«Ամեն գիշեր զանգում էր, մենք էլ, ձեռքերներս, ոտքերներս դողալով, սպասում էինք»․ Գեղամ Ավդալյանը զոհվել է Ֆիզուլիում

«Երկու օր ընկերները խաբում էին, ասում էին՝ Գեղամը վերևում ա, չենք կարա տանենք, հեռու ա, հետո ընկերներից մեկը զանգում ա թոռնիկիս սիրած աղջկան, ասում՝ Գեղամն էլ չկա, ու աղջիկը հայտնում ա մեզ»,- կսկիծով ասում է 61-ամյա Վիկա Աբրահամյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է 20-ամյա թոռանը։

Գեղամ Ավդալյանը 1 տարի 3 ամիս ծառայել է Մարտունի 2-ում, ստացել կրտսեր սերժանտի կոչում։ Պատերազմը սկսվելուն պես տեղափոխվել է Ֆիզուլի։

Գեղամի տատն ասում է՝ զանգելիս թոռը միշտ ասում էր՝ ամեն ինչ կարգին է, անհանգստանալու կարիք չկա։

«Ասում էր՝ էստեղ կրակոց չկա, շատ հանգիստ ենք, շատ լավ ա։ Ամեն գիշեր զանգում էր, մենք էլ, ձեռքերներս, ոտքերներս դողալով, սպասում էինք»,- պատմում է Վիկան։

Գեղամն ընտանիքի հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 21-ին, 2 օր անց դեպքը տեղի է ունեցել։

«Նոր եկած զինվորներին էր խնամում, վերևի գնդից ասել ա՝ իջնեմ, ջահելները նոր են եկել, տեսնեմ՝ ոնց են, ինչ են։ 7 հոգի են եղել, մտել են խրամատը հանգստանալու, այդ ժամանակ ռումբը պայթել ա, 7-ն էլ մնացել են հողի տակ։ Հետո մյուսները գալիս են, իրանց կյանքը վտանգելով՝ ձեռքով, լապատկայով փորում են, բոլորին հանում։ Իմ թոռնիկը մեջքի կողմից ա վնասված եղել՝ մահացած»,- ասում է ու հուզվում Վիկան։

Վիկան ասում է՝ այդ օրվանից կյանքը շրջվել է, աղջիկը՝ Գեղամի մայրը, ուշքի չի գալիս։ 

«Իմ աղջիկը նախքան տղայիս բանակ գնալը նևրոզ ուներ, բուժվեց։ Գեղամը, որ բանակ գնաց, աղջիկս մի տարի 3 ամիս հաց ու պանրից բացի բան չէր ուտում։ Շատ կապված էր Գեղամի հետ։ Կռիվը սկսվեց, ոնց որ խենթի նման լիներ, 3 օր սկորին տնից չի գնացել։ Հիմա՝ իրա անկյունը, իրա տղեն, իրա նկարը, ոչ աշխատում ա, ոչ դուրսն ա շփվում, ոչ էլ ուզում ա դուրս գա։ Ես էլ օտարության մեջ եմ՝ Բուլղարիայում, աշխատում եմ, աչքերիս տեսողությունը մի տարվա մեջ կորցրեցի, անընդհատ լացում եմ»,- պատմում է տատը։

Գեղամ Ավդալյանը ծնվել է Բուլղարիայում, 9 տարեկան է եղել, երբ ընտանիքը որոշել է Հայաստան վերադառնալ։

Տատը, թոռան կորստյան ցավը սրտում, ասում է. «Ծնողները չհարմարվեցին էստեղ՝ Բուլղարիայում, ասեցին՝ մեր երեխեն հայկական դպրոց ա գնալու, գնալու ա բանակ։ Տարան երեխուն, երեխուն տարան»,- հուզմունքի պատճառով խոսքն ընդհատում է Վիկան։

Գեղամն ընկերասեր էր, խելոք, կռիվներ չէր սիրում։ Որոշել էր խոհարար դառնալ, մինչև բանակ գնալն էր խոհարարության դասերի է մասնակցել, տանն էլ պատրաստում էր։ «Կարտոֆիլ էր տապակում, փլավ էր սարքում։ Ասում էր՝ բանակից գամ, խոհարարությամբ կզբաղվեմ»,- պատմում է տատը։

Գեղամը հուղարկավորվել է Վարդաշենում՝ պապի գերեզմանի մոտ։ 

Տատն ասում է՝ ցավը խորն է, կսկիծը՝ մեծ։ Ոչ միայն թոռան համար է ծանր ապրումներ ունենում, նաև շատ ու շատ այլ երիտասարդ տղաների, որոնց չարաբաստիկ պատերազմը խլեց։

«Մենակ իմ թոռը լիներ, երևի էսքան դժվար չլիներ, էդ անմեղ երեխեքին ամեն օր նայելուց ասում եմ՝ հեսա կմահանամ ես, ասում եմ՝ ես մեռնեի, սաղին հետ բերեի»,- հուզվում է Վիկան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am