«Անգամ տղեն, որին 7 տարի սպասում էր, իրեն հետ չպահեց»․ կինն ասում է՝ ամուսինը վստահ գնաց պատերազմ, որ հաղթանակով վերադառնալու է

«Սկզբում ասեցին՝ կոմայի մեջ ա, հետո՝ զոհվել ա։ Էդ լսելուց հետո էդ օրվանից բան չեմ հիշում, էդ պահին ոնց որ կյանքս կանգ առներ»,- հուզվում է ամուսնուն՝ Ալեքսանդրին պատերազմում կորցրած 32-ամյա Լիլիթ Սարգսյանը:

32-ամյա Ալեքսանդր Սարգսյանը կամավոր է մեկնել առաջնագիծ հայրենիքը պաշտպանելու։ Կինն ասում է՝ փորձել է հետ պահել, խնդրել, որ չշտապի, սակայն ամուսինն անդրդվելի էր։

«Արթնացավ, լսեց՝ պատերազմ ա, խառնված զանգում էր էստեղ-էնտեղ, առանց մի վայրկյան մտածելու հագնվեց, գնաց վայենկոմատ։

Ասեցի՝ համբերի, մի քիչ անցնի, տեսնենք՝ կարիքը լինի, բոլորը կգնան: Ասեց՝ եթե բոլորը տենց մտածեն, թուրքն արդեն կմտնի Երևան։ Անգամ տղեն հետ չպահեց, իր էդքան սպասված տղեն, 7 տարի սպասում էր, մեր համար երազանք էր»,- հուզմունքով պատմում է 32-ամյա կինը։

Լիլիթն ասում է՝ ամուսինը շատ հայրենասեր էր, ամուսնու հայրը ևս զոհվել է Արցախյան առաջին պատերազմում՝ 1994-ին․ «Ինքը միշտ նույն արտահայտությունն ա արել՝ երբ էլ լինի, ես գնալու եմ։ Շատ վստահ գնաց պատերազմ, որ հաղթանակով հետ են գալու, ամեն ինչ լավ է լինելու»,- հիշում է ու հուզվում կինը։

Ալեքսանդր Սարգսյանը սկզբում Շուշիում, այնուհետև՝ Մարտակերտում է պայքարել հակառակորդի դեմ, որից հետո տեղափոխվել է Մատաղիս։

«Տեղափոխել էին Մատաղիսի դիրքեր, պետք է բլուր բարձրանային, բայց չեն հասցրել բարձրանալ, ամսի 1-ին բլուրի տակը զոհվել են ԱԹՍ-ից»,- ասում է կինը։

Դեպքի օրն առավոտյան Լիլիթը խոսել է ամուսնու հետ, սակայն ամուսինը ոչինչ չի ասել տեղափոխվելու մասին, միայն նշել է, որ գուցե երկու օր անհասանելի կլինի. «Ասեց՝ ամեն ինչ լավ ա, ամեն ինչ նորմալ ա, չնայած շատ տխուր էր խոսում»։

Ամուսնու զոհվելու մասին Լիլիթն իմացել է 6 օր անց՝ հոկտեմբերի 7-ին։ Ասում է՝ ամուսնու մարմինը չի տեսել, ու մինչ օրս էլ հույս ունի, որ սխալմունք եղած կլինի, ու մի օր ամուսինը տուն կմտնի։

«Անգիտակից ապրում ենք, մինչև հիմա էլ չեմ հավատում, սպասում եմ, որ ինքը կգա»,- արցունքների միջից ասում է կինը։

Ալեքսանդրն ու Լիլիթը 10 տարի է՝ ամուսնացած էին, երեք երեխա ունեն՝ երկու աղջիկ և մի տղա։

Կինն ասում է՝ ամուսինը շատ հոգատար ու անչափ բարի էր․ «Ինքը յուրօրինակ էր՝ հանգիստ, ուշադիր, մտածում եմ՝ եթե մի փոքր վատը լիներ, վատը հիշեի, գուցե ավելի թեթև տանեի։

Երեխաներն էլ շատ կապված էին հոր հետ, երեխաների համար հայրն ուրիշ աշխարհ էր, նույնն էլ երեխաները՝ իր համար։ Ինքը միշտ ուշադրություն էր դարձնում գիտելիքին, կարող էր երկար նստել, բացատրել, ամեն ինչից գլուխ էր հանում, ուրիշ թև ու թիկունք էր երեխեքին։ Երեխեքին մատով կպած չկար, ձայնը չի բարձրացել, չի գոռացել, միայն հայացքով կարող էր սաստել, եթե մի քիչ երկար նայեր, աղջիկները կարմրում, գլուխները կախում էին»։

Ալեքսանդր Սարգսյանը երկար տարիներ ծառայել է խաղաղապահ զորքերում, մի քանի անգամ մեկնել է Աֆղանստան խաղաղապահ առաքելության, վերապատրաստումներ անցել Գերմանիայում։ Վերջին տարիներին սակայն պայմանագիրը չի երկարացրել և այլ աշխատանքով է զբաղվել։ Կինն ասում է՝ ամուսինը տարբեր նախասիրություններ և հետաքրքրություններ ուներ։

«Ակտիվ էր, չգիտեր՝ նստել ինչն է, ամեն ինչից գլուխ էր հանում, հասկանում էր, ատամնաբուժություն էր սովորել, հետո պոլիտեխնիկում էր սովորել, մինչև պատերազմն էլ հեռակա սովորում էր Երևանի պետական համալսարանում՝ բանասիրության ֆակուլտետում, բայց կիսատ մնաց, չհասցրեց ավարտել»։

Լիլիթն ասում է՝ այժմ անբացատրելի ապրումներ ունի, ցավը խորն է, կարոտը՝ մեծ։ Փորձում է ապրել՝ հանուն ամուսնու չապրած տարիների, հանուն երեխաների։

«Իրանից մնացել են մեր երեխաները, հուշերը: Ինքն ա երևի ինձ վերևից ուժ տալիս, ես իրանից շատ անգամներ եմ ուժ խնդրել, որ օգնի, որ կարողանամ հաղթահարել»,- հուզմունքով ասում է Լիլիթը։ 

Ալեքսանդր Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Արփինե Արզումանյան

MediaLab.am