«Ռեալիստական ոճով եմ պատկերացնում Հիսուսին». քանդակագործը սպասում է Քրիստոսի արձանի կառուցման համար հայտարարված մրցույթի ավարտին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քանդակագործ, Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար հայտարարված մրցույթի մասնակից Արտուշ Պապոյանը

– Պարո՛ն Պապոյան, դուք մասնակցում եք Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման համար հայտարարված մրցույթին և ներկայացրել եք Քրիստոսի արձանի էսքիզներ: Ի՞նչ եք ներկայացրել, պահպանվե՞լ են պահանջները:

– Բնականաբար, երբ մրցույթ է հայտարարվում, որոշակի պահանջներ են առաջ քաշվում: Այդ պահանջներից մեկն էլ այն է, որ Հիսուս Քրիստոսի արձանի բարձրությունը պետք է լինի 33 մետր:

Դա մոնումենտալ գործ է լինելու, և քանդակագործն արդեն իր պատկերացմամբ պետք է կարողանա անել այնպիսի էսքիզ, որի հիման վրա էլ կկառուցվի այդ հուշարձանը:

Ես և իմ տղաները երկու էսքիզ ենք ներկայացրել մեգանախագծին: Մնացածը ժամանակի ընթացքում կերևա:

– Ունե՞ք տեղեկություն՝ ի՞նչ արձագանքներ կան, կա՞ հնարավորություն, որ ձեր ներկայացրած էսքիզն ընտրվի:

– Կա ժյուրի, ներկայացվել են մեծ թվով աշխատանքներ, և այդ ժյուրին կանի իր ընտրությունը: Երկու շաբաթից հավանաբար պարզ կլինեն այդ մրցույթի արդյունքները: Փուլային տարբերակով են ընտրելու աշխատանքները, իսկ թե վերջնարդյունքում ով կլինի հաղթող՝ ժամանակը ցույց կտա: Այս պահին գուշակություն չեմ կարող անել:

Կարող եմ ասել, որ ամեն քանդակագործ հավատք ունի, որ իր նախագիծը լավագույնն է, պետք է հաղթի: Տեսնենք՝ ինչ արդյունք կունենա:

– Պարո՛ն Պապոյան, դուք այն թեկնածուներից եք, որը նման աշխատանք արդեն ունեցել է, որն այժմ կանգնեցված է Սիրիայում: Գուցե այդ առումով ավելի արժանավո՞ր եք համարում ձեզ մրցույթում հաղթելու համար:

– Այո՛, նման գործ ունեցել եմ: Ընդհանրապես, ամեն մարդ իրեն արժանավոր է համարում՝ համեստությունս մի կողմ դրած: Ամեն ինչ կախված է դիմացինի ընկալումներից, թե ինչպես կընկալեն կատարածդ աշխատանքը: Այն, որ Քրիստոսը ինձ համար, ժողովրդական բառերով ասած՝ «եփված կերպար» է, հաստատ է, որովհետև ես այդ կերպարը իմ միջով տարել եմ և մեծ փորձ ունեմ հատկապես մոնումենտալ ստեղծագործության առումով:

Իմ Քրիստոսը հիմա կանգնեցված է Սիրիայում, բրոնզաձույլ հուշարձանի բարձրությունը պատվանդանի հետ միասին 39 մետր է: Բնական է, դա ինձ կարող է իրավունք վերապահել ասել, որ շատ քանդակագործների համեմատ առավելություն ունեմ, բայց արդյոք դա բավարա՞ր է ընտրություն կատարելու համար: Ես իմ տղաների հետ միասին վստահ եմ, որ կարող ենք այդ հուշարձանը կառուցել, մենք ունենք դրա բազան:

Շուրջ 200 հայտ է ներկայացվել, և բնական է, օլիմպիական կարգով պետք է ընտրություն կատարեն, և թե ինչպիսի ընթացակարգեր կլինեն, որոշ ժամանակ անց պարզ կլինի:

Քանդակագործությունը ծավալային արվեստ է, զգացողական արվեստ է, գրականություն չէ, որ պատմես: Քանդակագործը, եթե ցանկացած կերպար կերտում է, պետք է կարողանա դրա մեջ մտնել, կերպարն իրենով անել ու միջից այդ կերպարը հանել: Դա էլ կախված է նրանից, թե ով ինչքան շնորհք ունի:

– Ինչո՞վ է տարբերվելու ձեր ստեղծած՝ պայմանական «սիրիական Հիսուսը» «հայկական Հիսուսից»:

– Եթե քանդակագործը հայ է, ինչ էլ անի՝ չի տարբերվի: Այնտեղ Հիսուսը հայկական է, ոչ թե սիրիական (ծիծաղում է – հեղ.): Բնական է՝ նույն շարժումով, նույն կոմպոզիցիայով չի ներկայանա: Կարող է որպես քանդակագործ, իմ ձեռագիրը նույնը լինի, նմանեցնեն, որովհետև, ինչպես ասում են՝ «խառակտեռնի հորից խառակտեռնի տղաներ կծնվին»:

Ասեմ՝ ստեղծագործության առումով դա չի առանձնանա, շատ չեմ փոխի, շատ մեծ կտորների, հարթությունների չեմ վերածել: Ռեալիստական ոճով եմ պատկերացնում Հիսուսին, որովհետև ինձ համար «գարդերոբ» չի, էլի, որ մեծ դաջվածքներով բաժանեմ: Հիսուսը Աստված է, մեր մեջ նստած է, նա դիմում է ժողովրդին, ասում է՝ իմ միջոցով դուք տեսնում եք Հայր Աստծուն, երբ հավատում եք ինձ, իմ միջոցով հավատում եք Հայր Աստծուն: Այսինքն՝ պետք է այնպես լինի, որ իր նմանությամբ մարդը տեսնի Աստծուն, չպետք է շատ աղավաղենք:

– Դուք Գագիկ Ծառուկյանի հետ խոսե՞լ եք, ինչպե՞ս է նա պատկերացնում Հիսուսին: Ձեր պատկերացումները համընկնո՞ւմ են:

– Ես զրուցել եմ, նա ոչ թե ասում է՝ ինչպես է պատկերացնում, այլ ասում է, որ դա պետք է լինի ամենալավը, ամենաբարձրը, այնպիսի արժեքավոր, որ աշխարհը դրա համար գա Հայաստան: Գագիկ Ծառուկյանի նպատակը դա է:

Բնական է՝ ուրիշ խոսակցություն մեր միջև չի գնացել: Նա շատ լավ գիտի, որ ես այդ փորձն ունեմ, տեղյակ է իմ ստեղծագործություններին, այդ թվում՝ Սիրիայում կանգնեցված արձանին:

– Եկեղեցին նաև սկզբնական շրջանում ոչ միանշանակ արտահայտվեց այդ նախաձեռնության վերաբերյալ: Հաշվի առնելով այն, որ դուք Հայ Առաքելական Եկեղեցու հետ նախկինում որոշ տարաձայնություններ եք ունեցել, ինչի արդյունքում ձեր Տիրամոր արձանը վերածվեց «Հայուհու», ի՞նչ կասեք եկեղեցականների այդ արձագանքների մասին:

 – Ես մեղավոր չեմ և ասեմ, որ ես տարաձայնություն չունեմ, այդ իրենք տարաձայնություն ունեն, որովհետև չի կարելի 1700 տարուց ավելի անընդհատ կրկնել «ավանդույթ» բառը: Գիտեք՝ ավանդույթներ կան, որ պետք է ժամանակի ընթացքում գիտության հետ միասին զարգանան, մեղմվեն: Նախկինում մեքենա չկար, նրանք չէին ընդունում դա, հիմա «Բենթլի»-ներով են տեղափոխվում, թող ներեն ինձ եկեղեցականները, բայց այդպես չէ, էլի:

Սոցիալիստական հեղափոխությունից հետո քանդակագործությունը զարգացավ, և մեր երկրում այս ոլորտը կայացավ՝ ազատվելով կապանքներից: Եկեղեցին ասում է՝ մենք արձանների տեսքով կուռքեր չենք երկրպագում, բայց, ներեցեք՝ կուռք կարող է դառնալ հոգևորականը, որի աջը, փեշերը համբուրում են հավատացյալները, կուռք կարող է դառնալ եկեղեցու սովորական քարը, կուռք կարող է դառնալ խաչը, որը համբուրում են:

Այո՛, իմ Աստվածամոր քանդակի լուսեպսակը եկեղեցին հանեց, և ես ստիպված այդ քանդակի անունը փոխեցի, դրեցի «Հայուհի»:

– Այս դեպքում կաշկանդող ոչինչ չի՞ կարող լինել:

– Այո՛, այո՛, բայց մյուս կողմից չեմ էլ մտածում, թե եկեղեցին դեմ կլինի: Իրենք ասում են՝ մենք հարթաքանդակն ենք ընդունում: Թող ինձ ներեն, բայց միայն արվեստից հեռու մարդը կարող է այդպես ասել, որովհետև հարթաքանդակը քանդակագործության տեսակ է: Քանդակը քանդակ է: Նրանք արդեն պետք է հասկանան, որ ժամանակները փոխվել են, և նման գաղափարները անցյալում պետք է մնան: Եթե վախենում են, որ մարդիկ եկեղեցի չեն գնա, այլ կգնան Քրիստոսի արձանի մոտ, է, թող գնան, ի՞նչ կա որ: Վաճառքի մո՞մը կպակասի: Ինչո՞ւ պետք է միայն եկեղեցի գնանք ու ձեռքներս վեր պարզենք, աղոթք անենք: Ամեն մարդու աղոթարանն իր հոգու մեջ է:

– Իսկ որտե՞ղ եք պատկերացնում այդ արձանը կանգնեցվի:

– Ես դեռևս տեղը չգիտեմ, որովհետև պարզ չէ: Դա խոշոր շինարարություն է ենթադրում, հատկապես որ Գագիկ Ծառուկյանն ուզում է, որ ոչ միայն արձանի բարձրությունը լինի 33 մետր, այլև պատվանդանինը լինի 44 մետր, երկուսը միասին՝ 77 մետր: Դա ինչ-որ եկեղեցական թիվ է: Դե, պատկերացրեք՝ հսկայական կառույց է լինելու, որը կառուցելու համար պետք է հաշվի առնել նաև սեյսմակայունությունը: Այդ կառույցը կարող է բարձունքի վրա լինել, կարող է հարթավայրում լինել: Ոչ ոք այս պահին ճարտարապետության մասին չի կարող խոսել:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am