«Սա Արթուր Դավթյանի վերջին նվերն է այս իշխանություններին պաշտոնաթողությունից առաջ. սա շատ վտանգավոր է». Սաթիկ Սեյրանյան

Սաթիկ Սեյրանյանը (Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը

– Տիկի՛ն Սեյրանյան, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է Կառավարությանը՝ «առաջարկելով կարծիքն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքի երաշխավորմամբ քննարկել ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը իրավական կարգավորման ենթարկելու, դրա հիման վրա ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու հարցը»: Նա նաև պատրաստակամություն է հայտնել ՀՀ դատախազության կողմից աջակցել այդ գործընթացին։ Ձեր մեկնաբանությունը, խնդրեմ։

– Ձևակերպումներում մոլորեցնող տողեր կան․ առաջին հայացքից թվում է, թե սա բարի նպատակներով է արվում, իրականում տոտալ վերահսկողության տակ են ուզում վերցնել ինտերնետ ալիքները, կայքերը և այլն։ Երբ ասվում է «ահագնացել է ինտերնետային կայքէջերով, սոցիալական ցանցերով ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն, Հայաստանում շրջանառությունն արգելված նյութերի, այդ թվում՝ թմրամիջոցների գովազդ կամ վաճառքի բացահայտ հրավեր պարունակող կամ հանցավոր այլ դրսևորում ունեցող տեղեկատվության տարածումը», ես հիմա հերթով անդրադառնամ։

Ո՞վ է արտադրական կանեփի արտադրությամբ և այդ ոլորտում այլ գործունեություն ծավալում՝ իշխանությունները. լրատվականներից մեկն այսօր ներկայացրել է, թե Տիգրան Ավինյանի շրջապատն ինչպիսի բիզնեսով է այդ ոլորտում զբաղված։ Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ուժային կառույցները, եթե իրենց բուն գործառույթներով զբաղվեն՝ հանցագործությունների բացահայտում, կանխարգելում և այլն, ապա կարող են Արթուր Դավթյանի նշածների դեմն առնել, որովհետև օրենքով իրենք ունեն այդ լծակները: Կարող են հայտնաբերել, թե ովքեր են այդ թմրամիջոցների շրջանառության գովազդով զբաղվող կազմակերպությունները, անհատները, իշխանամերձ շրջանակները, այսինքն՝ իրենք բոլոր լծակներն ունեն դրանց դեմ պայքարելու համար։

Ովքե՞ր են, օրինակ՝ հայաստանցի-ղարաբաղցի սեպը խրում և սոցիալական ցանցերում հայտարարություններով հանդես գալիս՝ իշխանամերձ շրջանակներն ու նրանց հետ փոխկապակցված ֆեյքերը։ Ովքե՞ր են այդ ամեն ինչի գովազդով ու գործունեությամբ զբաղվում իրավապահների աչքի առաջ, ովքեր են ամբողջ քաղաքով մեկ տարածում այդ գովազդները, ովքե՞ր՝ իշխանամերձ շրջանակները, իշխանությունները, ու քանի որ իրավապահ մարմինները զբաղված են իշխանության առանձին մարմինների անվտանգությունն ապահովելով ու քաղաքական այլ հայացքներ ունեցող մարդկանց ակցիաները ճնշելով, իրենց բուն գործը մի կողմ են թողնում։

Օրենքով այդ կարգավորումները տրված են, հիմա սա ո՞ր մարմինը պետք է իրականացնի, ու արդյոք սա չե՞ն տարածելու նորմալ լրատվամիջոցների վրա։ Իրենք են Բաղրամյան 26-երն էլ ստեղծողները տելեգրամյան ալիքներում, իրենք են հայհոյանք գեներացնողը, տարածողը, իրենք են սեռական փոքրամասնությունների խնդիրներ գեներացնողներն էլ, դրանց դեմ պայքարողներն էլ։

Այս ամբողջը տեղի է ունենում, ու թող բոլորը, այդ թվում՝ դատախազությունը, հետևեն հրապարակումներին, հետամուտ լինեն ու բացահայտեն, ինչո՞վ են զբաղված։ Իրենց անգործությունը, որ դարձել են քաղաքական գործիք իշխանության ձեռքին, քողարկելու համար նոր առաջարկով են հանդես գալիս:

Վստահ եմ՝ սա Արթուր Դավթյանի վերջին նվերն է այս իշխանություններին պաշտոնաթողությունից առաջ։ Իզուր թող Գերմանիայի, Ռուսաստանի օրինակները չբերեն, իրենք սա որպես գործիք, մահակ հերթական անգամ օգտագործելու են լրատվամիջոցների դեմ։ Իրենք են օնլայն կազինոների գովազդի թույլտվություն տվողն էլ, տարածողն էլ, այդ գործունեությամբ զբաղվողներին աջակցողներն էլ։ Իրենք իրենց ստեղծածի դեմ պայքարելո՞ւ են, թող պայքարեն առկա օրենքներով։

– Այսինքն՝ նոր օրենքի կարիք չկա՞ այդ ամենը կանխելու համար։

– Իհարկե չկա։ Ո՞ր մարմինը պետք է դա անի, մի հատ էլ նոր մարմի՞ն պիտի ստեղծեն, թե՞ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի վրա են դնելու, որը որպես գործիք հիմա օգտագործում են որոշ հեռուստաընկերությունների դեմ։

Առաջին հայացքից թվում է, թե ազնիվ նպատակներ ունեն, բայց, ո՛չ, սրա տակ քաղաքական ենթատեքստ է թաքնված․ երկիրն անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ՝ իրենք պատրաստվում են քաղաքապետի ընտրությունների, իհարկե այս գործիքն իրենց պետք է տարբեր գործընթացների համար։

Երկրում բոլոր ոլորտներում ճգնաժամ կա, այսինքն՝ հասկանում են, որ խնդիրներ են առաջանալու, ու փորձում են պատրաստվել դրանց։ Սա շուտով նախագիծ կդառնա՝ վստահ եմ։ Սա ուզում է անել մի իշխանություն, որի կարկառուն ներկայացուցիչները հրաժարվում են կատարել դատարանի որոշումները: Հիշո՞ւմ եք Արսեն Թորոսյանի դեպքը, երբ պետք է Արա Մինասյանից ներողություն խնդրեր դատարանի որոշման համաձայն, իսկ ի՛նչ ասաց Արսեն Թորոսյանը, որ չի կատարելու դատարանի որոշումը, ավելին՝ դատարանին մեղադրեց անարդար լինելու համար։

Փաշինյանի մակարդակով ատելություն են գեներացնում, ֆեյքային հարձակումներ իրականացնում առանձին գործիչների վրա, լրատվամիջոցների ուղղությամբ են քար նետում, զրպարտում, պախարակում, այդ ամենի դեմ չեն պայքարում, որոշել են նման բաների դեմ պայքարել, ընդ որում, կրկնում եմ՝ գործող օրենքներով էլ շատ հանգիստ կարող են պայքարել այդ ամենի դեմ։ Թող կատարեն իրենց լիազորությունները, ու այս խնդիրները չեն լինի․ իրենց աչքի առաջ է այս ամենը տեղի ունենում, իրենց ակտիվ մասնակցությամբ են, իրենք ու իրենց սպասարկողներն են սպառողներն ու շրջանառողները, տարածողները, վաճառողները, դրանց եկամուտներից օգտվողները։

Վստա՛հ եղեք, Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին ճռճռան տեքստ կասի, կընդունեն սա օրենք ու սրանով կպայքարեն բարեխիղճ աշխատող լրատվամիջոցների դեմ , իրենք չեն պայքարելու տելեգրամյան ալիքների, յութուբյան ալիքների դեմ, որովհետև իրենք են դրանց ստեղծողները։

– Տիկի՛ն Սեյրանյան, ինչպե՞ս են սա օգտագործելու ԶԼՄ-ների դեմ։

– Սա շատ վտանգավոր միտք է, ես չեմ ասում, թե խնդիրը չկա, կա՛, բայց կան նաև օրենքներ, որոնցով կարելի է պայքարել դրանց դեմ, թող կիրառեն այդ գործիքակազմը, բայց չեն կիրառի իրենց դեմ, որովհետև այդ ամենի տարածողն էլ, խրախուսողն էլ, դրանցից օգտվողն էլ իրենք են։ Շատ լավ կարող են բացահայտել այդ տելեգրամյան ալիքները, փաստաբաններ գիտեմ, որ շատ նյութեր են ներկայացրել դատախազություն, թող պայքարեն։ Կիրառելու են բարեխիղճ լրատվամիջոցների ու անհատների դեմ, որոնք տեսակետ են արտահայտելու։

Հիմա պետք է, որ Ավինյանին շատ արագ դարձնեն քաղաքապետ, ավագանու մասին օրենքում շատ արագ փոփոխություններ են կատարում, իրենց ձեռքին է, ինչ ուզում՝ անում են։

Օրենքով իրավապահ մարմիններն ունեն այդ ամենի դեմ պայքարելու լիազորություններ, թող ոչ թե Նիկոլ Փաշինյանի տեղաշարժն ապահովեն տասնյակներով՝ բյուջեից միլիոնավոր պարգևավճարների դիմաց, այլ թող իրենց բուն անելիքով զբաղվեն և՛ ԱԱԾ-ն, և՛ ոստիկանությունը, և՛ դատախազությունը և շատ արագ կբացահայտեն նշված բոլոր հանցագործությունները։ Բայց եթե իրենք են դրանց խրախուսողն ու հովանավորողները, որովհետև որոշակի շրջանակներ միլիոնավոր դոլարների եկամուտներ ունեն, ինչպե՞ս են պայքարելու, սա ուղղակի մեդիադաշտը վերահսկելու, ազատ խոսքը սահմանափակելու գործիք է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am