Ռոբերտ Քոչարյանն արդեն «Հայր մերը» գիտի

Մհեր Արշակյան

Ռոբերտ Քոչարյանի պատկերացմամբ՝ ՀՀ նախագահի թեկնածուի «լավագույն տարբերակն այս պահին Հայ Առաքելական Եկեղեցու՝ հարգանք վայելող որևէ սրբազանը կլիներ»։ Հիշո՞ւմ եք Լևոն Տեր-Պետրոսյանի հարցը Ռոբերտ Քոչարյանին՝ ա՛յ տղա, «Հայր մերը» գիտե՞ս։

Փաստորեն արդեն գիտի։

Բայց հոգևորականն ի՞նչ գործ ունի նախագահի աթոռին։ Ու թող պարոն Քոչարյանը հլը «հարգանք վայելող որևէ սրբազանի» անուն ասի։ Կամ թող ասի, թե որ հոգևորականն է իր հարգանքը վայելել։ Նախագահ աշխատած այդ մարդն աթեիստ էր և գրեթե իր նման էր դարձրել եկեղեցին։

Հիմա ուզում է այդ եկեղեցուց մա՞րդ բերել քաղաքական իշխանություն, որպեսզի այդ հոգևորականը կարողանա «մեր ազգային վտանգված ինքնությունը պահպանել»։ Հիմա եկեղեցին կարծես թե զբաղվում է նրանով, ինչով պիտի զբաղվի հոգևոր կառույցը։ 

Իրականում Քոչարյանն ուզում է ասել, որ նախագահի պաշտոնն էնքան ոչինչ չասող պաշտոն է, որ մնում է ուժեղացնել նրա սիմվոլիկ, բայց ոչ քաղաքական նշանակությունը։ Պատկերացնո՞ւմ եք՝ սրբազանը մտնում է նախագահական, բոլորն անխտիր ասում են «Հայր մերն» ու անցնում գործի։ Սա էլ հլը ոչինչ։ Մարդը մտել է եկեղեցի, կուսակրոն է դարձել, որ ծառայի Աստծուն, միայն ու միայն Աստծուն, նրան ասում են՝ արի ծառայիր «մամոնային»։ 

Հոգևորականի ինչի՞ն է պետք քաղաքական իշխանությունը, նույնիսկ եթե ոչ մի իշխանություն էլ չկա այդտեղ։ Ո՞նց է պատկերացնում Ռոբերտ Քոչարյանը նրա ծառայությունը։

Գոնե հասկանո՞ւմ է, որ իր առաջարկի առաջին հակառակորդը կաթողիկոսն է լինելու։ Որովհետև ՀՀ սրբազան նախագահը մեխանիկորեն դառնում է Մայր Աթոռի հակաթոռ։

Կաթողիկոսը նրան կարո՞ղ է բան ասել։ Մեր հարկատուն մինչև հիմա սրբազանին կերակրում էր ողորմածությամբ (մոմի փող, հուղարկավորություն, տասանորդ, բարեգործության այլ տարբերակներ), հիմա պիտի կերակրի օրենքո՞վ։ Եկեղեցին օրենքով անջատված է պետությունից։ Ո՞րը պետք է լինի հոգևորականի առաքելությունը քաղաքական պաշտոնում։ 

Ենթադրենք՝ քաղաքական իշխանությունը որոշում է եկեղեցուն ավելի հեռացնել քաղաքականությունից, ԱԺ-ն համապատասխան օրենք է ընդունում, որը պետք է ստորագրի նախագահը։

Սրբազանն ի՞նչ պիտի անի։ Պիտի ստորագրի՞։ Պիտի չստորագրի՞։ Ամենասկզբից սրբազանը պիտի կողմնորոշվի, թե ում կողմից է՝ եկեղեցո՞ւ, թե՝ Հայաստանի Հանրապետության։ Աշխարհիկների մեջ հարգանք վայելող որևէ մեկը չկա, նրան պիտի եկեղեցո՞ւց բերեն։

Ինչո՞ւ։

Որովհետև ընդդիմությանը Վահագն Խաչատրյանը հաճելի չէ։ Փաստն այն է, որ ընդդիմության դեմ լինելը Փաշինյանին չի խանգարի անցկացնել Վահագն Խաչատրյանին։ 

Պատկերացնո՞ւմ եք՝ մի չորս տարի հետո սրբազան նախագահը հայտարարում է, թե հրաժարական է ներկայացնում, որովհետև բավարար լիազորություններ չուներ քաղաքական որոշումներ կայացնելու։ Ձախողելու դեպքում ինչի՞ց պիտի վախենա հոգևորականը՝ ժողովրդի՞, թե Աստծո դատաստանից։ 

Ռոբերտ Քոչարյանը 10 տարի եղել է ՀՀ նախագահ։ Գոնե մեկ օր աշխատե՞լ է այն սկզբունքներով, որոնցով պատկերացնում է հոգևոր նախագահի աշխատանքը։ Ասում է, թե մեզ պետք է «անաչառ և ազգային շահերով առաջնորդվող նախագահ»։ Մարդն էդքան լիազորություն է ունեցել, ինչո՞վ մնաց պատմության մեջ՝ Պողոս Պողոսյանի սպանություն, «Ա1+»-ի եթերազրկում, նախագահի և ԱԺ երկուական կեղծված ընտրություն, Մարտի 1։

Հերի՞ք է։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am