Երևանյան բանկերում այսօր մինչև ժամը 16:30-ի դրությամբ մեկ դոլարի առքի՝ վերջին ժամանակահատվածի ամենացածր գինն է գրանցվել՝ 423-427 դրամ, իսկ վաճառքը՝ 433-436 դրամ (աղբյուրը՝ rate.am): Քաղաքացիները սոցցանցերում նույնիսկ կատակում են՝ «հայկական կարտոֆիլն ավելի թանկ է, քան ամերիկյան դոլարը»: Դրամի արժևորման նման միտումը այնպիսի կայուն արժույթների նկատմամբ, ինչպիսին դոլարը և եվրոն են, հատկապես նկատելի է վերջին մեկ ամսվա ընթացքում:
Տնտեսագետ Արմեն Քթոյանն ասում է՝ դոլար-դրամ փոխարժեքը դոլարի գինն է հայկական շուկայում, հետևաբար, ինչպես յուրաքանչյուր ապրանքի գին, դա էլ կախված է շուկայում առաջարկից ու պահանջարկից:
«Մենք ապրում ենք այնպիսի մի ժամանակահատվածում, երբ կտրուկ տատանումներ շատ են կատարվում, և դրա արդյունքում շուկաներում առաջարկ-պահանջարկի կտրուկ փոփոխությունները հանգեցնում են փոխարժեքի տատանումների»,- «Մեդիալաբի» հետ զրույցում բացատրում է տնտեսագետը:
Այս օրերին Հայաստանի արտարժույթի շուկայում, Քթոյանի խոսքով, խթանիչ գործոն է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան կատարած մեծաթիվ այցելությունները: «Այդ մարդիկ, Հայաստան գալով, իրենց հետ, բնականաբար, արտարժույթ են բերում և իրենց ընթացիկ ծախսերը հոգալու համար արտարժույթը փոխարկում են դրամի: Դրանով շուկայում մեծանում է դրամի առաջարկը, և արդյունքում դրամը թանկանում է»,- ասում է նա:
Տնտեսագետի ներկայացրած տվյալներով՝ այս տարվա փետրվար-մարտ ամիսներին Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 200 մլն դոլարի տրանսֆերտ, ինչը 40 տոկոսով ավելի է 2021-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
«Այս գործոնները, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից վարվող գնաճի զսպման քաղաքականությունը նպաստում են դրամի թանկացմանը: Սա է պատճառը, որ այսօր մենք փոխանակման կետերում նման իրավիճակ ենք տեսնում»,- նշում է նա:
Դիտարկմանը, թե ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի սկզբնական օրերին, երբ առավել ակտիվ էր հոսքը դեպի Հայաստան, դրամի արժևորման նման ցուցանիշ չի գրանցվել, Արմեն Քթոյանն արձագանքում է.
«Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբնական շրջանում ավելի գերիշխող էին խուճապային տրամադրությունները: Տրամաբանական է՝ եթե ամբողջ աշխարհը սկսում է պատժամիջոցներ կիրառել, մարդիկ համապատասխան վարքագիծ են դրսևորում, և այդ խուճապային տրամադրություններն էլ իրենց հետ սկզբնական շրջանում որոշակի արժեզրկման բերեցին:
Ռուսաստանի կենտրոնական բանկը մի քանի միջոցառումներ իրականացրեց՝ շրջանառության մեջ դոլարի քանակը սահմանափակվեց, վերաֆինանսավորման տոկոսադրույքը աննախադեպ բարձրացվեց՝ մինչև 20 տոկոս, և մի քանի գործողությունների հետևանքով ռուբլին կայունացավ, նույնիսկ արժևորվեց եվրոյի, դոլարի նկատմամբ: Իսկ մենք գիտենք, որ այնտեղի ֆինանսական շուկան իր արտացոլանքն է գտնում նաև հայկական շուկայում, ու աստիճանաբար պրոցեսը տեղափոխվեց մեզ մոտ: Այսինքն՝ կապ չունի՝ երբ է սկսվել պատերազմը, և մի պրոցեսը պետք է տեղի ունենա մշտապես: Երևույթը բազմագործոն է, և շատ բան կախված է նրանից, թե շուկայի մասնակիցներն ինչ սպասումներ ունեն ու ինչ վարքագիծ կդրսևորեն»:
Հնարավո՞ր է նման տատանման հետևանքով գնանկում տեղի ունենա հարցին ի պատասխան Արմեն Քթոյանն ասում է, որ նման բան չի լինի, քանի որ համաշխարհային շուկայում հատկապես պարենամթերքի գնաճի տեմպերը շատ բարձր են:
«Դրսից եկող գնաճը շատ խիստ է, բարձր մակարդակ ունի, և ինչքան էլ մեզ մոտ խիստ դրամավարկային քաղաքականություն իրականացվի, և ինչքան էլ դրամը արժևորվի, դա չի կարող գնաճի էֆեկտը չեզոքացնել, որոշակիորեն՝ 1-2 տոկոսով, այո՛, կմեղմի, բայց դա այդքան նշանակալի չի լինի: Բացի այդ, պետք է հասկանանք՝ եթե մենք մյուս կողմից հակագնաճային քաղաքականություն ենք իրականացնում, ապա դրա մյուս կողմը տնտեսական աճի զսպումն է: Արդյոք արժի՞ էապես զսպել գնաճը, գնաճի դեմ կիրառել շատ ավելի կոշտ մեթոդներ և արդյունքում ունենալ տնտեսական ակտիվության շատ ավելի ցածր մակարդակ»,- ընդգծում է Արմեն Քթոյանը:
Հասմիկ Համբարձումյան
MediaLab.am