, քնած տեղները գոռում են, ասում էի՝ բալե՛ս, դիմացի, կատակներ արա, ասում էր՝ մամա՛, տենց էլ անում ենք, որ դիմանանք։ Ամեն օր զանգում, ասում էր՝ մա՛մ, ի՞նչ եղավ, ի՞նչ են ասում, ի՞նչ ա անում Ռուսաստանը, մա՛մ, ե՞րբ ա պրծնում պատերազմը»։ 

Նոյեմբերի 3-ին դիվերսանտները գաղտնի մտել են տղաների խրամատ, և սկսվել է ձեռնամարտ։ Տղաները հետ են մղել թշնամուն, սակայն դրանից հետո թշնամին սկսել է կիրառել զինտեխնիկա, և տղաներն այլևս չեն կարողացել դիմադրել։ 

«Ասում էր՝ մամա՛, զենքը ծուռ ա կրակում, չենք կարողանում դրանով ոչ մի բան անենք։ Ամսի 4-ին ա զանգել վերջին անգամ, շատ կարճ խոսաց, ես զգացի, որ մի բան էն չէր, միշտ ինքն էր զանգում, դուխ տալիս ինձ, էդ օրը որ ասեցի՝ լա՞վ ա, բալե՛ս, նորություններով էս են ասում, էն են ասում… Ասեց՝ հա, լա՛վ, մամա՛, դու շատ բան չգիտես, հետո կխոսենք, ու անջատեց… Երևի ջղայնացավ, որ անընդհատ նույնն էի կրկնում ու դեռ հավատում էի էդ լուրերին»։

Նոյեմբերի 5-ից Դավիթի հետ կապը կորել է։ Մայրն ասում՝ պատերազմի ավարտից հետո էր սպասում որդու զանգին, բայց այդ զանգն էդպես էլ չեկավ։ 

«Ախպերս երկու անգամ գնաց Մարտունի 2, ես էդ ընթացքում զանգում էի ամեն տեղ, բոլորը տարբեր բաներ էին ասում, վերջում արդեն զանգեցի իրա հրամանատարին, ուզում էի խոսք քաշեի։ Զանգեցի, ասեցի՝ գիտե՞ս, ես ամեն ինչ արդեն գիտեմ, գիտեմ, որ երեխեն զոհվել ա, նոր ասեց՝ հա՛, զոհվել ա․․․։

Երեխուս զոհվելու օրերին երազ տեսա, Դավս եկավ երազիս, ասեց՝ մամա՛, էնքան տանջվել, տառապել եմ, ասեցի՝ բալե՛ս, եկե՞լ ես, ասեց՝ հլը ուր ա, հազարներով են գալու հետևիցս… Տենց էլ եղավ, իրանից հետո բերեցին լիքը-լիքը մարմիններ․․․»

Տղայի մարմինը Կարմիր խաչի գալուց հետո են հանել պատերազմի դաշտից, իսկ նոյեմբերի 20-ին բերել են Երևան։ Մինչև օրս հստակ չէ, թե ինչից է զոհվել Դավիթը՝ բեկորային վնասվածքի՞ց, թե՞ դիպուկահարի կրակոցից, բայց համազգեստի գրպանում նրա փաստաթղթերն են եղել, ավելի ուշ ԴՆԹ-ն հաստատել է՝ նրա մարմինն է։

«Մեկ-մեկ ծնողներով խոսում ենք՝ երեխեքը գոնե շուտ զոհվեին, որ շատ չտանջվեին, ցավը էն ա, որ էդքան տանջվել են, գոնե էն սկզբում, որ զոհվեին, էդքան ցավ չէին զգա, էդքան չէին տառապի: 

Մենակ, անտրամադիր, ոչ մի բան չես ուզում անես, տնից դուրս գաս, աննպատակ ա ամեն ինչ, գոնե մի երեխա էլ ունենայի, իրա խաթր ապրեի, բայց ինչի՞ս վրա հիմա ուրախանամ, ոչ առնում եմ, ոչ մի տեղ եմ գնում, հիմա Եռաբլուրում հիվանդի պես անընդհատ մտածում ենք՝ վա՛յ, էս ծաղիկը տես ինչ սիրուն ա, մենք էլ առնենք, դնենք, վա՛յ, էն վազը ինչ սիրուն ա, մենք էլ առնենք, դնենք, վա՛յ, էս սիրուն ա, էն սիրուն ա, անընդհատ երեխու գերեզմանի մասին ենք մտածում, առավոտից իրիկուն ընդեղ ենք․․․ Դա՛վս, իմ պուճուրիկ-մուճուրիկ տղեն, թիթիզս․․․»- ասում է մայրն ու հուզվում։ 

Անի Մարտիրոսյան

MediaLab.am