«Պատասխանատու, նորմալ ընդդիմությունը պետք է հանդիպում պահանջեր ԱԳՆ-ից, բայց իրենք որոշեցին ամեն ինչ վերածել կլոունադայի». Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

Պարո՛ն Սուրենյանց, տևական ժամանակ է արդեն, ինչ խորհրդարանական ընդդիմությունը փողոցում պայքար է ծավալել գործող իշխանության դեմ: Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության գործողություններն ընդհանրապես ու նաև այսօրվա ակցիան, երբ շրջափակել էին ԱԳՆ շենքը:

– Ընդդիմությունն առնվազն մայիսի 4-ից հետո, իմ գնահատմամբ՝ ճգնաժամի մեջ է, որովհետև, եթե հիշում եք, խորհրդարան մեծ երթով գնացին, ինչն ինձ համար սահմանագծման օր էր, այսինքն՝ այդ իրադարձությունից հետո նրանք պետք է գործունեության այլ ձև ընտրեին, հակառակ պարագայում պարզ էր, որ շարժումը գնալու էր մարման: Ինչպես կանխատեսելի էր, այս որակի ընդդիմության պարագայում՝ շարժումն ավելի շուտ մարման գնաց:

Շառլ Միշելի հայտարարությունը, որտեղ շատ անհաջող ձևակերպում կար Լեռնային Ղարաբաղի մասով, բնականաբար, նոր ազդակ դարձավ ընդդիմադիր գործունեության, բայց քանի որ մեր ընդդիմադիր գործող հարթակը ռացիոնալ հակադարձումներ չի գտնում, էլի իր ոճի մեջ՝ հակաթրքականության պրիմիտիվ բանաձևերով այսօր արեց նույնը, ինչ տեսել ենք նախորդ օրերին: ԱԳՆ շենքի շուրջ ու ներսում տեղի ունեցածը շատ նման էր կլոունադայի, որովհետև հասկանալի չէր, թե ընդդիմադիր պատգամավորներն ինչո՞ւ ցանկացան մտնել ԱԳՆ շենք ու ի՞նչ էին ուզում այնտեղ անել:

Ընդդիմադիր պատգամավորները ԱԳՆ-ի շենքում շատ լուրջ ասելիք ու անելիք ունեին, նրանք պետք է իշխանությունից երկխոսություն պահանջեին, հանդիպում, որպեսզի ակադեմիական, քաղաքական միջավայրում փորձեին պարզել, թե ինչ է տեղի ունեցել Բրյուսելում: Պատասխանատու, նորմալ ընդդիմությունը պետք է այդպես վարվեր, բայց իրենք որոշեցին ամեն ինչ վերածել կլոունադայի:

Չհասկացա, թե ինչ խնդիր լուծեցին ԱԳՆ շենքի ներսում, հետո համարեցին, որ իրենց առաքելությունն ավարտված է, ինձ համար՝ անհասկանալի առաքելությունը, ու վերադարձան Ֆրանսիայի հրապարակ:

Ձեզ համար հասկանալի՞ է, թե, ի վերջո, ի՞նչ է ուզում խորհրդարանական ընդդիմությունը:

– Այդ հարթակի գործիչները նույնիսկ չեն կարող ձևակերպել, թե իրենք ինչ են ուզում: Մի կողմից ասում են՝ ո՛չ թրքացմանը, ենթադրում եմ, որ ուզում են թուրքերին ինչ-որ տեղից քշել, բայց որտեղից՝ հասկանալի չէ, մյուս կողմից՝ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Փաշինյանի հրաժարականին կարող են հասնել երկու ճանապարհով՝ մեկը հեղափոխությունն է, որն արդեն ձախողել են, այսինքն՝ տեսնում ենք, որ հասարակական լայն կոնսոլիդացիա չկա, մյուսը՝ ընտրությունների ճանապարհն է, բայց արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ ընդամենը ութ ամիս առաջ են տեղի ունեցել, ու ես չեմ կարծում, թե իրավիճակն այնպես է փոխվել, որ նոր ընտրություն անցկացվելու դեպքում արմատապես այլ արդյունքներ են արձանագրվելու:

Խելամիտ կլինի գնան ու պատրաստվեն գալիք ընտրություններին՝ անկախ նրանից՝ դրանք հերթական կլինեն, թե արտահերթ: Տեսեք, մի կողմից ձախողել են հեղափոխությունը, մյուս կողմից՝ ասում են՝ չենք մասնակցելու արտահերթ ընտրություններին, դրա համար եմ ասում, որ ոչ մի քաղաքագետ կամ բանական մարդ չի կարող իսկապես կանխատեսել՝ ինչ է ուզում ընդդիմությունը:

Պարո՛ն Սուրենյանց, ձախողեցին, որովհետև բավարար ռեսուրսնե՞ր չկային, թե՞ , ինչպես որոշ շրջանակներ նշում են, սա պայմանավորվածություն է գործող իշխանության հետ:

– Դավադրությունների տեսության մեջ չեմ մտնի, ես պայմանավորվածություն չեմ տեսնում: Նման պայմանավորվածության պատրանք կարող է ստեղծվել այն պատճառով, որ երկու կողմն էլ, ըստ էության, մեծապես կախված են Մոսկվայից՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, հետևաբար նրանց մոդերատորը կարող է վերահսկելի դարձնել նրանց վարքագիծը, բայց սա ձախողման հիմնական պատճառ չեմ համարում:

Ձախողման հիմնական պատճառը քաղաքական օրակարգի բացակայությունն է ու այն, որ ժողովուրդն այդ հարթակի հետևում տեսնում է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ականջները, իսկ երկրորդ ու երրորդ նախագահների հակավարկանիշը չափազանց բարձր է, այնքան, որ թույլ չի տալիս նույնիսկ ձախողված իշխանության դեմ կոնսոլիդացնել հասարակությանը:

Իսկ ի՞նչ եք կարծում, որքա՞ն ժամանակ ընդդիմությունը փողոցում կմնա:

 – Կարծում եմ՝ ընդդիմությունը ձև է փնտրում, որպեսզի դեմքը փրկելով՝ այս իրավիճակից դուրս գա, չնայած շատ դժվար եմ պատկերացնում մի իրավիճակ, որ այդ խմբակցությունների գործող պատգամավորները կարող են վերադառնալ խորհրդարան, որովհետև իրենք այնպիսի նշաձող սահմանեցին, որ դրանից հետո խորհրդարան վերադառնալը, եթե նույնիսկ ընկալելի լինի քաղաքական տեսանկյունից, հաստատ կողմնակիցներն իրենց չեն հասկանա: Հետևաբար, ընդդիմադիր այդ սեգմենտում ավելի շուտ քաղաքական սահմանափակ ռեսուրսների փոշիացում ենք տեսնելու:

Այսինքն՝ հիմա խորհրդարանական ընդդիմությունը շարունակելու է մնալ փողոցո՞ւմ:

 – Չէ՛, փողոցում էլ տևական չի մնալու, բայց իրենք զրկվելով փողոցից՝ այրել են խորհրդարան վերադառնալու կամուրջները:

Արձանագրո՞ւմ եք, որ այս ընդդիմադիրները փողոցում արդեն սպառել են իրենց, պարո՛ն Սուրենյանց:

– Իհարկե սպառել են, օրինակ՝ այսօրվա ակցիային, ըստ տարբեր գնահատականների, մասնակցել է մոտ 1000-1500 մարդ, իսկ այս պարագայում հասարակական կոնսոլիդացիայի մասին խոսելն առնվազն ծիծաղելի է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am