«Խորհրդարանական ընդդիմությունը խորը ճգնաժամի մեջ է, չեմ բացառում, որ էլի մանդատից հրաժարվող կլինի». Արթուր Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, ձեր խմբակցության նախաձեռնությունից հետո, երբ պաշտոններից հեռացրիք Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին, ընդդիմադիր ձեր գործընկերներից մի քանիսը ևս հրաժարվեցին խորհրդարանում զբաղեցրած իրենց պաշտոններից։ Ինչպե՞ս եք գնահատում նրանց այս քայլը ու նաև ոմանց՝ մանդատներից հրաժարվելը։

 – Այստեղ հարկ է մեջբերել մի մանրապատում «Կարգին հաղորդումից», որում ասվում է՝ շե՛ֆ ջան, ոնց որ՝ լավ չէիր բացատրում։

Երկար ժամանակ է՝ մենք ասում ենք, որ այս մարդիկ չեն կատարում իրենց լիազորություններից բխող պարտականությունները, չլսեցին, չհասկացան և հեռացվեցին պաշտոններից, ինչին, բնական է, որ պետք է հետևեին իրենց մյուս անպատասխանատու գործընկերները։ Եթե խորհրդարանական ընդդիմությունը քաղաքականապես հասուն լիներ, մինչև մեր նախաձեռնությունը պետք է հրաժարվեր պաշտոններից։

– Կարծում եք՝ էլի՞ կլինեն մարդիկ, որ վայր կդնեն մանդատները։

– Կարծում եմ՝ խորհրդարանական ընդդիմությունը խոր ճգնաժամի մեջ է, չեմ բացառում, որ էլի մանդատից հրաժարվող կլինի։

– Իշխող խմբակցությունը շարունակո՞ւմ է մնալ այն կարծիքին, որ պետք է քննարկել ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցը։

– Այո՛, քանի դեռ որոշ պատգամավորներ չեն սպասարկում իրենց ընդդիմադիր մանդատը, այս թեման կլինի մեր օրակարգում։

– Այս գործընթացները խորհրդարանում ճգնաժամի չե՞ն հանգեցնի, պարո՛ն Հովհաննիսյան։

– Խորհրդարանական ճգնաժամի մասին խոսք լինել չի կարող։

– Առանց ընդդիմության մասնակցության որքանո՞վ եք արդյունավետ համարում խորհրդարանական աշխատանքը։

– Առանց այս ընդդիմության մասնակցության՝ արդյունավետ, իսկ առանց առողջ ընդդիմության, բնականաբար, բարդ է մեզ համար․ ժողովրդավար երկրին առողջ ընդդիմություն է անհրաժեշտ, և մենք ամեն բան անում ենք նոր ուժերի համար առողջ քաղաքական մթնոլորտի ձևավորման ուղղությամբ։

– Եթե հաջորդ նստաշրջանին էլ ընդդիմադիրները չգան խորհրդարան, հանրությունը պատրաստվի՞ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, թե՞ արտահերթի սցենարը բացառում է ձեր քաղաքական թիմը։

– Հայաստանում հաջորդ ընտրությունները տեղի են ունենալու 2026 թվականին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am