«Բելառուսում զարգացումների վրա ազդեցություն է ունեցել Հայաստանի թավշյա հեղափոխությունը, սա դասական հեղափոխություն է». Ստեփան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը

– Պարո՛ն Գրիգորյան, Բելառուսում տեղի ունեցող զարգացումներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ մեր տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի վրա։

– Բելառուսում տեղի է ունենում հեղափոխություն, սա քննարկման ենթակա չէ։ Սա դասական հեղափոխություն է, և ակնհայտ է, որ այդ հեղափոխության վրա Հայաստանի հեղափոխությունն ունեցավ իր ազդեցությունը։ Ե՛վ պայքարի մեթոդները, և՛ միջոցառումների հերթականությունը, և՛ կարգախոսները, և՛ այն, թե ով է գլխավորը, համընկնում են։

Հայաստանում էլ ոչ թե քաղաքական ընդդիմությունն էր միայնակ պայքարողը, այլ նաև հասարակական կազմակերպությունները, փորձագետները, հասարակությունը լայն իմաստով։

Նույնը Բելառուսում է տեղի ունենում։ Ինչ-որ փուլից, երբ ուժ կիրառվեց Հայաստանում ու Բելառուսում, ոտքի կանգնեցին կոլեկտիվներ, սկսեցին գործադուլներ անել։

Այդ գործադուլները Հայաստանում կոտրեցին նախկին իշխանության դիմադրությունը։ Բելառուսում էլ մարդիկ սկսեցին փողոցներ ու խաչմերուկներ փակել, ինչպես Հայաստանում էր։

Այսինքն՝ մեթոդը նույնն է, նրանք տեսան, որ այս մեթոդը բերեց թավշյա հեղափոխության, և դա է պատճառը, որ իրենք նաև այդ մեթոդներն օգտագործեցին։ Հայաստանի փորձն ավտոմատ տարածվեց նաև այնտեղ։

Նույնը Խաբարովսկում է հիմա, շատերը մտածում են՝ այնտեղ ընդդիմությունն է պայքարում, բայց անգամ մեկ ընդդիմադիր չկա, հասարակությունն է պայքարում։

– Երկա՞ր են դիմադրելու այդ ռեժիմները։

– Նայած ինչ ռեժիմ։ Հայաստանի դեպքում մինչև հեղափոխությունն էլ է եղել պայքար, որին իշխանությունը նախ պատասխանեց մարտի 1-ով։

Հետագայում նաև 2013 թվականի նախագահի ընտրություններում է պայքար եղել, հետո այլ պայքարներ են եղել, այդ թվում՝ «Էլեկտրիկ Երևանը», «Սասնա ծռերի», հասարակության պայքարը։

Այդ ամենը գումարվեց, և հոգնած իշխանությունը վերջին փուլում այլևս չդիմացավ ու գնաց։ Այստեղ Նիկոլ Փաշինյանը կարողացավ այդ բոլոր պայքարները ամփոփել։

Բելառուսի դեպքում մի քիչ ավելի դժվար կլինի, Լուկաշենկոն դիմադրում է, քանի որ նախքան այս հուժկու ու մեծ շարժումը Բելառուսում փոքր պայքարներ են եղել։ Իրար հետևից լուրջ պայքարներ չկային, ինչպես Հայաստանում էր, Բելառուսում լավագույն հանրահավաքը համարվում է 3-5 հազարանոց հանրահավաքը։

Դա է նաև պատճառը, որ Լուկաշենկոն դեռ դիմադրում է։ Բայց քանի որ արդեն մարդիկ կոլեկտիվներով ոտքի ելան, դա իրավիճակը բարդացնում է։ Այո՛, Լուկաշենկոն ինչ-որ ժամանակ դա կհետաձգի, հնարավոր է՝ մեկ շաբաթով կամ մեկ ամսով, բայց Բելառուսում հեղափոխությունն անխուսափելի է։

– Ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստանն այս հարցում։ Կան տեսակետներ, որ Ռուսաստանի իշխանությունները վախեր ունեն, թե հեղափոխական տրամադրությունները կարող են նաև Ռուսաստան տեղափոխվել։

– Ռուսաստանը հասկանում է, որ Խաբարովսկը կա։ Շատերը չգիտեն, բայց Թաթարստանում լուրջ էկոլոգիական շարժում է հիմա։

Այսինքն՝ Ռուսաստանում էլ շարժ կա։ Եթե հիմա Պուտինն ակտիվ աջակցի Բելառուսին, կկորցնի բելառուս ժողովրդին։ Բելառուսում իրավիճակն Ուկրաինայից էականորեն տարբերվում է. Ուկրաինայում գունավոր հեղափոխություն էր, մարդիկ ասում էին՝ այո՛, մենք ուզում ենք գնալ Եվրամիություն, ՆԱՏՕ։

Բելառուսում այդ կարգախոսները չկան, մարդիկ այնտեղ ասում են՝ մենք ժողովրդավարություն ենք ուզում, որ բռնապետություն չլինի, Լուկաշեկոն գնա։ Այդ իմաստով, կարծեք թե, Ռուսաստանի համար վտանգ չկա։

Բայց Ռուսաստանի համար վտանգ է հեղափոխությունը։ Հիմա, եթե Ռուսաստանը գնա ժողովրդի դեմ, Լուկաշենկոյին աջակցի, կկորցնի բելառուս ժողովրդին, Բելառուսում կոշտ հակառուսական կարգախոսներ կհնչեն։

Ես կարծում եմ՝ Ռուսաստանն այս անգամ սխալ չի անի։ Բայց դա նշանակություն չունի՝ սխալ կանի, թե ոչ, հեղափոխությունը կամաց-կամաց տեղափոխվում է Ռուսաստան։ Եվ այստեղ արհեստական բան չկա, մարդիկ հոգնել են՝ 20-25 տարի նույնն է, մարդիկ այլևս չեն ուզում տեսնել այդ առաջնորդներին, ժողովուրդները մեղք են։

Դա շատ բնական է, որ մարդն ուզում է փոփոխություն, դա մարդու էությունն է։Բելառուսի դեպքերն անսպասելի էին և՛

Եվրամիության, և՛ ԱՄՆ-ի համար, այն աստիճան անսպասելի, որ հիմա Եվրամիությունը մտածում է, թե ինչ կարգի պատժամիջոցներ կիրառի։ Նրանց համար անսպասելի էր, որ ամբողջ ժողովուրդը ոտքի կկանգնի։

Այսինքն՝ ոչ մի արտաքին հետք ես չեմ տեսնում այս ամենում։ Մենք պայմանագիր ունենք ԵՄ-ի հետ, բայց երբ Հայաստանի քաղաքացիներն են ուզում Եվրամիության երկրներ մեկնելու համար արտոնագիր ստանալ, մոտ 12 տոկոսով մերժում են։

Բելառուսը ոչ մի պայմանագիր չունի, բայց Բելառուսի քաղաքացիները 1 տոկոսից պակաս մերժումներ ունեն։

Այսինքն՝ նրանք գնում են Եվրոպա, գալիս են, նրանք գիտեն, թե ինչ է նորմալ կյանքը, նրանք գնում են Եվրոպա, աշխատում են։ Իրենց վերջին 30 տարվա սերունդը մշտապես շփման մեջ է Եվրոպայի հետ, նրանց ոչինչ պետք չէ ապացուցել, և դա է պատճառը, որ անխուսափելի են այս փոփոխությունները։

Այո՛, Լուկաշենկոն կարող է դիմադրել, վերջում արյուն թափել, բայց հետևանքները նրա համար լուրջ կլինեն։ Եվ հեքիաթներ են այն խոսակցությունները, թե դրսից կամ ներսից միտումնավոր քանդում են, մարդիկ ուղղակի ուզում են նորմալ ապրել, վերընտրել իշխանություններին։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am